Պաշտպանական համագործակցության համաձայնագիր` Հայաստանի և Ֆրանսիայի միջև
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում երեկ նա հանդիպել է իր ֆրանցիացի գործընկերոջ` Էղվե Մողենին: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցրեր, ներկայացրել են տեսակետներ տարածաշրջանային, եվրոպական և միջազգային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ, անդրադարձել հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքներին, համագործակցության հեռանկարներին:
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Ս. Օհանյանը հրավիրել է ֆրանսիացի իր գործընկերոջը պաշտոնական այցով ժամանել Հայաստան:
Բանակցություններից հետո երկու պետությունների պաշտպանության նախարարները ստորագրել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև ռազմական համագործակցության ծավալման համար: Ստորագրման արարողության ավարտին կազմակերպված պաշտոնական ընդունելության ընթացքում ելույթներ են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները:
Ս. Օհանյանը և Է. Մողենը կարևորել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ֆրանսիա և ստորագրված համագործակցության փաստաթուղթը, ընդգծել են ֆրանսահայության դերը երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության զարգացման գործում:
Նույն օրը Սեյրան Օհանյանին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեն: Քննարկվել են պաշտպանական ոլորտում ընթացող բարեփոխումները, կարևորվել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և օրենսդիր մարմնի վերահսկողության մեխանիզմերի զարգացումն ու ամրապնդումը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ:
Պաշտպանության նախարար Օհանյանը նախօրեին եղել է նաև Եվրոպայի հնագույն և առաջատար ռազմակրթական հաստատություններից մեկում` Ֆրանսիայի պաշտպանության միացյալ քոլեջում, որտեղ հայկական պատվիրակությանը ներկայացվել են Ֆրանիսայի զինված ուժերի ռազմական բարձրագույն կրթության համակարգը, ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդաբանությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը այցելել է նաև Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր Տաճար, հանդիպել հոգևորականներին և ֆրանսահայության ներկայացուցիչներին:
Ողջույնի խոսքում Ս. Օհանյանը կարևորել է հավատքի և Հայ Առաքելական եկեղեցու դերը ՀՀ բանակաշինության և զինծառայողի մարտական ոգին կերտելու ու դաստիարակելու գործում: Հոգևորականների և հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ Ս. Օհանյանը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին:
Նույն օրը հայկական պատվիրակության մասնակցությամբ ծաղկեպսակների դրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ազատության և անկախության պայքարում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող Մոնտ Վալերիենի հուշահամալիրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել