HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկում հյուրանոցի շինարարության համար հատվել են 10 բարդիներ ու տեղահանվել 3 տասնյակից ավելի սոճիներ

«Ժառանգության» նամակը ՀՀ վարչապետին Առողջ գաղափարի տակ բավարարվում են անառողջ ախորժակներ Փետրվարի 22-25-ի չորսօրյա նիստերի ընթացքում Կառավարություն-Ազգային ժողովի հարցուպատասխանին ընդառաջ` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը գրավոր հարց է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:  Խնդիրը վերաբերում է Ջերմուկի ըմպելասրահի լճակի եւ «Օլիմպիա» առողջարանի միջեւ գտնվող ու քաղաքային այգու հատվածը հանդիսացող տարածքին: Այնտեղ բարձրակարգ հյուրանոցի կառուցման ու համաքաղաքային կենտրոնի ստեղծման պատճառաբանությամբ` Ջերմուկի քաղաքապետարանը 29.547 քմ մակերեսով հողամաս է հատկացրել, որն էլ օտարվել է Վայոց Ձորի մարզպետի միջնորդության հիման վրա` լիազոր մարմնի համաձայնությամբ: Հայտարարված աճուրդում հաղթող է ճանաչվել «Ջերմուկի նոր կյանք» ՍՊԸ-ն: Վերջինս հյուրանոցի շինարարությունն իրականացնելու նպատակով հատել է 10 բարդիներ ու տեղահանել 3 տասնյակից ավելի սոճիներ: Խնդիրը «Ժառանգություն» կուսակցության ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2009թ. կեսերին` ՀՀ մի խումբ քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների ահազանգից հետո, որի կապակցությամբ խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանը դիմել էր ՀՀ Բնապահպանության նախարարությանը, իսկ վերջինիս ուղղորդմամբ` Ջերմուկի քաղաքապետին: Նա էլ «օտարված եւ կառուցապատվող տարածքի» մասին հայտնել էր վերոնշյալ մանրամասները: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանից 2010թ. հունվարի 29-ին ստացված գրությունը մի շարք հարցեր է առաջացրել, որոնք Ստյոպա Սաֆարյանը գրավոր բարձրացրել է Վարչապետին ուղղված իր նամակում: Մասնավորապես. 1. Իր նամակում Ջերմուկի քաղաքապետը քաղաքի գլխավոր հատակագծում կատարված այդ փոփոխությունը «հիմնավորել է  ՀՀ Կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 1064-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով` իբրեւ նման փոփոխության անհրաժեշտության հիմք: Սաֆարյանը Վարչապետի ուշադրությունն է հրավիրել նույն որոշման 4-րդ բաժնի 4-րդ կետի վրա, որը նախատեսում է «քաղաքի զարգացման ծրագրի իրականացման շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կամ այլ անշարժ գույքի ձեռքբերում` օրենքով սահմանված կարգով, շուկայական արժեքով փոխհատուցման կամ սեփականատերերի` իրականացվող ծրագրերին իրենց հայեցողությամբ մասնակցության ապահովման միջոցով, համագործակցելով ներդրողների հետ»: Մինչդեռ  Ջերմուկի քաղաքապետարանը եւ լիազոր մարմինը առաջնորդվել են 3-րդ կետով, որը թույլ է տալիս «ընտրված վայրերում, զարգացման ծրագրին եւ սահմանված չափանիշներին ու պայմաններին համապատասխան կառուցապատումների նպատակով` մասնավոր ներդրողներին հողամասերի հատկացում` հողի նկատմամբ իրավունքների ձեւակերպմամբ, «մեկ պատուհանի» սկզբունքով»: Պատգամավորն այս կապակցությամբ մի շարք հարցեր է ուղղում. «Ինչպես նկատում ենք, միջազգային ստանդարտներին համապատասխանող հյուրանոցներ կարող են կառուցվել 4-րդ կետով ամրագրված միջոցառման շրջանակներում: Ինչո՞ւ է դրա փոխարեն ՀՀ Կառավարությունն աջակցել Ջերմուկի քաղաքապետարանին, որը, առաջնորդվելով մեջբերված 3-րդ կետով, Կառավարության որոշման հիշատակած «կառուցապատման վայր է ընտրել եւ մասնավոր ներդրողին հողամաս հատկացրել» քաղաքային այգում` այդ նպատակով փոփոխության ենթարկելով Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագիծը: Ի՞նչ եք կարծում` այգու ծայրամասում կարելի է անել ամեն ինչ, իսկ կենտրոնում` ո՞չ, ինչն ակնհայտ տրամաբանություն է Ջերմուկի քաղաքապետարանում: Չե՞ք կարծում, որ նման նախադեպը օրինաչափ կդարձնի  Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծում նորանոր փոփոխություններ  կատարելը եւ Ջերմուկի կանաչապատ կամ պատմամշակութային տարածքները «միջազգային ստանդարտներով կառուցապատում» անվան տակ մասնավորացնելը»: 2. Ջերմուկի  քաղաքապետը նամակում նաեւ հայտնել է, որ Վայոց Ձորի մարզպետը միջնորդել է լիազոր մարմնին` քաղաքային զբոսայգու այդ հատվածի նկատմամբ «ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումից ազատելու եւ վերը նշված նպատակով օտարելու հարցով պետական լիազորված մարմնի համաձայնությունը ստանալու խնդրանքով», իսկ «համաձայնությունը ստացվել է»: Վերոնշյալ հոդվածով արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այնպիսի հողամասեր, ինչպիսիք են` բնության հատուկ պահպանվող տարածքներից պետական բնական արգելոցները, բնության պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, ազգային զբոսայգիները, ծառաբանական զբոսայգիներ, բուսաբանական այգիները, օրենքով պաշտպանվող սանիտարական պահպանության տարածքների սահմանների շրջանում բուժիչ-առողջարանային վայրերը, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը` հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, եւ այլն: Այս խնդրի կապակցությամբ Ս.Սաֆարյանը նկատում է. «Կարծում եմ` կհաստատեք, որ Ջերմուկի քաղաքային այգին իր այդ հատվածով պատկանում է հիշատակված խմբերից որեւէ մեկին, եթե ոչ` մի քանիսին: Նույն 60-րդ հոդվածը նախատեսում է, որ «սույն հոդվածով սահմանված հողամասերի կառուցապատման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով եւ այլ իրավական ակտերով»: Այսինքն, Ջերմուկի քաղաքային այգու այդ հատվածի` Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումից ազատելու եւ կառուցապատման նպատակով օտարելու հարցում ՀՀ Կառավարությունը երկու ճանապարհ ուներ. 1. կա’մ ԱԺ ներկայացնել օրենքի նախագիծ, ինչը առավել տրամաբանական կլիներ, 2. կա’մ էլ Կառավորությունն ընդուներ 60-րդ հոդվածում հիշատակված «այլ իրավական ակտը»: Ասացե’ք խնդրեմ, ինչո՞ւ է Կառավարությունը նախընտրել 2-րդ տարբերակը եւ հանրությանը քիչ թափանցիկ ճանապարհով շարժվել: Չե՞ք կարծում, որ սա ոչ թե «մեկ պատուհանի», այլ «ոչ թափանցիկ պատուհանի» սկզբունք է: Չե՞ք կարծում նաեւ, որ այսպիսի ուղին կարող է կոռուպցիոն լուրջ ռիսկեր պարունակել»: 3. Ծառահատումների կապակցությամբ Ջերմուկի քաղքապետը  հայտնել էր, որ «նշված տարածքում  հատվել են 10 ծերացած բարդիներ, որոնք  ալերգիկ են եւ պետք է հատվեին:  Արմատով հանվել են 35 սոճիներ, տեղափոխվել  եւ տնկվել են նորակառույց եկեղեցու շրջակա եւ այլ տարածքներում: Դրանք բոլորն էլ կանգուն են եւ չեն վնասվել: Առաջիկայում այլ ծառեր չեն հատվելու»: Այս տեղեկատվության կապակցությամբ Սաֆարյանը շարունակում է հարցերը. «Ծառահատման այսպիսի բացատրությունն ու հիմնավորումն ուղղակի ապշեցուցիչ է: Ո՞վ եւ ինչպե՞ս է սահմանել, որ այդ բարդիները ալերգիկ են եւ, հետեւաբար, «պետք է հատվեին», ինչպես ներկայացնում է Ջերմուկի քաղաքապետն իր գրության մեջ: Այս հիմնավորումը համոզի՞չ է եղել նաեւ Կառավարության համար, երբ հիշյալ հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումից ազատելու եւ օտարելու հարցով պետական լիազորված մարմնի համաձայնությունը ստանալու խնդրանքով միջնորդած Վայոց Ձորի մարզպետը, ենթադրում եմ` ներկայացրել է նաեւ ծառահատման խնդիրն ու հիմնավորումները: Մենք Ջերմուկի որեւէ բնակչի տրտունջ չենք լսել, որ տասնամյակներ շարունակ այդ բարդիները ալերգիայի պատճառ են դարձել: Եթե բարդիներն ալերգիկ են, ապա միգուցե հատե±նք հանրապետության տարածքի բոլոր բարդիները»: 4. Ստյոպա Սաֆարյանի նամակը ավարտում է  հետեւյալ հարցադրումներով. «Ինչպես նկատում եք, կանաչ տարածքների վերացման, «կառուցապատող ընկերության սրտի ուզած եւ ցանկալի վայրում» շինարարություն իրականացնելու համար արդեն իսկ հիմնավորում է ծառայում Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու Ձեր առողջ գաղափարը եւ Կառավարության որոշումը: Սակայն չե՞ք կարծում, որ այդ ողջունելի գաղափարի ներքո բավարարվում են հասարակության ու կանաչապատ տարածքների շահերից չբխող մասնավոր անառողջ ախորժակներ»: Պատգամավորն ակնկալել է Վարչապետի միջամտությունը` անհեթեթ հիմնավորումներով ապօրինությունների  կանխման գործում, ինչպես նաեւ` գրավոր պատասխան` փետրվարի 24-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանում թեման շարունակելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter