Տյառնընդառաջ և Բարեկենդան
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։
Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Տվյալ դեպքում փետրվարի 14-ը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից։
Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, որը խորհրդանշում է ձմռան ավարտի մոտենալը և գարնանամուտը։ Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն։
Ժողովրդական սովորույթի համաձայն` օրհնված մոմի կրակով վառում են նաև Տյառնընդառաջի խարույկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստծվածային սիրո հուրը։ «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում։ Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու»։
Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է Արարչից հեռացած արարածի հանդեպ։ Մարդացած Աստվածորդին ամեն պահ դիմում է մեզ. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ 28)։
Հաջորդ քայլը մերն է։ Յուրաքանչյուրս պետք է անսանք Տիրոջ ձայնին, քանզի ով Նրա հետևից է գնում, «խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովհ. Ը 12)։
Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցնում են մանուկ Հիսուսին և գնում Երուսաղեմ՝ Նրան «Տիրոջը ներկայացնելու» (Ղուկ. Ա 22)։ Սրբազան ավանդության համաձայն՝ երբ տեղ են հասնում, Աստծո հրամանով փակված տաճարի արևելյան դուռը բացվում է։
Փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։ Սովորության համաձայն` Տյառնընդառաջի տոնին նվերներով այցելում են նորապսակներին։
Բուն Բարեկենդան
Այս տարի փետրվարի 14-ին կնշվի միանգամից 2 տոն` Տյառնըդառաջը և Բուն Բարեկենդանը: Բուն Բարեկենդանը նախորդում է Մեծ Պահքին և այս տարի համընկել է Տյառնընդառաջի տոնին:
Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է:
Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել