HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Հեռուստատեսության հանաքները դարձան դանակ»

«Կյանքում ամեն մի բան միշտ չափի մեջ է գեղեցիկ, նույնիսկ բաժակն ուրախության իր չափն ունի, անչա՛փ մարդիկ: Չափը խախտվում է, երբ հասարակության մեջ շատերը իրենց տեղում չեն լինում: Չափը խիստ է խախտվել: Այնքան խախտողները չեն ինձ համար անբարո, որքան թույլ տվողները»,- այսօր «Հայացք» ակումբում կազմակերպված բանավեճի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը: Բանավեճը նվիրված էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մշակած չափորոշիչներին: Ըստ դերասանի` Հանրային խորհուրդը և հանձնաժողովը փորձում են «այս աղբի» դեմն առնել, իսկ կկարողանա՞ն արդյոք` դերասանը չգիտի: Ազատ Գասպարյանը առաջարկում է, որ անպայման պատժաչափ լինի, օրինակ` որոշ ժամանակ զրկեն եթերից: Վաստակավոր արտիստի խոսքերով` հեռուստահաղորդումները փչացնում են երեխաներին, երիտասարդներին, «հեռուստատեսության հանաքները դարձան դանակ»: Ազատ Գասպարյանը նշեց է, որ այսօր եթերում խոսում են բաց, հայհոյախառն` կարծելով, որ դա անմիջականություն է, մինչդեռ հեռուստաընկերությունները պետք է ընտրեն այնպիսի թեմաներ ու կերպարներ, որոնց մենք կարող ենք և պետք է նմանվենք: Չնայած ՀՀ վաստակավոր արտիստը չեր կարդացել ՀՌԱՀ-ի մշակած նախագիծը` բայց կողմ է դրան: Նա ասաց, որ դեմ է տհաճ իրավիճակներին, որոնք ստեղծում են սերիալները, շոուները, իսկ սերիալների հերոսները մերոնք չեն: Մյուս բանախոսը` գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, նշեց, որ երբ առաջին անգամ Արմեն Աշոտյանը խոսեց այս չափորոշիչների մասին, հայկական սերիալները դարձան հնդկական. «Այս երևույթը պարզ շանտաժ է: Ով իրենց հարմար չէ, ով իրենց մարդը չի, կփակեն: Հայաստանում բոլոր օրենքները մարդու դեմ են ուղղվում: Ցանկացած արվեստագետ, երբ սկսում է խոսել փակելուց, ուրեմն ինքը արվեստագետ չէ: Մի փակիր, դրա կողքին քո լավը ստեղծիր»: Սերիալների մեջ Ազատ Գասպարյանին տխրեցնում է գեղեցկության պակասը` թե դերասանների արտաքինի, թե նրանց խաղի մեջ: «Դերասանները չեն հասցնում կերպար ստեղծել, որովհետև շեշտը դրվում է արագության վրա: Այստեղ բիզնես կա. հեռուստաընկերությունները փող են աշխատում սերիալների միջոցով»,- նշեց Ազատ Գասպարյանը: Մարինե Պետրոսյանն էլ հակադարձեց, որ վա՞տ է, երբ բիզնեսը ծաղկում է: Դերասանը նշեց, որ իրեն պետք է, որ արվեստը ծաղկի, որովհետև արվեստը ժողովուրդն է. «լավ կլիներ, որ բարձրարվեստ սերիալներ լինեին, և դերասաններն էլ կերպար ստեղծեին: Այն, ինչ արվում է արվեստով, հրաշալի է և կարելի է»: Ազատ Գասպարյանը քննիչի դերով խաղում էր «Որոգայթ» հեռուստասերիալում: Մարինե Պետրոսյանի կարծիքով` նրա կերպարը շատ անհամոզիչ էր և անբնական, որովհետև «այդպիսի մարդկային քննիչ չի լինում»: Ազատ Գասպարյանը հեռացավ այդ սերիալից, քանի որ լեզվի անաղարտության հետ կապված խնդիրներ առաջացան հեռուստաընկերության ղեկավարության հետ: Դերասանն ասաց, որ իրեն շատ հաճելի է «Թաքնված տեսախցիկ» հաղորդաշարը, երբ աղջիկները բացում են իրենց կրծքերը, իսկ տղաները ծիծաղում է: Մարինե Պետրոսյանն էլ հավանում է «Կյանքի գինը» սերիալը, բայց նաև նշում, որ այն շատ ձգվեց. «Մեր թատրոնը ստի տակ ծածկվել է, իսկ սերիալը քիչ է սուտ ասում: Սերիալը չի հավակնում բարձր արվեստ լինել, մինչդեռ միջին թատերական ներկայացումը հավակնում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter