Նկարչուհի-դիզայներն իր ապագայի տեսիլը միայն Հայաստանում է տեսնում
«Մարդ-բնություն շփումը դարձել է միջնորդավորված»
«Ամեն մարդ կյանքում իր կոչումն ունի: Ես էլ ունեմ: Կարծում եմ` իմ կոչումն այս կյանքում գեղեցկություն ստեղծելն է, դրանով` մարդկանց ուրախություն պարգեւելը»,- ասում է նկարչուհի, դիզայներ Անահիտ Քեշիշյանը: Նա նոր է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ ապրել եւ ստեղծագործել է 12 տարի:
«Այդ 12 տարիների ընթացքում ամեն գիշեր քնել եմ` երազելով առավոտյան արթնանալ Հայաստանում` իմ տանը: Վերադառնալուս հիմնական պատճառը հենց կարոտն էր, անտանելի, խեղդող կարոտը: Հիմա Հայաստանում եմ եւ այլեւս մտադիր չեմ որեւէ տեղ մեկնել, քանի որ իմ ապագայի տեսիլը միայն Հայաստանում եմ տեսնում, թեեւ այստեղ ստեղծագործելու համար պայմաններն այնքան լավ չեն, որքան ԱՄՆ-ում»,- ասում է նկարչուհին:
ԱՄՆ-ում անցկացրած 12 տարին, նրա ասելով, իրեն թույլ են տալիս նկատել Հայաստանում տեղի ունեցած ե’ւ դրական, ե’ւ բացասական փոփոխությունները, որոնք ամեն տեղ էլ նույն կերպ են զարգանում` միմյանց զուգահեռ. «Չի կարող միայն վատ կամ լավ լինել: Լավն էլ, վատն էլ, իրար ուղիղ համեմատակն են»,- ասում է դիզայները:
Անահիտի կարծիքով` Հայաստանում մարդիկ միանման են դարձել. ոչ ոք չի ուզում առանձնանալ. «Մեր երիտասարդները շատ են կրկնօրինակում եւ հաճախ ուղղակի դրսինն են վերցնում: Դա երեւում է նաեւ հագուստի մեջ: Հագնում են միաձեւ, մտածում` էլի նույնը: Ոչ ոք չի ուզում առանձնանալ: Բայց ինչո՞ւ»,- հարցնում է դիզայները:
Լճացումից խուսափելու համար Անահիտը առաջարկում է պարզապես ստեղծագործել. «Կյանքում ամենակարեւորը չլճանալն է: Պետք է ամեն մարդ ձգտի փոփոխության, անընդհատ նորը որոնի, քանի որ հակառակ դեպքում մարդը կկորցնի ամենակարեւորը` հետաքրքրությունն ինքն իր եւ կյանքի նկատմամբ: Նորի որոնման ճանապարհին էլ հենց ստեղծագործում ես»:
Դիզայները հավատացած է` ստեղծագործող մարդը կստեղծագործի ամեն տեղ, հատկապես իր տանը. «Յուրաքանչյուր մարդ կարող է ստեղծագործել հենց կենցաղում` ստեղծելով իր աշխարհը եւ դրա համար օգտագործելով բոլոր նյութերը: Այստեղ ստեղծագործելու համար պետք չեն վրձիններ, ներկեր, կտավաներ եւ այլն: Թող արվեստանոց դառնա հենց տունը, ստեղծագործեք ձեր բնակարաններում»:
Թեեւ Անահիտը ստեղծագործելիս նյութի ընտրության հարցում սահմանափակում չի դնում, սակայն հիմա գերադասում է աշխատել հատկապես ծաղիկներով. «Մարդ-բնություն շփումը միջնորդավորված է դարձել: Մարդն այնքան է հեռացել բնությունից, որ նույնիսկ մի պահ կորում է իր ստեղծած արհեստականի մեջ: Ես փորձում եմ ծաղիկների միջոցով բնության մի փոքր հատված բերել բնակարան, նվիրել մարդկանց ծաղիկներ` մի պահ կապելով նրանց բնությանը»:
Մարդու` բնությունից հեռու լինելը շատ է անհանգստացնում Անահիտին, եւ դրան, նրա ասելով, նպաստում է տեխնիկան. «21-րդ դարը ծուլության դար է: Մենք ամեն ինչ անում ենք, որ հեշտացնենք մեր կյանքը. հեռակառավարման վահանակ, մեր փոխարեն հաշվարկ անող մեքենա, ավտոմեքենա... Սրա մեջ, իհարկե, լավ բան էլ շատ կա, բայց մեր շուրջը նայեք: Մարդ կա` մերկ ոտքերով հողին չի կանգնել: Որքան հեռու ենք մենք մեր բնական վիճակից, բնությունից»:
Անահիտի կարծիքով` սա արտահայտվում է հատկապես բնակարաններում. գորգեր, կահույք, մանրահատակ, արհեստական իրերով լցված սենյակներ: «Եթե անգամ այդ նյութերի մի մասը սկզբում բնական է եղել, ապա մշակման այնքան երկար ճանապարհ է անցնում որ կորցնում է իր նախնական բնականությունը: Մի մոռացեք` բնականն է միշտ գեղեցիկ: Լավ, ինչո՞ւ այդքան խեղդել, ինչո՞ւ ծանրացնել, չշարժվել»,-հարցնում է դիզայները:
Անահիտը, բացի կոմպոզիաներ ստեղծելուց, զբաղվում է նաեւ տան էքստերիերով եւ ինտերիերով եւ ինչպես ինքն է ասում` օգտագործում է ցանկացած առիթ իր տունը ձեւափոխելու, նորություններ մտցնելու համար, ինչն էլ խորհւրդ է տալիս հայ կանանց եւ աղջիկներին. «Մոտենում է Ս. Վալենտինի օրը: Սա հրաշալի առիթ է տունն այդ տոնը խորհրդանշող աքսեսուարներով ձեւավորելու, սովորական օրը հրաշալի տոն դարձնելու եւ հերթական անգամ սերն արտահայտելու համար»:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել