Ժիրայր Սեֆիլյան. «Մենք չենք հարմարվելու այս իրավիճակին»
Արցախի հարցում «Սարդարապատ» շարժման փոխզիջումը ստատուս քվոյի պահպանումն է: Այսօր ստատուս քվոն ստանում է նաև կարգավիճակի կշիռ, օրինակ` վերջին ամիսներին մանավանդ օտար փորձագետները սկսել են շեշտել, որ ստատուս քվոն էլ է կարգավիճակ, ինչպես այսօրվա Կիպրոսում: «Սարդարապատ» շարժման մեջ ընդգրկվելու են այն հայ մարդիկ, ովքեր ստատուս քվոյի պահպանմանը դեմ չեն: Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:
«Մեր քաղաքական դաշտում հիմնականում լիբերալ մտածող գործիչների մոտ չգիտես ինչու երկար տարիներ տպավորություն կար, որ անպայման պետք է մի բան զիջենք: Ես այսօր նաև այդ մարդկանց մոտ փոփոխություն եմ տեսնում և արժանավոր մարդկանց մոտ, որը ինձ ուրախացնում է: Այսօր էլ մենք աշխատում ենք, շփման մեջ ենք տարբեր գործիչների հետ, և մենք գալու ենք ընդհանուր հայտարարի` ստատուս քվոյի պահպանման շուրջ: Ոչ մի զիջում` ինչ՞ մասին է խոսքը»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքերով` այսօր Հայաստանում պետական բոլոր ինտիտուտները շեղված են իրենց առաքելությունից, և երկրում իշխում է միայն մեկ գլխավոր արժեք` փող, նյութ: Բոլորի աշխատանքի և անգամ շնչելու նպատակը շատ փող ունենալն է: Ժիրայր Սեֆիլյանը նշում է, որ նյութը հնարավոր չէ վերացնել, քանի որ անհրաժեշտ է ապրելու համար: Սակայն եթե նյութապաշտությունը առաջիկա տարիներին Հայաստանում չներդաշնակվի հոգևոր արժեքների հետ, ապա մենք կորած ենք բառի բուն իմաստով: Այդ իսկ պատճառով «Սարդարապատ» շարժումը խոսում է ոչ թե պարզապես իշխանափոխության, այլ որակական փոփոխության մասին:
««Սարդարապատ» նախաձեռնությունը այս նպատակի համար է ծնված: Մենք ձևավորելու ենք մի նոր դաշտ, մի նոր համակարգ այս աղբանոցից, այս ճահճից դուրս: Այսօր ամբողջ քաղաքական դաշտը կարելի է համարել ճահիճ. այս ճահճում որևէ լուծում փնտրել հնարավոր չէ` ոչ իշխանական ճամբարում, ոչ ձևավորված ընդդիմադիր ճամբարում: Պետք է ձևավորել նոր համակարգ` իմ ասածի մոտ արժեքներով` առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու, և այդ համակարգը ձևավորելուց հետո հայտ ներկայացնել մեր ժողովրդին, որ «ժողովուրդ, պատրաստվեք` մենք եկել ենք իշխանությունը վերցնելու»: Սակայն դրան պետք է պատրաստվել, որ ժողովուրդը հավատա: Այսօր որևէ մի քաղաքական ուժի հետևից ժողովուրդը ամբողջապես պատրաստ չէ գնալու: Սա է մեր ցավը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
«Նոր շարժում նախաձեռնելը նշանակո՞ւմ է, որ վերջնականապես հիասթափվել եք Կոնգրեսից»,- հարցրեց լրագրողներից մեկը: Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ կարող էր, արեց, ինչ կարողանում է, անում է և անելու է: Կոնգրեսի գործունեության փիլիսոփայությունն է անել այն, ինչ կարող են:
«Մենք խնդիր չունենք պարտադրելու Կոնգրեսին, որ «դուք այսպես արեք»: Եթե մեր ուզածը նրանք չեն անում, չի նշանակում, որ մենք նրանց պիտի ասենք` «դուք գործ չունեք»: Մենք փորձելու ենք դա անել: Մեզ հաջողվեց` ես վստահ եմ, որ նրանք աջակցողի դերում կլինեն: Իրենց հաջողվի` մենք կաջակցենք: Կարևորը` այսօր մենք խնդիր ենք դրել այս վիճակից դուրս գալու: Մենք չենք հարմարվելու այս իրավիճակին: Մենք չենք ձևավորում այն ուժը, որը հերթական ընտրությունների մասնակցելու է` ի տարբերություն մնացած բոլոր ուժերի: Հույս փայփայել, որ ընտրություններով մեր երկրում փոփոխություն լինի, ուղղակի ծիծաղելի է արդեն: Եվ ես կարծում եմ, որ մեր ժողովրդի զգալի մասը այս իմաստով մեր կարծիքին է»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իրոք մե՞ծ է Արցախում պատերազմի վերսկսման հավանականությունը, ինչպես նշում են արևմտյան փորձագետները` Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ Արևմուտքի կողմից պատերազմի հավանական վերսկսման մասին խոսակցությունները ճնշման միջոց են մերթ Ադրբեջանի, մերթ Թուրքիայի և մերթ Հայաստանի վրա: Սակայն Հայաստանի վրա լուրջ ճնշում չկա, քանի որ բանախոսի գնահատմամբ` Հայաստանը, դժբախտաբար, արդեն գործոն չէ, և բոլորին ասում է` այո:
«Եթե Ղարաբաղյան պատերազմը վերսկսվի, Դուք` որպես ազատամարտիկ, պատրա՞ստ եք նորից զենք վերցնել և պաշտպանել երկիրը, եթե լինեն այս, Ձեր կողմից ավազակաբարո անվանված իշխանությունները»,- հարցրեց լրագրողներից մեկը:
«Անշուշտ, ինչպես նախկինում, այսօր էլ ես պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններով պաշտպանել իմ հայրենիքը, մեր ժողովրդին: Կապ չունի, թե ովքեր են այսօր: Սակայն մի բան ես Ձեզ կարող եմ ասել, որ եթե ուզում ենք վերսկսվող պատերազմը շահել, վստահ` որ այս ռեժիմի օրոք մեզ հնարավոր չի լինելու դա: Այսինքն` առաջին հերթին ռեժիմի փոփոխություն, հետո պատերազմ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել