
Երիտասարդ կնոջ մահվան պատճառ դարձած գինեկոլոգը բողոքում է
40 տարվա մանկաբարձ-գինեկոլոգի սխալ ներարկման պատճառով մեկ տարի առաջ 37-ամյա մի կին էր մահացել` որբ թողնելով 4 զավականերին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանի, հուլիսի 25-ին լսվեց Ֆուրման Մադոյանի գործը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
1942թ-ին ծնված, բարձրագույն բժշկական կրթությամբ, Հայաստանի տարբեր բուժհիմնարկներում, Ղազախստանում, Մոսկվայում, Աֆրիկայում աշխատած, թվում է, թե իրապես բազմափորձ բժիշկը 2010թ-ի հունիսի 18-ին իր օգնությանը դիմած Էլմիրա Եղոյանին առանց անհրաժեշտության, արգանդի վզիկից քսուք վերցնելու նպատակով ներարկել էր «Լիդոկային» տեսակի դեղամիջոց, որից հիվանդն ընկել էր անաֆիլակտիկ շոկի մեջ եւ գիտակցության չգալով մահացել:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. օգոստոսի 2-ին հիմնավորված էր համարել Գյումրի քաղաքի թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգին առաջադրված մեղադրանքը, նրան հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով' 2 տարի ժամկետով զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: ՀՀ ԱԺ 25.06.2011թ. համաներում հայտարարելու մասին որոշման 2-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերի համաձայն' Ֆ. Մադոյանն ազատվել էր ազատազրկման ձեւով նշանակված հիմնական պատժից, սակայն 2 տարով զրկվել էր բժշկական գործունեւություն իրակաանցնելու իրավունքից:
«Հետքի» տեղեկություններով, երիտասարդ կնոջ մահվան պատճառ դարձած 69-ամյա բժիշկը, շատ խիստ գնահատելով առաջին ատյանի դատարանի վճիռը, դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: Ըստ Մադոյանի' ինքը դեռ կարող է աշխատել համակարգում եւ խնդրել է վերաքննիչ ատյանից վերանայել դատավոր Էդվարդ Մանուկյանի վճիռը:
Մեկնաբանել