
«Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ փորձագետ Արա Զոհրաբյանը նշեց, որ հաճախ կոռուպցիայի դեմ պայքարի մասին տարբեր ամբիոններից բարձրաձայն խոսելն էլ իր վատ հետևանքներն է բերում: Դա հակառակ ազդեցությունն է ունենում.
«Օրինակ, դատախազը, որպեսզի ապացուցի, որ ինքը կոռուպցիայի հետ որևէ առնչություն չունի, փորձում է մեղադրյալին առաջադրված մեղադրանքը մաքսիմումով ուղարկել դատարան: Ոչ թե այդպես պետք է լինի, այլ մենք պետք է փորձենք ճիշտ պայքարել կոռուպցիայի դեմ: Մինչդեռ սա կոռուպցիայի դեմ պայքար չէ: Այս ծրագրի շրջանակներում պետք է գլոբալ խնդիրների անդրադառնալ»,- ասաց նա:
Հայաստանի PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանն էլ նշեց, որ ցանկացած սոցիալական վարքագիծ փոփոխելու համար առաջին հերթին պետք է փոփոխել գիտակցությունը: «Մի շարք չափանիշներ կարող ենք առաջ բերել, բայց ի վերջո որևէ մեկը մեզ ճշգրիտ տվյալներ չի տա` ինչը կոնկրետ օգուտ բերեց, կամ չբերեց»,- ասաց նա:
Փորձագետ Ա. Զոհրաբյանի կարծիքով էլ` շատ կարևոր է անձի իրավագիտակցությունը. երբ անձն իր իրավունքները չի գիտակցում, հակվում է կոռուպցիայի:
«Կարևոր է նաև անձի սոցիալ-տնտեսական վիճակը: Օրինակ, դատավորին երբ ցածր աշխատավարձ ես տալիս, որոշ ժամանակ անց նա սկսում է զարտուղի ճանապարհներով փող աշխատել: Եթե կոռուպցիայի հետևանքները չվերացնենք, ուղղակի ոչնչի չենք հասնի: Իսկ դրա համար պետք են գրագետ կադրեր: Մեր պետության խնդիրն այն է, որ մենք կոմպետենտ կադրեր չունենք` սկսած տաքսու վարորդներից մինչև այլ մասնագետները: Պետք է նորմալ աշխատավարձ ու նորմալ սոցիալական պայմաններ ապահովել: Անձը պետք է նաև վախենա պատժվելուց»,- այս ամենն իրականացնելու հետո, Ա. Զոհրաբյանի խոսքով` կապրենք այն Հայաստանում, որը ցույց է տալիս հեռուստատեսությունը:
Փորձագետի կարծիքով` ներկայումս դատական համակարգում դրական տեղաշարժ կա: Իսկ ահա անկում նա նկատել է 2008թ. մարտի 1-ից հետո: «Այդ դատավարությունների ժամանակ դատական համակարգը իրոք ցնցում ապրեց, սակայն հիմա կարծես թե կանգնել է ու դեպի վերև է փորձում շարժվել: Մեզ մոտ ընդհանրապես ղեկավարվում են մեղավորության կանխավարկածով: Այնինչ ավելի լավ է 10 մեղավոր դրսում մնա, քան մեկ անմեղ` ներսում: Եթե բավարար ապացույց չունես, պիտի չմեղադրես»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել