HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Այս տարի էլ կբացվեն նոր դպրոցներ ու մանկապարտեզներ

Կրթության եւ գիտության ոլորտում 2009 թվականին կատարած աշխատանքներն է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: Նրա խոսքերով` ոլորտին պետբյուջեից հատկացվել էր 9 մլրդ 300 մլն դրամ, որի շրջանակներում էլ կարողացել են իրականացնել նախանշված ծրագրերը: Նույն գումարն է նախատեսվում նաեւ այս տարի, ինչը, ըստ նախարարի, նույնպես թույլ կտա կյանքի կոչել բոլոր ծրագրերը:

Այս տարի նախադպրոցական ոլորտին կհատկացվի նախորդ տարվա համեմատ 150 մլն դրամ ավել գումար` նոր մանկապարտեզների բացման համար: Խորհրդային տարիներին 100 մանկապարտեզ ունեցող Ղարաբաղում այսօր կա 23 պետական մանկապարտեզ, որոնցից 18-ը բացվել է վերջին 2 տարում: Առաջին մանկապարտեզը բացվել է 2001 թվականին, իսկ 4-ը` 2007-ին:

«Այս տարի նախատեսվում է մանկապարտեզներ բացել Ստեփանակերտում /թիվ 2/, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Կպետականացվեն նաեւ Ասկերանի շրջանի Այգեստան, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղերի մանկապարտեզները»,-տեղեկացրել է նախարարը:

Նա նաեւ ավելացրել է, որ հնարավոր է մանկապարտեզներ բացվեն Մարտունու շրջանի Գիշի եւ Խնուշինակ համայնքներում: Անդրադառնալով նախադպրոցական հիմնարկների աշխատողների վերապատրաստմանը, նախարարը վստահեցրեց, որ ընթացիկ տարում նույնպես ուշադրություն կդարձվի այդ հարցին: Անցած տարի վերապատրաստում են անցել նշված հիմնարկների տնօրենները, իսկ այս տարի հերթը կհասնի նաեւ մյուս աշխատողներին: Խոսելով հանրակրթական ոլորտում կատարված աշխատանքների մասին, նախարարը տեղեկացրել է, որ արցախյան պատերազմից հետո ընդհանուր առմամբ վերանորոգվել եւ վերակառուցվել է 63 դպրոցական շենք, իսկ կառուցվել` 61 նորը:

Այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի թիվ 1, 6 եւ 11 դպրոցներում, Մարտակերտի շրջանի Վաղուհաս եւ Հարությունագոմեր, Ասկերանի շրջանի Նորագյուղ եւ Մարտունու շրջանի Գիշի եւ Ճարտար համայնքներում: Օրակարգից հանված կարելի է համարել դպրոցների գույքի հարցը: Նախարարի հավաստմամբ` թյուրիմացության պատճառով գույքի ապահովումից դուրս էին մնացել միայն Մարտունու Նոր շեն եւ Մաճկալաշեն գյուղերի դպրոցները, որոնք գույքը կստանան այս տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter