HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ

Կստեղծվի հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը նախօրեին երկօրյա այցով ժամանել է Վարշավա: Այցի առաջին օրը փոխնախարարը հանդիպել է Լեհաստանի տնտեսության փոխնախարար, ԵՄ-ի հետ Լեհաստանի տնտեսական համագործակցության պատասխանատու Մարչին Կորոլեցին: Կողմերն ընդգծել են հայ-լեհական տնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը եւ միջկառավարական հանձնաժողովի ձեւաչափով այն համակարգելու կարեւորությունը: Կ. Ղազինյանը տեղեկացրել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերված համաձայնությունների մասին, որոնց խթանմանը մեծապես կարող է նպաստել ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը: Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ` փոխնախարարը կարեւորել է նշված ծրագրի շրջանակներում «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները: Դրան ի պատասխան, Լեհաստանի Տնտեսության փոխնախարարը առաջարկել է հայկական կողմին Լեհաստանի փորձագիտական աջակցությունը փաստաթղթերի մշակման գործում: Դրական արձագանքելով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմի առաջարկին, լեհական կողմն առաջարկել է այս տարվա ընթացքում Երեւանում հրավիրել հանձնաժողովի անդրանիկ նիստը` նկատի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ նիստը կարող է հրավիրվել 2011 թվականին Վարշավայում, երբ Լեհաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը: Նույն օրը Կարինե Ղազինյանը Լեհաստանի Սեյմում հանդիպել է Լեհաստանի Սեյմի եւ Սենատի Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը մանրամասնորեն ներկայացրել է անցած ժամանակաշրջանում խմբի կատարած աշխատանքները` կարեւորելով Հայաստանի խորհրդարանի հայ-լեհական պատգամավորական խմբի հրավերով մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի նշանակությունը: Կողմերն ընդգծել են միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Լեհաստանի պատվիրակությունների միջեւ համագործակցության սերտացման կարեւորությունը: Փոխնախարար Ղազինյանը պատասխանել է լեհ պատգամավորների հարցերին` պարզաբանելով հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրներ: Պատգամավորական խմբի անդամները նշել են, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի 2010թ. Հայաստան կատարելիք այցը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, լեհ եւ հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար: Լեհաստանի Սեյմում տեղի է ունել նաեւ հանդիպում ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Տոմաշ Լենզի հետ: Զրույցի ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել են ԱԳ ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter