HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Վերամշակող գործարանները մեծ շահույթ են ստանում, բայց չեն ուզում ցույց տալ»

Ասում է Արարատի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը Արարատի մարզի գյուղացիները բազմիցս դժգոհել են, որ չեն կարողանում գյուղատնտեսական արտադրանքն իրացնել: Նախորդ տարի այդ առիթով բողոքի ակցիաներ կազմակերպվեցին: Շատերը մինչ օրս նույնիսկ չեն կարողացել իրացնել խաղողի բերքը ու լուրջ վնասներ են կրում: Ինչպե՞ս կբնորոշեք մարզի գյուղատնտեսության վիճակը: Մարզում կա շուրջ 4900 հա խաղողի այգի, որից 4500 հա բերքատու է: 2009 թվականին արտադրվել է 85 հազար տոննա խաղող, որից 68 հազար տոննան գործարաններն են մթերել: Կարող են մեղադրել, որովհետեւ ժողովրդի մեջ աժիոտաժ սկսվեց, որ հնարավոր է խաղողը չմթերվի: Դրա համար բերքահավաքը շուտ սկսվեց, որի արդյունքում էլ խաղողը քիչ շաքարայնություն ունեցավ, գինն էլ ընկավ: Դա ձեռնտու էր կոնյակագործներին, ոչ թե գինեգործներին: Այս պահին մոտ 7000 տոննա խաղող դեռ սառնարաններում է պահվում: Խաղողի իրացման հիմնական ճանապարհը եղել է Վրաստանը: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վրացիները գալիս էին մարզից խաղող էին տանում: Այս տարի վրացիները քիչ եկան: Իմ հասկանալով` Վրաստանի Կառավարությունը բարձր մաքսավճար է սահմանել դրսից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների վրա: Բայց տարիներ շարունակ վրացիները աշխատել են մարզում, եւ մինչեւ մարտ խաղողը սպառվել է: Քանի որ չարտահանվեց, գները բավականին էժանացան: Բայց լավ է, որ ապրանքը շատ է, գներն էլ ցածր են` բոլորն էլ գնողունակ կդառնան: Ի՞նչ վատ բան կա, թող ժողովուրդը տարին 12 ամիս խաղող ուտի: Բայց դրանից սառնարանային տնտեսություններն են տուժում, քանի որ զգալի ծախսեր են անում խաղողը ձմռանը պահելու համար: Դե մի քիչ վնաս կրում են` կապված էլեկտրաէներգիայի եւ խաղողի պահպանման հետ, բայց ի՞նչ անենք: Մենք ոչ ծովային սահման ունենք, ոչ էլ ճանապարհներ, որ կարողանանք հարեւան պետություններում իրացնել: Ի՞նչ եք կարծում, գյուղնախարարությունը չպե՞տք է միջոցներ ձեռնարկի այս պարագայում:Թեկուզ հարեւան պետությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն: Շատ գյուղացիներ վարկեր են վերցրել, որ գյուղատնտեսության մեջ ներդրում անեն, բայց վնասներ են կրել ու հիմա չեն կարողանում վարկերը փակել: Հարցին չեմ կարող ճիշտ պատասխանել: Գյուղնախարարությունն ու՞ր տանի այդ ապրանքը: Ինչ վերաբերում է վարկերին, ապա «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով անցյալ տարվանից «Ջրից դեպի շուկա» ծրագիր է իրականացվում: Տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով վարկավորում են անում ու չեմ կարծում, որ դա այդքան էլ բարձր է: Ուղղակի գյուղացիների մի մասը վարկը վերցնում է այլ նպատակներով, ոչ թե գյուղացիական տնտեսությունը զարգացնելու համար: Ով գյուղատնտեսության համար վարկ է վերցնում, կարողանում է հետ վճարել, իսկ մյուսները պարզ չէ՞, որ չեն կարողանա: Ճիշտ է, այսօր մինչեւ 24 տոկոս տոկոսադրույքով վարկեր կան, բայց գյուղացիներն էլ թող վերցնեն այն վարկը, որն իրենց է ձեռնտու: Մենք չենք կարող բանկերին ստիպել, որ գյուղացուն էժան տոկոսադրույքով վարկեր տան: Գյուղատնտեսությունն ամենամեծ արտադրությունն է բաց երկնքի տակ, որը ոչ մի բանով երաշխավորված չէ: Ես կցանկանայի, որ գյուղնախարարությունը ոչ թե միջպետական պայմանագրեր կնքեր բերքի իրացման հետ կապված, այլ ճիշտ կլիներ ստեղծվեր պետական աջակցության ապահովագրական ընկերություն, որ գյուղացին վստահեր պետությանը եւ ապահովագրեր իր գյուղատնտեսական տարածքները: Երկրորդ` մեր հանրապետության ղեկավարները թող մտածեն ու մի օրենք մշակեն, որ ցանկացած վերամշակող գործարանում Կառավարությունը դառնա փայատեր: Թող դա լինի սուբսիդավորման ձեւով: Չեմ ուզում անուններ ասել, բայց կան արտասահմանյան ընկերություններ, որ պատրաստ են ցանկացած վերամշակողի մոտ ներդրում անել եւ արտադրանքն իրացնել, բայց այսօր ոչ մի վերամշակող ընկերության ձեռնտու չէ աշխատել արտասահմանյան ընկերությունների հետ: Ըստ իս` վերամշակող գործարանները մեծ շահույթ են ստանում եւ չեն ուզում ինչ-որ մեկին դա ցույց տալ: Ես պահածոների գործարանում տեխնոլոգ եմ աշխատել: Այսօր գտնում եմ, որ բանջարեղենի, մասնավորապես` պոմիդորի մթերման գինը այս վաճառքի պայմաններում պետք է լինի 50 դրամից ոչ պակաս, մինչդեռ գործարանները մթերում են 22-30 դրամով: Բոլորս էլ տանը տոմատ պատրաստում ենք եւ լավ գիտենք, որ 3-4 կիլոգրամ պոմիդորից 1 կիլոգրամ տոմատ է լինում: Այսինքն` հիմա մեկ կիլոգրամ տոմատի համար, որը շուկայում վաճառվում է 650 դրամով, վերամշակող ձեռնարկությունը գյուղացուն տալիս է 120 դրամ: Պետության միջամտությունը հենց այստեղ է պետք: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում պետության միջամտությունը: Կառավարությունը պետք է գին որոշի եւ պահածոների գործարանին ասի, որ պետք է լոլիկն ընդունես 50-60 դրամով: Թող գործարաններն էլ հաշվարկեն, եթե իրենց 30 դրամն է ձեռք տալիս, թող պետությունն ինքը կիլոգրամի համար 20 դրամը տա գործարանին ու այդ 20 դրամի հաշվարկով վերամշակող գործարանում ստուգումներ իրականացնի: Բա ուրիշ պետություններում ո՞նց են անում: Ի՞նչ է եղել, թող իրար հետ աշխատեն: Ես եղել եմ Հունաստանում: Այնտեղ մտել ենք ձիթապտղի ձեթ արտադրող մի գործարան: Մեզ ասացին, որ յուրաքանչյուր լիտրի համար ձիթապտուղ արտադրող ֆերմերը ստանում է 10 եվրո: Այդ գումարը ստանում էր գործարանից, հիմա դա գործարանն էր տալիս, թե պետությունը` արդեն կարեւոր չի: Իրենց մոտ կոոպերացիոն համակարգ էր: Գյուղացին հստակ գիտեր, թե քանի կիլոգրամ ձիթապտղի համար ինչքան գումար կստանա: Գյուղացին դրանից իրեն լավ էր զգում: Բա ինչի՞ նման է, գյուղացին տանջվում է, իր արտադրանքը տանում գործարան, այնտեղ էլ օրերով հերթ է կանգնում, ապրանքն էլ փչանում է: Պետք է հասնենք նրան, որ մթերողը գա գյուղացու հողից ապրանքը կշռի ու տանի: Այսինքն՝ այնպես, ինչպես անում են քաղաքակիրթ երկրներում: Մեր ղեկավարներն այսօր ամեն ինչ ուսումնասիրում են, քաղաքակիրթ երկրների փորձն են օգտագործում, բայց թե ինչու՞ գյուղատնտեսությանը ուշադրություն չեն դարձնում, չգիտեմ: Հայաստանն ագրարային երկիր է: Հանրապետությունով մեկ պետք է վերամշակող գործարաններին ուշադրություն դարձնեն, դրանք շատացնեն, որ մենաշնորհ չլինի, ու դրանց սեփականատերն էլ հանրապետությունում կամք չթելադրի: Շատ լավ կլիներ, եթե պետության հովանու տակ մի պահածոների գործարան բացվեր, որ մյուսների հետ մրցունակ լիներ: Եթե պետական գործարանը թանկ գներով մթերեր գյուղացու ապրանքը, մյուս գործարանների սեփականատերերի մոտ էլ երեւի խիղճ կառաջանար, որ գյուղացին արեւի տակ վառվում է ու 22 դրամով ապրանք է հանձնում իրենց: 22 դրամ ասում ենք, բա որ գործարանները կշեռքի մեջ էլ խաբում են: Դուրս է գալիս, որ գյուղացին կես գնով է ապրանքը հանձնում: Աստված մեզ գազ ու նավթ չի տվել, բայց արեւ է տվել, որ գյուղատնտեսությունը զարգացնենք: Պետությունն ընդամենը պետք է մի փոքր ուշադրություն դարձնի գյուղատնտեսությանը: Գյուղնախարարությունը թող պայմանագրեր կնքի պետությունների հետ, որ գան մեր ապրանքը գնեն ու տանեն: Բա ինչի՞ նման է, պահածոների գործարանը 20-30 դրամով է գյուղացու ապրանքը մթերում: Գյուղացուն էլ ձեռք չի տալիս, ու 100-ավոր տոննաներով բերք է փչանում: Գյուղացին արտադրում է, բայց այդ արտադրանքը չի իրացվում: Եթե պետությունն ուզենա, կարող է դա անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter