HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տյառնընդառաջի խարույկի շուրջ պտտվելը հեթանոսական ծիսակարգ չէ

«Այս տարի մեր եկեղեցական տոնացույցում երկու տոն համընկել է` Տյառնընդառաջը եւ Բուն Բարեկենդանը, որով սկսվում է Մեծ Պահքի շրջանը մինչեւ Զատիկ: Զատիկը, շարժական տոն լինելով, ընկած է մարտի 22-ից մինչեւ ապրիլի 25-ը: Պատահում է` ավելի վաղ են նշում, ինչպես այս տարի` ապրիլի 4-ին: Դրա համար էլ Տյառնընդառաջը համընկնում է Բարեկենդանի հետ»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ Մեսրոպ աբեղա Պարսամյանը: Նա նշեց, որ Բարեկանդան նշանակում է բարի կյանք, բարի կենդանություն, որը խորհրդանշում է Ադամի եւ Եվայի երանական վիճակը: Փոխդիվանապետի խոսքերով` Բարեկանդանի ընթացքում կարեւոր է հատուկ սննդակարգին հետեւելը, հատկապես կենդանական ծագման կերակրատեսակներից հրաժարվելը: Մեծ պահքի 7 կիրակիներից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի: Մեծ Պահքին հաջորդող կիրակին կոչվում է արտաքսման կիրակի, որը բնորոշում է մեղքը, որը գործեցին Ադամն ու Եվան, եւ մարդու ու Աստծու միջեւ պատնեշ առաջացավ: «Սրա համար փակում ենք խորանը վարագույրով, որը խորհրդանշում է մեղքը: Պահքը մարդկության տարիքին է: Աստված պատվիրան տվեց Ադամին ու Եվային` ասելով, որ կարող են ուտել բոլոր մրգերը` բացի կենաց եւ մահու ծառի պտուղից: Նրանք չլսեցին այդ պատվիրանը, չպահեցին պահքը եւ արտաքսվեցին Եդեմից»,- ասաց Մեսրոպ աբեղա Պարսամյանը: Մեծ Պահքը տեւում է 48 օր` մինչեւ Քրիստոսի հարությունը: Անդրադառնալով Տյառնընդառաջին` Մեսրոպ աբեղա Պարսամյանն ասաց, որ տոնը լույսի խորհուրդ ունի, իսկ արարողակարգը գալիս է Հին կտակարանից: «Եզեկիա մարգարեն ասում էր, որ տաճարի արեւելյան դուռը փակ պիտի մնա այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու որդին չի անցել այդ դռնով: Ավանդության համաձայն` երբ Մարիամը եւ Հովսեփը իրենց մանուկ որդուն բերում են տաճար` նվիրաբերելու Աստծուն, դուռը բացվում է, եւ ժողովուրդը գնում է դուրս` տեսնելու, թե ով է գալիս տաճար: Քանի որ երեկո էր, մարդիկ գալիս էին մոմերով, ջահերով, որ լույսով դիմավորեն Հիսուսին: Դրա համար էլ փետրվարի 13-ի երեկոյան` ժամերգության ավարտին, վառում են տաճարի լույսերը` խորհրդանշելով Քրիստոսին տաճարին նվիրաբերելը»,- բացատրեց փոխդիվանապետը: Նրա խոսքերով` նորապսակները գալիս են եկեղեցի, որ ստանան քահանայի օրհնությունը: Քահանան օրհնում է նրանց` մաղթելով զավակ ունենալ, որին ծննդից 40 օր անց պետք է բերեն տաճար` կատարելու քառասունքի արարողությունը: Իսկ թե ինչպես է այսօր ընկալում հայ ժողովուրդը Տյառնընդաջառը, մեկնաբանում է ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը. «Տոները ժողովրդական մշակույթի ամենակարեւոր համալիրներից մեկն են: Այստեղ արտացոլված են ժողովրդական խաղերը, բանահյուսությունը, մտածողությունը»: Ինչպես նշեց ազգագրագետը, Տյառնընդառաջը համահավաքի լավ առիթ է եղել: Մարդիկ, զբաղված լինելով իրենց առօրյա հոգսերով, միմյանց հանդիպելու հնարավորություն շատ քիչ են ունեցել, եւ այս տոնը հավաքվելու եւ իրար տեսնելու առիթ է եղել: Տյառնընդառաջի ծիսակարգի մեջ կարեոր տեղ են զբաղեցնում խարույկը եւ խարույկի շուրջ պտտվելը, ինչը, ազգագրագետի խոսքերով, չի կարելի հեթանոսական ծիսակարգ համարել: «Տարիներ շարունակ ասում են` չի կարելի, կրակի պաշտամունք է, հեթանոսություն է, բայց այսօր մեր ժողովրդական ընկալումներում խարույկ վառելն իբրեւ կրակի պաշտամունք չի ընկալվում: Դա են ցույց տալիս ազգագրագետների ուսումնասիրությունները, բազմաթիվ հարցումները: Ավելի շատ մարդկանց մոտ եկեղեցուց բերած լույսի ընկալումն է, եւ ոչ կրակի պաշտամունքը»,- ասաց Հասմիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով` Տյառնընդառաջն ունի հարուստ սննդակարգ: Այդ օրը պատրաստում են փոխինձ, աղանձ, միմյանց մրգեր հյուրասիրում: «Տրնդեզն ավելի մեծ շուքով են նշել, քան Կաղանդը` Ամանորը: Այն մինչեւ հիմա էլ ամենասիրված տոներից է մեզ համար»,- ասաց Հասմիկ Աբրահամյանը: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter