HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալի բաց նամակը` նախագահ Սարգսյանին

Պատից թե՛ այս, թե ՛այն կողմ բոլորս էլ ապրում ենք… ապրում մինչև մահ: Խնդիրն ազատությա՛ն մեջ է…

Ժողովրդի կողմից ընտրված մարդիկ Ազգային Ժողովում օրենքներ են գրում թղթերի վրա, հետո նույն այդ ժողովրդի կողմից ընտրվածները այդ օրենքներին ուժ են տալիս…

Ի՞նչ է նշանակում այդ ուժ տալը, եթե իրական կյանքում շատ օրենքներ այդպես էլ կիրառություն չեն ստանում:

Միջին ու ավագ սերնդին լավ հայտնի է նախորդ դարի 90-ականների Հայաստանը պատից այն կողմ, իսկ պատից ա՞յս կողմ…

Հայաստանը մորատորիում էր հայտարարել 1991 թ-ին. դա նշանակում էր, որ մահապատիժը մեր երկրում չէր իրականացվում, մինչդեռ… այն պարզապես գնդակահարությամբ չէր ի կատար ածվում, այլ…

Հասարակության անունից պետությունն այլ տարբերակով էր սպանում պատից այս կողմ, այնտեղ, որտեղից հիմա ես եմ գրում:

1997 թվին «Նուբարաշեն» մեկուսարանի 5-րդ հարկում 5 խցերում պահվում էին 24 մահապարտներ: Մի օր առավոտյան մոտեցող աղմուկի ձայներ լսվեցին: Քիչ անց մահապատժի դատապարտվածների դիմաց դիմակավորներ էին կանգնած` մահակներով զինված: Դեռ դուռը չբացած`գոռացին. «Բոլորդ շարվեք պատի տակ` դեմքով դեպի պատը»:

Մահապատժի դատապարտվածներից շատերը դեռ քնած էին և միանգամից չհասկացան` ինչ է կատարվում: Իմ հետ միասին ևս երեքը կային խցում:  Աչքի պոչով նայում էինք: Դիմակավորներից մեկը մոտեցավ ու կողքիս կանգնած մոտ 60 տարեկան մահապարտի գլխին ամբողջ ուժով մահակով խփեց. «Քեզ չասեցի՞ն պատին նայի»: Դիմակավորը գոռում էր ու շարունակում արդեն գետնին ընկած մարդուն ոտքերով խփել:

Միայն մեկն էր առանց դիմակի`համազգեստով ու գնդապետի ուսադիրներով: Երբ ներս էին մտնում, նկատեցի, որ նրա մոտ ատրճանակ կար:

-Հիմա ինձ լսեք. էսօր, հենց ստեղ էլ ձեզ գնդակահարելու ենք: Թե ուզում եք` աղոթե՛ք, մի՛ րոպե ունեք:

Մի ամբողջ րոպե…ի՞նչ անել…աղոթե՞լ, թե՞…

Նույնը կատարվում էր մահապարտների մյուս խցերում: Տարիքով մահապարտներից մեկը վախից տակն էր թրջել, մյուսը` ծնկի էր իջել, խնդրում էր իրեն չսպանել, ջահելներից մեկը հայհոյում էր դիմակավորներին: Բոլոր մահապարտներին մոտ երկու ժամ դաժանաբար ծեծում էին` մահակներով, ոտքերով, ձեռքերով: Խցի հատակը արյունոտ էր…

Այս ջարդից հետո, մոտակա ամիսներին մահացավ ևս չորս մահապարտ: Ժամանակ առ ժամանակ ջարդերը շարունակվում էին և անմարդկային պայմանների հետ միասին` սով, արևի լույսի բացակայություն, սառնամանիք ու ահավոր տոթ, մահապատժի վճիռները իրականացվում էին այս կերպ:

Վերադառնանք մեր օրերը: 2011 թ-ի մայիսի 23-ին ԱԺ-ում ընդունվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Կարդացեք ներքևում գրված ՀՀ նախագահին ուղղված դիմումը և պարզ կդառնա` խոսքն ինչի մասին է:

Վերջերս ցմահ դատապարտյալ Էմիլ Վերդյանը հացադուլ հայտարարեց ի նշան բողոքի, որ ցմահների գործերի պատշաճ վերանայում սկսվի հիշյալ փոփոխությունների շրջանակներում: Նա հեռու գնաց և անգամ երակները կտրեց:

Օրերս ևս երեք մարդ դատապարտվեց ցմահ ազատազրկման, և այժմ Հայաստանում 100-ից ավելի ցմահ դատապարտյալ ունենք:

Թե ինչու էին 90-ականներին նման հարցերը լուծվում օրենքին հակառակ, մեր հասարակությունն արդեն գիտի: Իսկ ինչպե՞ս են այսօր հարցերը լուծվում, ինչպե՞ս են իրականացվում ընդունվող օրենքները մեր անկախ Հայաստանում:

Հարգարժան ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյան

Հայաստանի դատաիրավական համակարգն արդեն 19 տարի բարեփոխումների է ենթարկվում, սակայն նույն այդ բարեփոխումների համատեքստում անկախ Հայաստանի դատական «կենսագրության» մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերի վերանայման նախադեպ: Դատական սխալների հավանականությունն ընդունում են անգամ ամենազարգացած երկրներում, որտեղ պարբերաբար կատարելագործվում են դատական համակարգերը: Արդյունքում` վերաբացվում են տասնյակ գործեր, և շատ ցմահ կամ մահվան դատապարտվածներ հաճախ ճանաչվում են անմեղ կամ մեղմացվում են նրանց պատժաչափերը:

Ինչո՞ւ Հայաստանում մեր արդարադատությունը, դատաիրավական համակարգը չեն ընդունում դատական սխալների հավանականությունը և չեն անդրադառնում դրանց սխալներին ու հետևանքներին:

Մտահոգիչ է, որ փոքրաքանակ բնակչություն ունեցող Հայաստանում 100 ցմահ դատապարտյալ կա, իսկ 17-ն արդեն մահացել են երկար  տարիներ անմարդկային պայմաններում գոյատևելուց հետո:

Անդրադառնալով Ռ.Քոչարյանի կողմից իրականացված ներմանը` ակնառու է մեկ հանգամանք, որի մասին ժամանակին և մինչ օրս էլ բարձրաձայնում են իրավաբաններ, իրավապաշտպան կազմակերպություններ. այն է` ՀՀ նախագահի սահմանադրական բացառիկ իրավունքն է ներում շնորհել ցանկացած դատապարտյալի, սակայն պատժաչափ փոխելու լիազորությունը դատարանին է: Իսկ ներման դեպքում, իրավաբանական հայտնի դրույթի համաձայն, որպես մեղմացում նախկին մահապարտներին պետք է տրվեր քրեական գործերի անհատական վերանայման հնարավորություն և տրվեր նախկին Քր.Օր.-ով առավելագույն համարվող պատժաչափը, այն է` 15տարի:

2010թ-ին ՀՀ Գլխավոր դատախազը «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծ ներկայացրեց, որն արժանացավ Կառավարության հավանությանը: Այս տարվա մայիսի 23-ին այն ընդունվեց ԱԺ-ի և վավերացվեց ՀՀ նախագահի կողմից: Փոփոխությամբ 104-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկում է սահմանված 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Փոփոխությունը հիմնավորված է նրանով, որ հանրապետությունում վերջին տարիներին կատարված սպանությունների և դրանցով դատարանների կողմից կայացված դատավճիռների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց միաժամանակ 15 տարի ազատազրկումն էլ մեղմ պատիժ է: Օրենքի փոփոխությամբ առավելագույն պատժաչափ է սահմանվել 20 տարին` նախկին 15-ի փոխարեն:

Օրենքի այս փոփոխությունը ներկայիս ցմահ դատապարտվածների համար միանշանակ մեղմացում է. փաստում են մի շարք իրավաբաններ: Եվ քանի որ, ըստ Քր.Դատ. Օր.-ի հայտնի դրույթի, մեղմացնող օրենքները հետադարձ ուժ ունեն, հետևաբար այս պրոցեսին պիտի հետևի գործերի վերանայում: Տրամաբանությունն, ըստ մասնագետների, հետևյալն է. եթե ներկայիս ցմահ դատապարտյալները, որոնցից 38-ը նախկին մահապարտներ են, դատապարտվեին մեր օրերում, միգուցե նրանց արարքին համարժեք լիներ ոչ թե ցմահ ազատազրկումը, այլ 16,17…, այսինքն` մինչև 20 տարի ազատազրկում, ինչպես և նախատեսում է ներկայիս օրենքը:

Արդյո՞ք արդարացի է, երբ Հայաստանում մահապատժի, իսկ հետո ցմահ ազատազրկման են դատապարտում ինձ` 20 տարեկան երիտասարդիս, ով իրական մարդասպանի կեղծ ցուցմունքների  հիման վրա մեղադրվեց մեկ մարդու սպանության մեջ և 1996 թ-ին դատապարտվեց մահապատժի, և նույն պատժին`ցմահ ազատազրկման են ենթարկվում նաև բազմակի դատվածություններ ունեցող, բազմաթիվ սպանություններ, ահաբեկչություն կատարած անձինք:

Իրական մարդասպանը 15 տարի, չնայած գաղութում, բաց երկնքի տակ և հողի վրա քայլերով անցկացնելուց հետո արդեն ազատության մեջ է: Իսկ ես 16-րդ տարին է` բանտի խցի երկաթբետոնե պատերի մեջ տառապում եմ չարած հանցանքի համար: 

Հարգարժան ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյան, իմ քրեական գործի վերանայման խնդրանքով այս 16 տարիներին իմ ընտանիքը և անձամբ ես բազմաթիվ դիմումներ ենք ուղղել ՀՀ բոլոր նախագահներին, տարբեր իրավասու ատյաններ` գործի վերանայման խնդրանքով, սակայն անարդյունք: Տրվում էր ստանդարտ պատասխան` անհրաժեշտ են նոր ի հայտ եկած հանգամանքներ: Իսկ այժմ, օրենքի փոփոխությամբ, առաջացել է գործի վերանայման բացառիկ հնարավորություն:

Մեծարգո նախագահ Սերժ Սարգսյան, դիմում եմ Ձեզ խնդրանքով, որպեսզի վերանայվի իմ քրեական գործը և նշանակվի իմ արարքին համարժեք պատժաչափ:

Հարգանքով` Մհեր Դավթի Ենոքյան

«Նուբարաշեն»  ՔԿՀ

Հ.Գ. Բաց նամակով հանդես գալուս պատճառն այն է, որ արդեն 16-րդ տարին իմ ու իմ ընտանիքի կողմից ՀՀ բոլոր երեք նախագահներին ուղղված դիմումները հասցեատերերին այդպես էլ չեն հասնում:  

Մեկնաբանություններ (2)

Գոհար, զինվորի մայր
Սեպտեմբերի 11-ին Արմավիրի մարզի Նալբանդյան գյում էինք, մասնակցում էինք Խաչվերացի տոնին, սեղանի շուրջ ուսուցիչներ էին ու ես հետաքրքրվեցի վերջին ց'մահ դատապարտված, 4 զինվորի կյանք խլած Հազրեյանով, թե նման արարքը սպասելի էր նրանից? Նրան դասավանդած բոլոր ուսուցիչներն ու նրան ճանաչողները ոչ թե լավ, այլ գերազանց բնաթագրեցին նրան, որ երբեք դաս չէր խանգարի,երբեք քաշքշուկների մեջ չէիր տեսնի նրան, մեծի ու փոքրի նկատմամբ հարգալից էր,բանակում նրան շարունակ նվաստացրել են ու...կողքի գյուղից էլ հետը ծառայողներ են եղել...
sergik
verjers mi haghortum ei najum , te nerkayis gitutyan zargazman hetevanqov amerikayum nman datapartvazneri gorzeri veranayman ardyunqum inchqan mard e ardarazvel u parzvel,vor lriv anmegh mardu en datapartel, hatkapes DNT-i analizneri mijozov... bayz hamozvaz em,vor draniz mer petutyune shat heruya..es erkire chi karoghanum hasarak hashmandami, qaghaqazu, toshakarui ......harz luzel, karzum eq ir hamar nor khndirner ksteghzi? shat em zavum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter