Որոշել են պատժել Վովա Գասպարյանին
Ուժային կառույցներում կադրային փոփոխությունների վերաբերյալ վերջին շրջանում շատ է խոսվում: Հատկապես խոսվում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության ու այդ տեղում Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի նշանակման մասին: Ի դեպ, ոստիկանապետի պաշտոնը Վ. Գասպարյանի երազանքն է:

Նախագահականի թերթի աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա օրերին սպասվում է վերջինիս հրաժարականը, սակայն ոչ այն պատճառով, որ նա զբաղեցնելու է Ալիկ Սարգսյանի տեղը, այլ որ որոշել են նրան պատժել` ուժային կառույցների, մասնավորապես Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության եւ այդ պաշտոնում իր նշանակման հավանականության մասին լուրերը մամուլում տարածելու համար:
Թերթի աղբյուրը նշում է, որ ոստիկանապետն այդ լուրերից դեպրեսիայի մեջ է ընկնում եւ ամեն ինչ անում է աթոռը պինդ պահելու համար: Դրա համար էլ հաճախ հրապարակային միջոցառումներ է կազմակերպում եւ հայտարարում, որ իր տեղն ամուր է:
Նույն աղբյուրը նշում է նաեւ, որ իր ոստիկանապետի հրաժարականը, ի տարբերություն Վովա Գասպարյանի, տեղի կունենա անհամեմատ ավելի ուշ:
Միեւնույնն է
«Չնայած որ Հայաստանի նախագահը Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունները վավարեցնալու համար ուղարկել է խորհրդարան, միեւնույնն է, մինչեւ ԼՂ հիմնախնդրի լուծումը` երկու երկրների հարաբերությւոններում առաջընթաց չի լինի»:
Ադրբեջանական «Trend News»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Թուրքիայի վարչապետի խորհրդական Գեյբուլլահ Ռամազանօղլուն Սերժ Սարգսյանի` առաջիկա օրերին արձանագրությունները խորհրդարան ներկայացնելու հրահանգին:
Ռամազանօղլուն նշել է, որ «արձանագրությունները խորհրդարան ուղարկելով` ՀՀ նախագահը ցանկանում է ճշտել, թե ինչ պատասխան քայլի կդիմի Թուրքիան», ապա ընդգծել է, որ եթե ՀՀ ԱԺ-ն նույնիսկ վավերացնի արձանագրությունները, «Անկարայի կողմից համանման քայլի կատարումը քիչ հավանական է»:
Թուրքիան «մարդ» է ուղարկում Վաշինգտոն
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի օրերս արած հայտարչարությունը, թե Թուրքիան չի վախենում որեւէ ճնշմումից` ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ որեւէ այլ երկրի կողմից, թերեւս այդքան էլ ճշմարտամոտ չէ: Անկարան հստակորեն «խառնվել է իրար», նույնիսկ այն աստիճան, որ հյա-թուրքական գործընթացների սառեցոմը բարդում են ԱՄՆ-ի վրա. հենց Դավութօղլուն խնդրեց Վաշինգտոնին` «ըմբռնումով մոտենալ Անկարային եւ չմտցնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեը Կոնգեսի օրակարգ, քանի որ դրանով ԱՄՆ-ն կխոչընդոտի հայ-թուրքական մերձեցման գործընթացին»:
Սակայն մարտի 4-ին Կոնգրեսում կքննարկվի Ցեղասպանության դատապարտման հարցը, եւ, ինչպես նկատում են ոչ միայն հայ, այլեւ օտարազգի որոշ քաղաքագետներ, բանաձեւն այս անգամ մեծ հնարավորություններ ունի ընդունվելու: Իսկ Անկարան արդեն փորձեր է ձեռնարկում կասեցնելու բանաձեւի ընդունումը:
Մասնավորապես, «Հյուրիեթ»-ի տեղեկությամբ, Հայաստանի ՍԴ-ի ընդունած փաստաթղթից «զայրացած» Անկարան պատրաստել է հատուկ փաստաթուղթ, որում նշված են թուրքական կողմի բոլոր դիրքորոշումները` ՍԴ-ի որոշման վերաբերյալ: Եվ այդ թուրքական փաստաթուղթը Վաշինգտոն կհասցնի Թուրքիայի ԱԳՆ-ի խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն:
Սակայն ինչպես բացեբաց հայտարարել է Դավիթօղլուն, իր խորհրդականը ԱՄՆ-ում միայն փաստաթուղթ չի ներկայացնելու, այելւ ներկայացնելու է Թուրքիայի դժգոհությունը Կոնգրեսից, որ օրակարգ է մտցրել ցեղասպանության հարցը: Ավելորդ չէ նշել, որ Սինիրօղլուն փետրվարի 5-ին արդեն եղել է Շվեյցարիայում, որտեղ հասցրել է ներկայացնել Անկարայի դժգոհությունները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում է «մարդիկ» ուղարկել նաեւ հայ-թուրքական գործընթացում միջնորդ երկրներ Ռուսաստան եւ Ֆրանսիա` թուրքական վերաբերմունքն արտահայտելու համար:
Ցյուրիխի դատարանը տուգանել է
Ցյուրիխի վերաքննիչ դատարանը պատժել է երեք թուրք գործչի` Հայոց ցեղասպանությունը «միջազգային պատմական սուտ» հայտարարելու համար: Նրանք տուգանվել են յուրաքանչյուրը 4 հազար 500 ֆրանկով:
Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել է
Թուրքիայի վերաբերյալ երեկ ընդունած որոշումով Եվրախորհրդարանը Անկարայից պահանջել է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու մասին արձանագրությունները վավերացնել առանց նախապայմանների:
Մերժեցին
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց ԱԱԾ քննչական գլխավոր վարչության կողմից 2009 թվականի վերջին ՔՕ 306 հոդվածի 1-ին մասով` պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով, կալանավորված ՀՀ ՊՆ շինվարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը:
Վերջիններս դատարանին միջնորդել էին, որպեսզի 2 ամիս առաջ ընդունված խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավով: Եթե դատարանը հաստատված համարի Արմեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, նրան սպասվում է առավելագույնը 4 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հորեղբոր որդին է: Ա. Սարգսյանի հրապարակած «պետական գաղտնիքը» այն է, որ նա մամուլին է փոխանցել պաշտպանության նախարարի 0038 հրամանը, որից պարզ է դառնում, որ դեռեւս 2008 թ. փետրվարի 23-ին (այսինքն` մարտի 1-ի «զանգվածային անկարգություններից» առաջ) իշխանությունը պատրաստվում էր բանակն օգտագործել ներքաղաքական խնդիրները լուծելու համար:
«Կթանկանա նաեւ էլեկտրաէներգիան»
Չնայած ապրիլի 1-ից թանկանալու է ոչ միայն բնակչությանը, այլեւ խոշոր սպառողներին մատակարարվող գազը, անցած շաբաթ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հայտարարեց, թե չի պատրաստվում էլեկտրաէներգիան թանկացնելու հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Արդյոք անտրամաբանական չէ՞, երբ Հայաստանի էլեկտրաէներգիայի մի մասը գազով է արտադրվում:
«Գործնականում տրամաբանությանը հակասող բան կա, բայց ես չեմ ուզում առաջ ընկնել եւ ասել, թե սխալ կամ ճիշտ են անում: Ես կարծում եմ, որ էլեկտրաէներգիան կթանկանա: Ժողովուրդը գազի թանկացման մտքի հետ կհաշտվի եւ ինչ-որ մի պահ էներգիայի թանկացում կլինի, բայց ես կուզենայի, որ էներգետիկներն ու գազի ոլորտի պատասխանատուները բերեին թվային հիմնավորումներ, թե ինչու են թանկացնում եւ ինչքան: Հիմնավորում ես դեռ չեմ կարդացել»,- ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Վերջին տարիներին դրամն արժեվորվել է, եւ 1 կիլովոտի համար այդ 30 դրամը դարձել էր 60 դրամ: Այնտեղ գերշահույթ էր գոյանում, բացի այդ, այնտեղ գերկորուստներ կան: Այդ պատճառով նույնիսկ էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու խնդիր կարելի էր դնել»,- ավելացրել է Բագրատյանը:
Դիմումի ժամկետը լրացել է
Երեկ երեկոյան դարձյալ սկսեցին լուրեր տարածվել, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Թերթը փորձել է այս լուրը ճշտել դատախազությանը մոտ կանգնած աղբյուրներից: Ի պատասխան` թերթի աղբյուրը փոխանցել է. «Աղվան Հովսեփյանի` աշխատանքից ազատվելու մասին դիմումի ժամկետը վաղուց ուժը կորցրած է ճանաչվել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել