Պատրաստ եղեք
ՀՀ կառավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ անցած տարվա վերջին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը այցելում է հանրապետության մարզեր և ղեկավարության հետ փակ և ոչ պաշտոնական հանդիպումներ ունենում:

Ըստ այդ լուրերի` անցած տարվա դեկտեմբերի վերջին Արմեն Գևորգյանը այցելել է Թալին, որտեղ նա հանդիպել է Շիրակի մարզպետի, դատախազի, ոստիկանապետի, ԱԱԾ մարզային կառույցի ղեկավարի և մի քանի այլ պաշոնյաների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ոչ պաշտոնական ճաշկերույթի սեղանի շուրջ: Փոխվարչապետը մարզային պաշտոնյաներին տեղեկացրել է, որ բացառված չէ` իրադարձություններին այնպես զարգանան, որ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացնի, ինչից հետո իրենք պետք է կարողանան ապահովել, որ Ռոբերտ Քոչարյանը հետ վերադառնա նախագահ պաշտոնին:
Այս տարվա հունվարի երկրորդ կեսից Արմեն Գևորգյանը կրկին այցելում է մարզեր, բայց այժմ այցելությունները պաշտոնական պատճառաբանություն ունեն. մարզպետները նրան` որպես տարածքային կառավարման նախարարի, ներկայացնում են իրենց հաշվետվությունները:
Արմատական փոփոխություններ` մարզպետական համակարգում
Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը փետրվարի կեսերից մտադիր է արմատական փոփոխություններ սկսել մարզպետական համակարգում: Առաջինը հարվածի տակ է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, որին տևական ժամանակ է, ուզում է իր պաշտոնից հանել Գագիկ Ծառուկյանը, որը, ինչպես հայտնի է, Կոտայքի մարզի նկատմամբ հատուկ հետաքրքրությունների ունի:
Մյուսը Սուրեն Խաչատրյանը կլինի: Այսօր օրերին շրջանառվում է նաև երկու` բնապահպանության և մշակույթի նախարարների պաշտոնանկության մասին լուրը, թեպետ, մեր աղբյուրների հաղորդմամբ, Արամ Հարությունյանին կարծես հաջողվել է կարգավորել իր գործերը:
Բան ունես ասելու` ասա
«Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` Եռագույնը, նույնպիսի խինդ ու հպարտություն կառաջացնի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի մոտ, ինչպես Արարատի խորհրդանիշը»,- հայազգի գործարարների հետ լոնդոնյան հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«ՉԻ» - Թե սրանով ինչ է ցանկացել ասել Սերժ Սարգսյանը, դժվարանում ենք բացատրել: Համենայն դեպս, «Արարատի խորհրդանիշը» հաստատ յուրաքանչյուր հայի մոտ «խինդ ու հպարտություն» չի առաջացնում, որովհետև այդտեղ ոչ «խնդալու» բան կա, ոչ հպարտանալու: Արարատն ավելի շատ կորուսյալ հայրենիքի խորհրդանիշ է, և ճիշտն ասած, չէինք ցանկանա, որ ՀՀ պետական դրոշը նույն ճակատագրին արժանանա և դառնա նույնպիսի խորհրդանիշ:
Իսկ գուցե Սերժ Սարգսյանը ցանկացել է ասել, որ իրական հայրենիքը սփյուռաքահայության համար նույնքան կարևոր պիտի լինի, որքան կորուսյալ հայրենիքի տեսլակա՞նը: Գուցեև դա է ցանկացել ասել: Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում` ինչո՞ւ «բաց տեքստով» չի ասել: Դարձյա՞լ վախեցել է սփյուռքի դժգոհությունից:
Խոհեմ եղեք
«ՀԱԿ-ը ճիշտ կանի` նախապատրաստվի հերթական համապետական ընտրություններին: Նախորդ խորհրդարանական ընտրություններին նրանք մտան մրցապայքարի մեջ, բայց մինչև վերջ չգնացին: Նրանք գնահատեցին իրենց նկատմամբ հասարակական վստահությունը և խոհեմաբար դուրս եկան մրցակցությունից: Նույն խոհեմությունը թող ցուցաբերեն հիմա:
Հայտնի է, որ քաղաքական ուժը քաղաքական դաշտում մնում է այնքան, քանի դեռ հասարակությունը նրա գործունեությունը ընկալում է ու վստահում: Քանի-քանի կուսակցություններ են եղել, որ հիմա բացակա են քաղաքականությունից: Ժամանակն իր սրբագրումներն անում է:
Կարծում եմ` ՀԱԿ-ի հասարակական վստահության վեկտորը միանշանակ դեպի ներքև է ուղղված»,- «Հայոց աշխարհ»-ի թղթակցին ասել է ՕԵԿ ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանը:
Օգուտները` պրոցեսի ընթացքում
«Կոնկրետ օգուտները երևում են ոչ թե մեկ կամ երկու օր հետո, օգուտները երևում են պրոցեսի ընթացքում: Մենք տեսնում ենք, որ արդեն կան որոշակի արդյունքներ, հիշեք, որ Աբդուլլա Գյուլին ուղղված Սերժ Սարգսյանի ուղերձից հետո Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ դա իրենց ուղղված դրական մեսիջ էր: Իսկ այսօր էլ Դավութօղլուն հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լուրջ դրական տեղաշարժեր են ակնկալվում, և Թուրքիան դրական է տրամադրված այս խնդրի կարգավորման գործում:
Կարևորն այն է, որ Հայաստանի նախագահը ետքայլ չկատարեց, ավելին, հայտարարեց, որ անցել են փակ սահմանների և վերջնագրերի լեզվով խոսելու ժամանակները»,- թերթի հետ զրույցում պատասխանելով հարցին` ի՞նչ կոնկրետ օգուտներ կարելի է անկալել Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելութից, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
ԱՊՀ անվտանգության պահպանումը վերաբերում է բոլոր անդամ երկրներին
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԱՊՀ-ում խաղաղության պահպանման համար հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովմանը վերաբերող համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրի` վերոնշյալ ուժերը պետք է ֆինանսավորվեն այն երկրներից, որոնք իրենց զորամիավորումները ներգրավելու են այդ ուժերի կազմում:
Այդ ֆինանսավորումը արտացոլված է լինելու նշված երկրների պետական բյուջեներում: Համաձայնագրում նշված է նաև, որ ուժերին ֆինանսավորելու համար կարող են օգտագործվել նաև ԱՊՀ անդամ այլ երկրներից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից եկող միջոցներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել