Կոպիտ սխալներից մեկը
«Կարծում եմ` լոնդոնյան ելույթում տեղ գտած կոպիտ սխալներից մեկն էլ խորհրդարանի փոխարեն խոստումներ տալն է: Իհարկե, թե Հայաստանում, թե Թուրքիայում, թե Միացյալ Նահանգներում բոլորն էլ հասկանում են, որ Երեւանում քվեարկությունը լինելու է թելադրանքով: Բայց ըստ մեր Սահմանադրության`«պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»:

Հետեւաբար, գոնե հարգելով երկրի Սահմանադրությունը` պետք չէր ոտնահարել խորհրդարանն ու նման խոստումներ տալ: Ցավոք, այս առումով Էրդողանին խորհուրդ տվողներն ավելի հասուն են, քան Հայաստանի նախագահին»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:
Նրանք են տարածել
Պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարության շինվարչության նախկին պետ Արմեն Սարգսյանը երեկ իր փաստաբանների միջոցով պարզաբանել է, թե իրականում ով է խնդրո առարկա փաստաթուղթը հրապարակել:
Արմեն Սարգսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր պաշտպանյալն ասել է, թե խնդրո առարկա փաստաթղթի (պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 2008-ի փետրվարի 23-ին ստորագրած N0038 հայտնի հրամանը) արտահոսքը կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Արմեն Սարգսյանը փաստաբանի միջոցով փոխանցել է նաեւ, որ վերը նշված պաշտոնյաները փորձում են իր վրա մեղքը բարդել, քանի որ տարիներ առաջ` իր պաշտոնավարման ժամանակ, նրանց հետ շատ լարված հարաբերություններ է ունեցել:
Հակերները կոտրել են «Ակօս» թերթի ինտերնետային կայքը
Թուրք ազգայնական հակերները կոտրել են Ստամբուլի հայալեզու «Ակօս» թերթի ինտերնետային կայքը: Թուրքական «Վաթան» թերթի տեղեկացմամբ, հակերները կայքի առաջին էջում տեղադրել են 2007-ի հունվարի 19-ին թուրք ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանված «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի ոճրագործ Օգյուն Սամաստի` Սամսունում` ոստիկանական բաժանմունքում, կատարված լուսանկարը:
Լուսանկարի տակ թերթի խմբագրատանն ուղղված սպառնալիքում գրված է. «Ողջույններ Օգյուն Սամաստին», «Կամ սիրիր, կամ լքիր», «Նոր Օգյուն Սամաստները ճանապարհին են» արտահայտությունները:
Երգիչ Սարոն կալանավորված է
Թերթի աղբյուրները հաղորդում են, որ «Ջիանի» ռեստորանում հունվարի առաջին օրերին Լեւոն Սարգսյանի եւ Սեյրան Սարոյանի թիկնազորի միջեւ ծագած վիճաբանության արդյունքում կալանավորված անձանց թվում շարունակում է մնալ երգիչ Սարոն` Սեյրան Սարոյանի սանիկը:
Սա հաստատեց նաեւ նրա պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը, որն այս գործի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու թերթի խնդրանքին ի պատասխան` ասել է, որ ցանկալի կլիներ, որ այս մասին ընդհանրապես չգրվեր, իսկ եթե ոչ, «ապա թողնում է առանց մեկնաբանության»:
Տեր է
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղած պատասխան ուղերձում ինքն ընդգծել է տրված խոստումներին տեր կանգնելու անհրաժեշտության մասին:
«Մեզ համար անընդունելի է արձանագրությունների դրույթներից որեւէ մեկի փոփոխությունը, դրանք վերաշարադրելու ցանկացած դրսեւորում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Դա մեր մանկության երազանքը չէ
«Նույնիսկ եթե Հայաստանը միակողմանի վավերացնի արձանագրությունները, դրանք, միեւնույն է, ուժի մեջ չեն մտնի: Սահմանը փակել է Թուրքիան, Թուրքիան էլ պիտի բացի:
Միակողնամի վավերացնում ենք, որ ի՞նչ. աշխարհին ցույց տանք, որ մեր մանկության երազանքը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատե՞լն է: Մեր նպատակը հեռահար է` Հայաստանը ժողովրդավարական այն մոդելի կողմնակիցն է, ըստ որի` փակ սահմաններ չպիտի լինեն: Մենք ցիվիլ աշխարհի մաս ենք, եւ այդ չափորոշիչներով էլ շարժվում ենք»,- գտնում է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ազգի փրկության պատվերն իջեցված է
Հանրային խորհդրի նիստում Սոս Սարգսյանը հայտարարել է, թե եթե հայկական հեռուստաեթերը շարունակի մնալ նույն մակարդակի, հայ ազգը կկործանվի:
«ՉԻ» - Առ այսօր մարդկությանը հայտնի չեն դեպքեր, որ որեւէ ազգ կործանվի անմակարդակ հեռուստաեթերի պատճառով, բայց մեծ հաշվով` Սոս Սարգսյանն, իհարկե, իրավացի է: Այն իմաստով, որ եթե ոչ հայ ազգը, ապա Հայաստանի հասարակությունը գնում է դեպի կործանում:
Այլ հարց է, որ դա տեղի է ունենում ամենեւին էլ ոչ հեռուստաընկերությունների պատճառով: Ավելի ճիշտ` հակառակը` Հայաստանը գնում է դեպի կործանում, դրա համար էլ հեռուստաեթերի վիճակն այսպիսին է:
Իսկ ինչո՞ւ է Հայաստանը գնում դեպի կործանում, ո՞րն է այս դեգրադացիայի բուն պատճառը: Պատճառն այն է, որ իշխանությունները մինչեւ կոկորդը խրված են կրիմինալի մեջ, որ Հայաստանում ցանկացած հարց լուծվում է կոպիտ ուժով կամ կաշառքով, որ «Ա1+»-ն ամենաայլանդակ ձեւով փակվում է, եւ դրանով իսկ հեռուստաընկերությունների միջեւ մրցակցությունը վերանում է եւ այլն:
Բայց անկեղծ ասած` ինչ-որ չենք հիշում, որ Սոս Սարգսյանը կամ Հանրային խորհրդի մյուս անդամները երբեւէ պայքարած լինեն այս ամենի դեմ: Չգիտես ինչու, նրանք որոշել են հայ ազգը կործանումից փրկել հատկապես հիմա: Երեւի մի քանի ամիս առաջ պարզապես համապատասխան հրահանգ դեռ չկար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել