HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդորում են հրապարակել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Հայաստանում դատավարությունների դիտարկում» զեկույցը

Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն և Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների կոմիտեն նամակ է հղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Յանեշ Լենարչիչին: Ստորև ներկայացնում ենք այն: Հարգելի պարոն դեսպան, Ձեզ հայտնի է, որ 2008 թ. մարտի 1-ին կառավարական ուժերի կողմից խաղաղ ցուցարարների սպանդի հետևանքով Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցով առաջատարը դարձավ ԵԽԽՎ-ն, որը չորս բանաձև ընդունեց Հայաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ և այսօր էլ հետամուտ է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ցավոք, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չգործեց իր մանդատի և կոչման համաձայն` փաստորեն դիտորդի կարգավիճակով հետևելով ԵԱՀԿ անդամներից մեկում տեղի ունեցող ժողովրդավարության նահանջի, տասնյակ քաղբանտարկյալների առկայության հարցերին: Ափսոսանքով պետք է նշենք նաև, որ Հայաստան Ձեր այցի ընթացքում Դուք բարձր մակարդակի եզակի միջազգային պաշտոնյան եք, որ չհանդիպեցիք ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ձեր ինստիտուտի տեսանելի միակ ներգրավումը ճգնաժամային Հայաստանի խնդիրներում եղավ 2008 թ. ապրիլից` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների մարտի 1-ի գործերով դատավարությունների մշտական դիտարկումը: Ինչպես ցանկացած գործընթացի դիտարկում, այնպես էլ այս գործընթացինը նախատեսում էր հանգամանալից զեկույց: Անցած տարվա վերջին հայտնի դարձավ, որ այդ դիտարկումների արդյունքում կազմվել է «Հայաստանում դատավարությունների դիտարկում» զեկույցը, որի նախնական տարբերակը 2009 թ. նոյեմբերի 21-ին տրամադրվել է ՀՀ կառավարությանն` ի դեմս ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի: Ավելի ուշ մամուլից տեղեկացանք, որ այդ զեկույցը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախատեսում է հրապարակել 2010 թ. հունվարի երկրորդ կեսին: Իսկ վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀ կառավարությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից խնդրել է առայժմ չհրապարակել այդ զեկույցը: Ըստ մամուլի հրապարակումների` ՀՀ իշխանությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին գործարք են առաջարկել, որպեսզի այդ փաստաթուղթը չհրապարակվի: Այն փաստը, որ մինչ օրս այդ փաստաթուղթը այդպես էլ չի հրապարակվել, ուղղակի հաստատում է մամուլում հրապարակված լուրերի ճշմարտացիությունը: Այնուամենայնիվ, անկախ ցանկացած գործարքների պայմաններից և գործարքի կողմերի շարժառիթներից` հայ հասարակությունը իրավասու է պահանջել, որ ազատ Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների հաստատմանը կոչված կազմակերպությունը, որին անդամակցում է Հայաստանը, ի վերջո հրապարակի այդ զեկույցը: Մեզ համար այդ փաստաթղթի հրապարակումը կարևոր է այն առումով, որ դա ևս մեկ կարևոր նյութ է, որը թույլ կտա հայ հասարակությանը, տեղեկացվելով Հայաստանի դատական համակարգի թերությունների բնույթի մասին, կատարել իր կարևոր և բնական դերը, այն է պահանջել և աշխատել իշխանությունների հետ այդ թերությունները շտկելու ուղղությամբ: Եկեք փարատենք այն անվստահությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նկատմամբ, որը ձևավորվեց հայ հասարակության շրջանում 2008 թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ քվեարկության հաջորդ օրը հրապարակված նախնական զեկույցը, ըստ որի ընտրությունները բնորոշում էիք հիմնականում եվրոպական չափանիշներին համապատասխանող, ինչը իրականության հետ որևէ աղերս չուներ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի իսկ կողմից երեք ամիս անց հրապարակած վերջնական զեկույցում միայն նախընտրական խախտումների ծավալը նկարագրվել էր ավելի քան 20 էջի վրա: Այդ ինչպե՞ս եղավ, որ քաջ տեղյակ լինելով նման ծավալի խախտումներին` դիտորդական առաքելությունը շտապեց դրական գնահատական տալ ընտրություններին: Բազմաթիվ փորձագետների կողմից անցած երկու տարիներին կարծիք է հնչել, որ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառներից մեկը եղել է ընտրությունների դիտարկման առաքելության, որի մաս էր կազմում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, 2008թ. փետրվարի 20-ին հրապարակած նախնական զեկույցը, որը ՀՀ իշխանություններին հնարավորություն է տվել առանց կաշկանդվելու փորձել բռնություններով լռեցնել ընտրությունների կեղծման դեմ իրենց արդարացի բողոքն արտահայտող քաղաքացիներին: Պարոն դեսպան, մենք նաև տեղեկացված ենք, որ հետընտրական զարգացումների մասին Դուք անձամբ և ԵԱՀԿ մշտական խորհրդի անդամները տեղեկություններ էիք ստանում ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանից: Լինելով զարգացած և պարկեշտ անձնավորություն` նա, սակայն, հիվանդության պատճառով չէր տիրապետում Հայաստանից ինֆորմացիայի ողջ ծավալին և իր զեկույցներում հենվում էր միայն Մարտի 1-ին սպանդի ամենաառանցքային պատասխանատուներից մեկի` Վ. Օսկանյանի ցուցումների վրա: Մեր կողմից հարգված հանգուցյալ դեսպանը ստիպված ապատեղեկացրել է Ձեզ և Ձեր գործընկերներին: Ծանոթանալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված «Հայաստանում դատավարությունների դիտարկում» զեկույցին` մենք նաև հնարավորություն կունենանք վերահաստատել մեր հավատը, որ Դուք հավատարիմ եք ԵԱՀԿ 1990 թ. Փարիզյան խարտիայով հռչակված սկզբունքներին: Իսկ Խարտիան հռչակում է. «Մեր ժամանակը ժամանակն է այն հույսերի և սպասումների, որոնք ապրել են ժողովուրդների սրտերում տասնամյակների ընթացքում, դեմոկրատիայի ամուր կապվածությունը, հիմնված մարդու իրավունքների և հիմնարար ազատության, տնտեսական ազատության և սոցիալական արդարության, հավասար անվտանգության վրա մեր բոլոր երկրների համար»: Խնդրում ենք անել Ձեր լիազորությունների սահմանում հնարավորը` զեկույցը հանրությանը հասանելի դարձնելու համար: Հարգանքով` Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների կոմիտե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter