Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային խորհրդաժողով` Դուբլինում
Մարդու իրավունքների պաշտպանության ավելի քան 100 ակտիվիստ է հավաքվել Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում` մասնակցելու փետրվարի 10-ին մեկնարկած եռօրյա գիտաժողովին: Ինչպես նշում է www.irishtimes.com-ը, գիտաժողովը կազմակերպել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, Իռլանդիայում տեղակայված Front Line կազմակերպությունը:
Խորհրդաժողովին մասնակցում են մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են, օրինակ, Նիգերը, Սաուդյան Արաբիան, Չիլին, Յեմենը, Շրի Լանկան, Հայաստանը: Մասնակցիներն աշխատում են այնպիսի խնդիրների վրա, ինչպիսք են կանանց և երեխաների թրաֆիքինգն ու մարդուն մարմնավաճառությամբ զբաղվելուն հարկադրելը, ապօրինի փայտամթերումներն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը և այլն:
«Թեև գիտաժողովի մասնակիցներն աշխատում են միանգամայն տարբեր հիմնախնդիրների վրա, նրանք բոլորն էլ մեկ ընդհանուր բան ունեն` նրանք վտանգի են ենթարկվում ուրիշների իրավունքները պաշտպանելու իրենց օրինական աշխատանքը կատարելիս»,- նշել է Front Line-ի տնօրեն Մերի Լոլորը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նեյվի Փիլլեյը, ով գլխավոր ուղերձով է հանդես եկել խորհրդաժողովին, ընդգծել է, որ պետք է ավելի արդյունավետ դարձնել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների պաշտպանությունը, լավացնել նրանց անվտանգությունը և նպաստավոր միջավայր ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության համար:
Իռլանդիայի արտգործնախարար Միշել Մարտինը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանները վտանգում են իրենց կյանքը, որպեսզի ճեղքեն լռության ու անտարբերության պատը: «Առանց մարդու իրավունքների պաշտպանների` հասարակության ամենից խոցելի և մարգինալ խմբերի ձայները լսելի չէին լինի»,- նշել է նախարարը:
Նրա խոսքերով` մեր ժամանակներում, երբ տնտեսական ճնշումները շատ զգալի են, վտանգ կա, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կարող է ճոխություն թվալ և վերջին տեղը գրավել մեր առաջնահերթությունների շարքում: «Սակայն մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը միշտ արդիական պահելուն միտված ձեր խիզախությունն ու պայքարը հիշեցնում են, որ մարդու իրավունքները ճոխություն չեն, դրանք հիմնարար անհրաժեշտություն են»,- ասել է նախարարը:
Խորհրդաժողովին անդրադարձ է լինելու նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են ստացած տրավմայի հաղթահարումը, այն հատուկ ռիսկերը, որոնց ենթակա են մարդու իրավունքների կին պաշտպանները, ինչպես նաև թվանշային անվտանգության կարևորությունը:
Նշենք, որ Հայաստանից խորհրդաժողովին մասնակցում է «Հետք» թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» հկ նախագահ Էդիկ Բաղդասարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել