ՀՀՀ-ն կփոխհատուցի 10 լավագույն ուսանողի ուսումնառության վարձը
Հաջորդ տարի Շուշիում կգործի Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղը
Այսօր Հայաստանի ագրարային համալսարանի գիտաժողովի նիստում հայտարարվեցին բուհի այն 10 լավագույն ուսանողների անունները, ովքեր իրենց բարձր առաջադիմության շնորհիվ օժանդակություն կստանան «Հայաստան» համահայկական հիմնադրամի կրթական ծրագրերից: Այս մասին նշվում է հիմնադրամի գործադիր վարչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ծրագիրը նախաձեռնել եւ հովանավորում է հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինը, որը նաեւ կատարում է բուհի առաջադրած թեկնածուների վերջնական ընտրությունը:
Կփոխհատուցվի Գուրգեն Փիլոսյանի, Յուրա Մկրտչյանի, Մուշ Ավեյանի, Արուս Աղաբաբյանի, Դավիթ Առաքելյանի, Հրաչյա Հակոբյանի, Խաչատուր Բարսեղյանի 1 կիսամյակի, Արփինե Մովսիսյանի ու Նաիրա Հովակիմյանի` 2 կիսամյակի եւ Մանե Աթոյանի` 4 տարվա ուսումնառության վարձը:
«Ինձ համար սա ուղղակի անգնահատելի օգնություն է, քանի որ ընտանիքս բնակվում է Տավուշում, իսկ ես ամիսներ առաջ եմ տեղափոխվել Երեւան ուսումս շարունակելու նպատակով: Կփորձեմ արդարացնել իմ հանդեպ վստահությունը»,- ասաց Մանե Աթոյանը, ով տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի է:
Ռեկտոր Արշալույս Թարվեդյանն իր ելույթում բարձր գնահատեց համալսարանի հետ հիմնադրամի երկար տարիների համագործակցությունը: Նրա խոսքերով` հաջորդ տարի Շուշիում կգործի բուհի մասնաճյուղը, որը եւս կնպաստի պատմական այդ քաղաքի վերաբնակեցմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը ներկաներին տեղեկացրեց, որ հովանավորող կողմը պատրաստակամություն է հայտնել վճարել եւս 1 ուսանողի 4 տարվա ուսումնառության վարձը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել