
«Ես տեսել եմ կոտրած լապտերներ: Ուշադիր նայելով` հասկացա, որ յուրաքանչյուր կոտրած լապտի կողքին նոր կտրած ծառերի կոճղեր կան»: Այս ահազանգը հնչեցրեց Հայաստանում «National Geographic Traveler» ամսագրի հրատարակիչ Տիգրան Մանգասարյանը:
Նա ամեն առավոտն ընկերների հետ գնում է Ծիծեռնակաբերդ: Վերջին օրերին նրա ուշադրությունը գրավել են Եղեռնի զոհերի հուշահամալիր տանող ճանապարհի երկարությամբ կոտրած լապտերները:
«Ճանապարհի երկարությամբ ես տեսա մի քանի տասնյակ կոճղեր եւ ոտքերով հանգցրած խարույկ: Ուրիշ ոչինչ չկար, ո’չ ընկած ճյուղ, ո’չ թեփ, ոչինչ: Տպավորություն կար, որ գիշերվա մթության մեջ ինչ-որ մեկը ծառեր է հատում, տանում եւ խնամքով թաքցնում հետքերն իր հետեւից: Ահա թե որտեղից են կոտրած լապտերները, որպեսզի ոչ ոք չտեսնի»,- ասաց Տիգրան Մանգասարյանը:
Տիգրան Մանգասարյանի նկարած լուսանկարներում հստակորեն երեւում են այդ հանցագործության բոլոր հետքերը: Այս նյութը միաժամանակ թեժ գծով ահազանգ է ՀՀ բնապահպանության նախարարությանը: Մենք կարծում ենք, որ նախարարությունը` ի դեմս բնապահպանական պետական տեսչության, պետք է քննի այս դեպքը եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկի:
«ԷկոԼուր» ՀԿ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել