HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանում հետաքննվում են բանակում կատարված սպանությունները

Սպաների սպանությունը բացահայտում է ադրբեջանական բանակում տեղ գտած բռնության ավանդույթը Ադրբեջանական բանակում շարունակվում է հետաքննությունն անցյալ ամիս կատարված սպանության դեպքի կապակցությամբ. 2 զինծառայողներ 4 սպա էին սպանել, այնուհետեւ ինքնասպան եղել: Սա ցույց է տալիս, որ ռազմական ուժերի շրջանում բռնությունը անհանգստացնող մակարդակի է հասել: Զորակոչիկներից մեկի` Էլխան Ազիզովի մայր Շովքիյա Ազիզովան հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ իր որդին ճնշման է ենթարկվել բանակում: «Ես խոսել եմ նրա հետ հեռախոսով: Նրան տանջում էին: Չգիտեմ` հատկապես ինչ են արել երեխայիս հետ: Նա անուններ չի նշել: Բայց նրան վիրավորել են: Նա ինձ խնդրեց ոչ ոքի չասել այս մասին, եւ ես հիմարի պես ենթարկվեցի»: Կազմակերպված բռնության համակարգը`«դեդովշինան», բնորոշ էր Խորհրդային բանակին եւ կոչված էր ստիպելու նորակոչիկներին ենթարկվել ավելի երկար ժամանակ ծառայած զինվորներին: Մեծահասակ զինվորները ծեծում էին երիտասարդներին`ստիպելով նրանց կատարել ամենաստորացուցիչ աշխատանքները: Չնայած այս վարվելակերպին վերջ տալու փորձերին եւ նորակոչիկներին կարգապահ դարձնելու պաշտոնապես խրախուսվող այս մեթոդից հրաժարվելուն`բռնության ավանդույթը պահպանվել է հետխորհրդային շատ երկներում, այդ թվում` Ադրբեջանում: Վկայությունների համաձայն`զինակոչիկների հարձակումները սպաների վրա անհանգստացնող հաճախականություն են ձեռք բերում: Անցյալ տարվա մայիսին 18-ամյա նորակոչիկը սպանել էր իր հրամանատարին, մեկ այլ զինծառայողի եւ ինքնասպան եղել: Մի քանի օր անց, 20-ամյա կրտսեր սերժանտը 4 զինվոր էր սպանել Գյանջա քաղաքի մոտ տեղակայված Սեյֆալի հրաձգարանում: «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումարանլիի խոսքերով`միայն հունվարին բանակը 5 զինվոր է կորցրել անհայտ հանգամանքներում: «2009-ին կորուստը կազմեց 63 զինվոր: Եւ միայն 12 հոգին էին ռազմական գործողությունների ժամանակ մահացել: Մյուսների մահվան պատճառը տարբեր հիվանդություններն են, ներառյալ`սննդային թունավորումը, ինչպես նաեւ ինքնասպանություն գործելը կամ անհայտ հանգամանքներում կյանքից զրկվելը»: Հունվարի 28-ին Ազիզովի եւ նրա մոտ ընկերոջ`Սադիգ Մամմադովի գործած հարձակման հետեւանքով այլ տուժողներ էլ են եղել. եւս երկու սպա վիրավորվել են եւ ներկայում ծանր վիճակում հիվանդանոցում են գտնվում: Ադրբեջանի ռազմական դատախազի տեղակալ Շաֆահաթ Իմրանովը նշում է, որ հանցագործության մանրամասները դեռեւս հայտնի չեն: «Ներկայում հանցագործության վայրում քննչական խումբ է գործում, սակայն դեռեւս որոշակի բացատրություն չկա տեղի ունեցածի վերաբերյալ»: Մամմադովի հայրը, սակայն, համոզված է, որ միայն որոշակի բռնությունը կարող էր իր որդուն սպանության դրդել: «Եթե զինվորը ձեռքը զենք է վերցնում ու սեփական սպաների վրա կրակում, նշանակում է`նրանք խնդիրներ են ունեցել: Դա հաստատ այդպես է», - ասում է Էթիբար Մամմադովը: IWPR-ի հետ զրույցում վետերանները հաստատեցին, որ բանակում բռնությունը սովորական երեւույթ է: Պահեստային եւ պաշտոնաթող սպաների կազմակերպության ղեկավար Յաշար Ջաֆարլին նշում է, որ դեդովշինան` որպես կարգապահության ենթարկելու մեթոդ, աստիճանաբար վերացել է, սակայն այն փոխարինվել է դաժանությամբ եւ գողություններով: «Շատ ռազմակայաններում սպաները զինվորներից եւ նրանց հարազատներից փող են վերցնում: Այն զինվորները, ովքեր չեն կարողանում ժամանակ առ ժամանակ վճարել իրենց հրամանատարներին կամ լիցքավորել նրանց հեռախոսահամարների հաշիվը, դառնում են բռնության եւ անգամ ծեծի թիրախ: Կարծում եմ`այս ողբերգությունները նման իրադրության հետեւանք են»: Վերջերս ծառայությունից վերադարձած զինծառայողներն IWPR-ին ասացին, որ իրենց դրությունը ռազմակայաններում երբեմն համարյա անտանելի էր դառնում: 22-ամյա Արիֆ Քազիմովի խոսքերով`ներկայում որոշիչ դեր ունի փողը, եւ ոչ թե պարզապես ավագությունը, ինչպես ընդունված էր Խորհրդային տարիներին: «Փող ունեցողներն են ուժեղ համարվում: Սպաները միշտ էլ զինվորներից փող են պահանջում. մեծահասակ զինվորները փող են վերցնում ավելի երիտասարդներից: Եթե փող չունես, ուրեմն պիտի տանջվես», - բացատրում է նա: «Ոչ ոքի չես կարող դիմել: Եթե ավելի բարձր հրամանատարության դիմես, դա պարզապես կհասնի քո հրամանատարներին: Իսկ դրանից հետո դրությունն ավելի է բարդանում, այդ պատճառով էլ զինվորները նախընտրում են լռել իրենց խնդիրների մասին: Հաճախ նրանք նույնիսկ իրենց ծնողներին չեն պատմում այս մասին`խուսափելով դրությունը բարդացնելուց»: Այս հանգամանքներում ադրբեջանցիներից շատերի կարեկցանքն ավելի շատ սպանությունը կատարողների կողմն էր, քան նրանց զոհերի. սա, հավանաբար բանակում ձեռք բերած սեփական փորձի արդյունքն է կամ այն, որ նրանք էլ զինծառայողների հարազատներն են: Բաքվեցի հոգեբան Ազադ Իսազադեն նշում է, որ պատկերացում չունի, թե ինչպիսի տառապանքների միջով են անցել զորակոչիկները, նման հուսահատ քայլի դիմելու համար: «Եթե զինվորները, ովքեր ընդամենը երկու-երեք ամսից պետք է տուն վերադառնան, սպանում են իրենց սպաներին` այնուհետեւ ինքնասպան լինելով, ապա սա նշանակում է, որ նրանց հուսահատության էին հասցրել: Կարելի է միայն երեւակայել, թե ինչպիսի դժոխային տառապանքների միջով են նրանք անցել: Հիմնականում ռազմակայաններում հոգեբաններ չկան, ովքեր պետք է օգնեին այս զինվորներին ժամանակին», - նշում է նա: Ջաֆարլիի խոսքերով, սակայն, ոչ բոլոր զինվորական միավորումներում նման խնդիրներ կան. սահմանապահների եւ ներքին գործերի նախարարության զինված ուժերը շատ ավելի կարգապահ են: «Անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել` բացասական զարգացումները դադարեցնելու եւ ողջ բանակում կարգուկանոն հաստատելու համար», - հավելում է նա: Պաշտոնյաների խոսքերով`հետաքննությունը շարունակվում է, հունվարի 28-ին տեղի ունեցած դեպքի կապակցությամբ տվյալ ռազմակայանում երկու սպա է ձերբակալվել: «Ինքը` նախագահն է վերահսկում այս ողբերգական դեպքի հետաքննությունը», - հավատացնում է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հրաժարվել է մեկնաբանություններ տալ դեպքի փաստերի կապակցությամբ նախքան հետաքննության ավարտը: «Պաշտպանության նախարարության եւ ռազմական տրիբունալի ներկայացուցիչներից կազմված խումբը ներքին հետաքննություն է իրականացնում: Այս ողբերգության մեղավորները հաստատապես պատիժ են կրելու», - հայտարարել է նա: Սաբուհի Մամմադլի, Բաքու Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter