HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Վավերացում հանուն անորոշությա՞ն. ինչու է շտապում Հայաստանի նախագահը

Պաշտոնական Լոնդոնը, ի դեմս Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չաարլզ Լոնդսդեյլի, ՀՀ նախագահի` Անգլիա կատարած աշխատանքային այցը որակեց իբրև մասնավոր այց: Սակայն  նախագահ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում այն վերածեց իսկական դիվանագիտական ֆուրորի: Նախ` ինքնաթիռից նա ուղերձ հղեց Թորւքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին: Սարգսյանը փաստացի կոչ արեց զերծ մնալ խոսքի ու գործի հակասման` «անվստահություն և թերահավատություն ծնող» պրակտիկայից և կատարել «հայ և թուրք ժողովուրսների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում» ստանձնած դերը: Այնուհետև Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթով կրկին փորձեց ձիու քայլ կատարել և Թուրքիային պատային դրության մեջ գցել: Այս «դեմարշը» հատկապես Մեծ Բրիտանիա կատարած այցի միջոցով նախաձեռնելով` Սերժ Սարգսյանը նախ փորձեց հասկացնել, որ արվող խիստ պատասխանատու հայտարարությունները զուտ ներքին սպառման համար չեն և որ դրանք որոշակի ընկալում են գտնում մի երկրում, որը ստրատեգիական շահեր ունի թե' Թուրքիայում, թե' Ադրբեջանում: Լոնդոնից Սերժ Սարգսյանի ձայնը, ըստ էության, շատ ավելի համոզիչ է հնչում, քան դա կարվեր Երևանից կամ նույնիսկ Մոսկվայից: Սակայն  տվյալ դեպքում կարևորը միայն  հայ-թուրքական հաշտեցման` տապալման եզրին կանգնած գործընթացը տեղից շարժելու հարցում կրկին նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնելու ընդգծված միտումը չէ: Այլ հատրկապես այն, թե ինչպես է նախագահ Սարգսյանը դա անում և ի վերջո դրանով ինչի է ձգտում հասնել: «Չեթթըմ Հաուսում» Սարգսյանի հնչեցրած ելույթը բավականին լավ էր կառուցված. այլ բավականաչափ հարմարեցված էր անգլիացիների մտածողությանն ու աշխարհըմբռնմանը և հնարավորինս մոտեցարծ էր նրանց մշակույթին: Այս ելույթի կարևոր առանձնահատկությունը, սակայն, այն երեք հստակ ուղերձներն էին, որոնք Երևանը հղեց Անկարային և միջազգային հանրությանը: Առաջին` «Չեթթըմ Հաուս»-ի այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ հրահանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն ուղարկել Ազգային Ժողով` վավերացման գործընթացն սկսելու համար»,-իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Այսպիսով Լոնդոնից նա վստահեցրեց, որ Հայաստանն իր կողմից արձանագրությունների վավերացումը չի պայմանավորելու Թուրքիայի գործողություններով և այս փուլում անտեսելու է նույնիսկ վավերացման գործընթացն ակնհայտորեն ձգձգելու Անկարայի փորձերը: Երկրորդ ուղերձը հետևյալն էր. «Բայց եթե  հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի  նպատակը ժամանակ ձգձգելն է, և  ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելու դադարեցնել այս գործընթացը»: Այսպիսով Երևանը փորձում է գնդակը կրկին տեղափոխել Անկարայի «կիսադաշտ» և ձերբազատվել արձանագրությունների վավերացման պրոցեսի հնարավոր ձախողման համար պատասխանատվությունից£ Երրորդ` «Վերահաստատում եմ, որ որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ, բացառում եմ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն առանց նախապայմանների վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը»: Այլ կերպ ասած` Հանրապետության նախագահը երաշխավորում է ԱԺ-ի կողմից արձանագրությունների վավերացումը: Հարկ է նկատել, որ այս իմաստով Սերժ Սագսյանը գնացել է աննախադեպ քայլի. փաստորեն ստացվում է, որ նախքան արձանագրությունները խորհրդարան ուղարկելը, այն արդեն կարելի  է վավերացված համարել: Սա նշանակում է, որ իշխանությունն ինքն իր համար փակում է ետդարձի, շրջադարձերի, ռևերանսների բոլոր հնարավորություններն ու ճանապարհները£ Մյուս կողմից նախագահի այս հաստատումը կարող է ընկալվել որպես խորհրդարանին ճնշելու, պատգամավորների ազատ կամարտահայտման վրա ազդելու միջոց: Այս իմաստով Սերժ Սարգսյանի հայտարարությունը չափազանց խոցելի է դարձնում իրեն թե' ներքաղաքական, թե' արտաքին քաղաքական դաշտերում և որոշակիորեն բացահայտում Հայաստանում տիրող` իշխանությունների տարանջատվածության սկզբունքի կիրառման իրական վիճակը: Եվ եթե Սերժ Սարգսյանը նույնիսկ այս իրողությունների առջև կանգ չի առնում, նշանակում է արձանագրությունների օր առաջ վավերացումը սկզբունքային նշանակություն ունի Երևանի համար թուրք-հայկական դիվանագիտական-քարոզչական դիմակայության համատեքստում: Ըստ էության կարելի է փաստել, որ Հայաստանը  վերանայում է իր մարտավարությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ կապված: Մինչ այս Երևանն առաջնորդվում էր մեկ սկզբունքով. Հայաստանը չի վավերացնի արձանագրությունները, մինչև դա չանի Թուրքիան: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` 2009թ. հոկտեմբերի 10-ին, արձանագրությունների ստորագրման օրը, հայ ժողովրդին ուղղված ուղերձում. «Եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այս արձանագրությունները և դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր»: Ավելի ուշ` դեկտեմբերի 25-ին տված մամլո ասուլիսում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ավելի է կոնկրետացրել Հայաստանի որդեգրած կեցվածքը. «Եթե Թուրքիայի խորհրդատանը ողջամիտ ժամկետում, առանց նախապայմանների վավերացնի փաստաթղթերը, մենք նույնպես կանենք, եթե ոչ, մեր պատասխանն այդ դեպքում համարժեք կլինի»: Արդյո±ք կարելի է Հանրապետության կամ ԱԺ նախագահների այս խոսքերից եզրակացնել, որ «համարժեք քայլեր» ասելով նրանք նկատի ունեին Թուրքիայից առաջ ՀՀ ԱԺ կողմից արձանագրությունների վավերացման հնարավորությունը: Հազիվ թե: Արձանագրությունները վավերացման ուղարկելու մասին այս  անակնկալ որոշումը ՀՀ նախագահը կայացրել է` ելնելով ՀՀ Սահմանադրական Դատարանի հայտնի որոշման նկատմամբ Թուրքիայի  դրսևորած բացասական վերաբերմունքից և դրա հնարավոր քաղաքական ու դիվանագիտական հետևանքներից: Երևանը, թերևս, զգալով, որ Թուրքիան փորձում է ՍԴ որոշումն օգտագործել արձանագրությունների վավերացումը ձգձգելու հարցում, և այդ որոշումից քաղաքականապես հրաժարվելու պահանջը ևս դարձնել նախապայման, ուզում է կապկպել Անկարայի ձեռքերը, հետագայում արձանագրությունների հետ կապված ցանկացած փոփոխություն, տեղաշարժ բացառապես Թուրքիայի պատասխանատվությանը թողնելու կոնկերտ նպատակադրմամբ: Սա նշանակում է, որ Հայաստանը չափազանց ռեալ է համարում հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ձախողումը և փորձում ինչ-որ կերպ փրկել իրավիճակը: Ավելին. Երևանն այլևս վստահ չէ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քարոզչական ճնշումը Թուրքիայի նկատմամբ կարող է սպասելի արդյունքի հանգեցնել: Գուցե նախագահ Սարգսյանը նման կոնկրետ հայտարարություններ չաներ, չայրեր մանևրելու բոլոր ճանապարհները, եթե նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նման կտրուկ, նյարդային հայտարարություն չաներ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի վերաբերյալ: «Ինչո՞ւ է այս հարցը օրակարգ մտնում հիմա: Թող մեզանից արձանագրությունների վավերացում չսպասեն` որպես ճնշման միջոց օգտագործելով ապրիլի 24-ը: Այս գործընթացը կարող է փակուղու առաջ կանգնեցնել ԱՄՆ-ի հետ մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի մերձեցման գործընթացը, որը մենք այս մակարդակին ենք հասցրել մեծ ջանքերի գնով»,-ասել էր Դավութօղլուն: Չի բացառվում, որ Դավութողլուի այս հայտարարությունը Հայաստանի իշխանությանը մղել է կարծելու, թե Թուրքիան երբեք տուրք չի տա ԱՄՆ ճնշումներին և պատրաստ է նույնիսկ Վաշինգտոնի հետ հարաբերությունները փչացնելու գնով պաշտպանել իր ներկայիս կարծր դիրքորոշումը: Երևանը նաև այլ հիմքեր ուներ չհավատալու ԱՄՆ-ի ճնշումների հետևողականությանը: Բանն այն է, որ Թուրքիան դեռևս չի օգտագործել Օբամայի կողմից Ցեղասպանություն եզրն արտաբերելը խոչընդոտելու ամենակարևոր գործիքներից մեկը` արձանագրությունները Մեջլիսի քննարկմանը ներկայացնելը: Խոսքը ոչ թե վավերացնելու, այլ ընդամենը Մեջլիս ներկայացնելու մասին է: ԱՄՆ նախագահին նույնիսկ այդ քայլը բավարար կլինի` չօգտագործելու համար այդ արտահայտությունը` իբրև պատճառ բերելով վավերացման գործընթացին չխոչընդոտելու անհրաժեշտությունը: Սակայն որքան էլ հասկանալի լինի իշխանությունների այս մոտիվացիան, արձանագրությունները վավերացման ուղարկելու այսպիսի որոշումն իր մեջ որոշակի ռիսկայնություն է պարունակում: Իսկ ռիսկը վավերացման ժամկետների անհստակության մեջ է: Հայաստանը կարող է վավերացնել արձանագրությունները, սակայն դա չի երաշխավոում, որ Թուրքիան կանի նույնը: Մինչդեռ հետագա անհարկի ձգձգումները բացառելու համար Հայաստանը շարունակում է չպահանջել վավերացման համար կոնկրետ ժամկետներ: Իսկ դա Թուրքիային մանևրելու բավականին մեծ դաշտ է տալիս£ ՀՀ նախագահն ասում է` «…Եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է, և ոչ թե հարաբերությունները կարգավորելը…», սակայն հստակ չի նշում, թե այդ ե՞րբ և ի՞նչ փաստացի իրողություններից ելնելու արդյունքում է համոզվելու` Թուրքիայն ձգձգո՞ւմ է վավերացման պրոցեսը, թե՞ ոչ: Այլ կերպ ասած` «ողջամիտ ժամկետների» անորոշ ժամկետը մնում է ուժի մեջ:  Իսկ եթե Թուրքիան մինչև ԼՂ հարցի հանգուցալուծումը չի վավերացնելու արձանագրությունները, ապա լիովին իմաստազրկվում է նախագահ Սարգսյանի այն հավաստիացումը, թե ստիպված կլինեն դադարեցնել գործընթացը: Առանց այդ էլ պարզ է, որ եթե երկկողմ պայմանագրի կողմերից որևէ մեկը չի վավերացնում այն, տվյալ փաստաթուղթը չի կարող ուժի մեջ լինել, հետևաբար` գործընթացն այսպես թե այնպես կանգ է առնելու: Դրա փոխարեն Թուրքիան մշտապես կարող է օգտագործել այն հանգամանքը, որ Հայաստանը ստորագրել է արձանագրությունների տողերի տակ թաքնված նախապայմանների տակ, վավերացրել դրանք, և հետագայում այդ փաստը կարող է օգտագործել Երևանի հետ ցանկացած այլ գործընթաց սկսելիս: Ըստ էության, կարող է Հայաստանի հետ նախապայմաններով խոսելու պրակտիկա ձևավորվել Անկարայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter