HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ժիրայր Սեֆիլյանի համար նոր խոչընդոտ` ՀՀ քաղաքացիություն ստանալու ճանապարհին

«Ամենակարևորն այն է, որ ես այստեղ եմ, այստեղ էլ մնալու եմ: Եվ այդ պատճառով արդեն 10-րդ տարին է, ես երկրից դուրս չեմ գալիս` իմանալով, որ դուրս գալուց հետո ինձ թույլ չեն տալու` հետ մտնեմ: Ես էլ, ոչինչ, կզրկվեմ գնալուց, իմ հարազատներին պարբերաբար տեսնելուց. նրանք կգան»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը` մեկնաբանելով իրեն ՀՀ քաղաքացիություն չտալու խնդիրը: Նա նշեց, որ քաղաքացիություն ստանալու նրա դիմումները 2 անգամ մերժվել են Ռոբերտ Քոչարյանի և մի անգամ` Սերժ Սարգսյանի օրոք: Ըստ կարգի` նորից դիմելու իրավունք կա վերջին մերժումից մեկ տարի հետո միայն: Քանի որ Ժիրայր Սեֆիլյանի ստացած վերջին մերժումից արդեն մեկ տարի անցել է, օրեր առաջ նրա ներկայացուցիչը հետաքրքրվել է նորից դիմում ներկայացնելու հարցով, և պարզել, որ նոր խոչընդոտ է առաջացել, որի հետևանքով Ժիրայր Սեֆիլյանը չի կարողանա անգամ դիմում ներկայացնել: «Երբ ես ազատվեցի բանտարկությունից, ազատության մեջ գտնվելուց օրեր անց նորից դիմել էի: Երբ մերժումը ստացանք ամիսներ անց, ես ստիպված եղա կացության վիճակս օրինականացնել` դիմելով 10 տարվա կացության (արտասահմանցիների համար այսպիսի կարգ կա Հայաստանում): Դա նույնպես մերժվեց շաբաթներ անց: Ստիպված եղա դիմելու մի տարի կացության կարգավիճակ ձգձգելու: Դա նույնպես մերժվեց: Եվ այսօր ես արդեն, ըստ էության, ապօրինաբար եմ գտնվում Հայաստանում: Իմիջիայլոց, դա նոր չէ` արդեն 8-9-րդ տարին է: Սակայն նորությունը այն է, որ նրանք այս անգամ ասում են, որ «Դուք կարող եք դիմում ներկայացնել, երբ Ձեր կացության կարգավիճակը օրինական լինի»»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նա հավելեց, որ առաջիկա օրերին իր փաստաբաններին խնդրելու է պարզել, թե ինչ լուծում կարելի է գտնել նման իրավիճակում: Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրեն քաղաքացիություն չտալը քաղաքական դրդապատճառներ ունի և ոչ միայն: «Ես նաև կուզեի սա չանձնավորել. սա իմ անձնական խնդիրը չէ, սա նաև շատ լուրջ ազգային խնդիր է, որ ցույց է տալիս, որ մենք ինչքան հեռացել ենք մեր ազգի իղձերից, երազներից և այլն»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը` հավելելով, որ ինքը Հայաստանում է մնալու մինչև այսօրվա իշխանությունների հեռանալը: Նա նշեց, որ չի պատրաստվում իրեն քաղաքացիություն չտրամադրելու հարցով դիմել Եվրադատարան կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որևէ այլ կառույց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter