Հայտնաբերվել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի թմրանյութ
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի «Ափիոն» եւ «Հերոին» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք: Փետրվարի 8-ին Արտաշատ-Երեւան մայրուղուց բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ քուրդ Հուսեին Մոհամանդ Ամին Կալեկանի Տազեհ Կանդը, որի գտնված ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4,750 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:
Նույն օրը ձերբակալվել է նաեւ ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Հովհաննես Դավթյանը, ում կողմից վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի՝ 08ՍՏ705 պետհամարանիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 7 կգ հերոին տեսակի թմրամիջոց՝ թվով 9 հատ նկարների փայտյա շրջանակների մեջ:
Առանձնապես խոշոր չափերի՝ նշված խմբաքանակի թմրամիջոցներն իրացնելու նպատակով ձեռք բերումը բացահայտվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ՝ Հովսեփ Տերտերյանի կողմից Երեւան քաղաքի բնակիչ Ռ. Մարտիրոսյանին, Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ Ն. Մկրտչյանի 15-ական գրամ ափիոն տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու արդյունքում:
Քննությամբ բացահայտվել եւ ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակի հասնող անձինք՝ սկսած օգտագործողներից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող խմբաքանակի իրացնողներ:
«Հարկ է նշել, որ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է նախադեպը չունեցող քանակությամբ հերոին տեսակի թմրամիջոց, որը Հայաստան է տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատմամբ: Հայտնաբերված հերոին եւ ափիոն տեսակի թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար»,- տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել