Գյումրիում նորակառույց բնակարանները «կարգի» են բերվում
2009թ. դեկտեմբերի վերջին «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությունը խոստացած 1056 բնակարանի փոխարեն շահագործման հանձնեց 0 բնակարան: Այն, ինչ կապալառու կազմակերպությունը դեկտեմբերի 23-ին ներկայացրել էր որպես հանձնվելիք բնակարանի ավարտուն տարբերակ, պարզապես «մերժվեց» երկրի նախագահի կողմից: Դա այն չէր, ինչ պետք է առաջարկվեր 21 տարի տնակներում համբերատար բնակարանի սպասող անօթեւաններին:
Դեկտեմբերի 23-ին նորակառույց թաղամաս նախագահ Սերժ Սարգսյանի այցն ավարտվեց չնախատեսված խորհրդակցությամբ եւ բնակարանաշինության ծրագրի համար պատասխանատու մարմիններին տրված խիստ հանձնարարականներով:
Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ Արտաշես Սարգսյանը խոստովանում է, որ 7-8 ամսում 1000 բնակարան հանձնելու խոստումն առնվազն «տղայություն» է, եւ փորձառու շինարարը դժվար թե նման բեռի տակ մտներ:
«Եթե առիթ ունեցել եք հանդիպելու, ապա տեսած կլինեք, որ կազմակերպության ղեկավարները երիտասարդ տղաներ են: Դե ուզեցել են լավ բան անել, 8 ամսում հազար բնակարան հանձնել, բայց, իմ կարծիքով, որոշ բաներ ճիշտ չէին հաշվարկել, ամենակարեւորը` հաշվի չէին առել Գյումրու բնակլիմայական պայմանները,- կարծիք է հայտնում Արտաշես Սարգսյանը,- նախ` աշխատանքները սկսվել էին մայիս ամսին, եւ այդքան ծավալ հասցնելու համար 7ամիսը քիչ էր, հետո` ոչ փորձառու մարդիկ շատ էին ընդգրկված շինարարությունում, որովհետեւ հասցնելու խնդիր կար, հիմա բոլոր թերությունները շտկվում են, եւ մայիսից մեր անօթեւանները կարող են թեթեւ սրտով բնակարանամուտ տոնել»:
«Գլենդել Հիլզի» Գյումրու կառուցապատման աշխատանքները ղեկավարող Միքայել Ներսիսյանը մասնագիտությամբ իրավաբան է, ոչ շինարար, նա ներկայումս էլ զբաղեցնում է այդ պաշտոնում: Իսկ ահա 2010 թ. հունվարից շինարարության ղեկավարը Գյումրիում փոխվել է:
Նորանշանակ ղեկավարը` Հովհաննես Աբրահամյանը, մասնագիտությամբ շինարար է, Արտաշես Սարգսյանի հավաստմամբ` բավական փորձառու: Պարոն Սարգսյանի փոխանցմամբ` փոխվել է նաեւ շինարարություն իրականացնող բրիգադների կազմը, աշխատելու են հրավիրել առավել բազմափորձ շինարարների: Ցավոք, գյումրեցի փորձառու մասնագետները կրկին չեն ընդգրկվել շինաշխատանքներում:
Այս պահին 700-ից 800 շինարար է աշխատում «Գլենդել Հիլզի» Գյումրիի մասնաճյուղում: Քաղաքաշինության նախարարի հանձնարարականով շինարարական աշխատանքները վերահսկող տեսչության պետի տեղակալ Արտաշես Սարգսյանի հավաստմամբ` այս պահին բնակարաններում ընթանում են սալիկապատման աշխատանքներ, վերացվում են ներքին հարդարման բոլոր թերությունները, որոնք նկատվել եւ արձանագրվել են դեկտեմբերին:
«Սանհանգույցն իր ամբողջ կահավորմամբ, սալիկապատված կհանձնվի բնակչին: Անպայման կլինի ջեռուցման համակարգ: Ես չգիտեմ` «Արիստո՞ն» կտեղադրեն, թե՞ «Բաքսի», բայց դրանցից մեկնումեկը կլինի,- ասում է Արտաշես Սարգսյանը,- քանի որ էն ժամանակ թաց ստյաժկի վրա էին լամինատը խփել, հիմա որ սկսել են բնակարանները տաքացնել, որ աշխատանքները շարունակեն, լամինատը ուռել է, դրանք բոլորը հանում են եւ նորն են տեղադրում: Այսինքն` ինչ ժողովուրդը խոսում էր թերությունների հետ կապված, դրանք ճիշտ էին եւ հիմա վերացվում են»:
Արտաշես Սարգսյանի հաշվարկներով` եթե բնակարանները անօթեւաններին տրամադրվեին այն տեսքով, ինչ տեսքով «Գլենդել Հիլզը» պատրաստվում էր հանձնել 2009 թ. դեկտեմբերին, ապա բնակիչն առնվազն 3000 դոլարի ծախս պիտի կատարեր:
2010 թ. հունվարի վերջին նորակառույց թաղամաս էին այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Արտաշես Սարգսյանի փոխանցմամբ` դիտել իդեալական տեսքի բերած մի քանի բնակարաններ, հավանել եւ հանձնարարել կառուցապատողներին շարունակել նույն ոգով ու ոճով: Ի դեպ, հունվարի վերջին «Հայսեյսմշինը» եւս ստուգումներ էր սկսել թաղամասում: Նպատակը` ճշտել շենքերի հիմնասյուների ամրանաբետոնյա պարունակությունը:
Քանի որ նորակառույց թաղամասի ապագա բնակիչների անհանգստություններից մեկն էլ վերաբերում էր բնակարանների մակերեսին, «Հետքը» մի քանի հարցադրումներ էր ուղղել Քաղաքաշինության նախարարությանն ու ստացել դրանց պատասխանները: Անօթեւան ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակմակերեսները հաստատվել են ՀՀ Կառավարության 2009 թ. նոյեմբերի 26-ի թիվ 1402-ն որոշման 2-րդ կետով:
Բազմաբնակարան շենքերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերում բնակարանների ընդհանուր մակերեսների նվազագույն եւ առավելագույն չափերն ըստ սենյակների քանակի, քաղաքաշինության նախարարության տրամադրած տվյալներով, ունի հետեւյալ տեսքը.
1 սենյականոց բնակարանը` 40-47 քմ
2 սենյականոց բնակարանը` 52-59 քմ
3 սենյականոց բնակարանը` 65-70 քմ
4 սենյականոց բնակարանը` 77-80 քմ
5 սենյականոց բնակարանը` 90-110 քմ
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերի 1 սենյականոց բնակարանների մակերեսները 40, 42, 47 քմ է, 2 սենյականոց բնակարանները` 54 եւ 56 քմ, եւ 3-սենյականոց բնակարանները 66 եւ 67 քմ ընդհանուր մակերեսներով են, որոնցում ներառված է նաեւ խոհանոցը:
Նախարարությունից տեղեկացնում են, որ այս բնակմակերեսները համապատասխանում են Գյումրիում մինչ այդ այլ ծրագրերով կառուցված բնակարանների մակերեսներին: Այստեղ տեղին է հիշել նույն պետբյուջեով 2003-2004 թթ. կառուցված բազմաբնակարանների մասին:
Այս շենքերում 2 սենյականոց բնակարանի բնակմակերեսը 72 քմ է, իսկ 3 սենյականոցը` 99 քմ: Ստացվում է, որ նույն պետբյուջեով կարելի է կառուցել նաեւ այլ ստանդարտներով բնակարաններ, առավել հարմարավետ, ընդարձակ, ապահովված ջեռուցման համակարգով եւ կահավորված սանհանգույցով:
Այնուհետեւ Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ Կառավարության 2009 թ. նոյեմբերի 26-ի թիվ 1402-ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթների համաձայն` կառուցված բնակարանների ընդհանուր մակերեսների տարբեր չափերի դեպքում ավելի մեծ մակերեսով բնակարանները հատկացվելու են ավելի մեծ կազմ ունեցող ընտանիքներին:
Հիշեցնենք, որ անօթեւաններին բնակարանները բաշխվում են վիճակահանության կարգով եւ, ասենք, 1 սենյականոցի վիճակահանության ժամանակ թղթի վրա գրված թիվ 10 շենք, բնակարան 14-ը չի արտացոլում բնակարանի քառակուսին: Այսինքն` անձով ավելի շատ ընտանիքին կարող է բաժին հասնել ոչ թե 47 քմ, այլ 40 քմ կամ 42 քմ բնակմակերեսով բնակարան:
Նախարարությունից ստացված պատասխանում նշված էր, որ հերթացուցակում կան 1000-ից ավելի 1 սենյականոց բնակարանի հավակնորդներ, որոնց ընտանիքները կազմված են 3 եւ ավելի անդամներից, ըստ այդմ` որոշվել է մինչեւ 3 անդամ ունեցող ընտանիքներին տրամադրել 40-42 քմ, իսկ 3 եւ ավելի անդամից կազմված ընտանիքներին` 47 քմ ընդհանուր մակերեսով բնակարաններ:
Քաղաքաշինության նախարարությունից «Հետք»-ի հարցադրումներին տրված պատասխան-նամակում նշված էր, որ «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները վերահսկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարը եւ նախարարի տեղակալը բազմաթիվ շրջայցեր են իրականացրել, եւ ծագած խնդիրների լուծման նպատակով խորհրդակցություններ են կազմակերպվել: Եթե այդքան ինտենսիվ են եղել շրջայցերը, ինչպե՞ս է պատահել, որ վերահսկող կառույցը չի նկատել սառած գաջի վրա ներկ անող կամ դեռ չչորացած բետոնե հատակին լամինատ խփող շինարարին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել