HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միայն Վերին Արտաշատում 3500 տոննա խաղող մնացել է սառնարաններում

Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքում չկա մի գյուղացի, որ գոհ լինի իր սոցիալ-կենցաղային վիճակից: Գրեթե բոլորը գրավ են դրել իրենց տներն ու հողամասերը` վարկի դիմաց: «Գյուղացու մասին բացարձակապես ոչ մեկը չի մտածում: Գյուղացին մի լքված, եթիմ երեխա է Կառավարության համար»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Արուս Շահոյանը: Նա Վերին Արտաշատում 4900 մետր խաղողի այգի ունի: Այն մշակելու համար «Ֆինկա» եւ «Արեգակ» վարկային կազմակերպություններից վարկ է վերցրել: 2500 դոլար «Ֆինկա»-ի վարկն է, իսկ «Արեգակ»-ից վերցրած վարկից 1.8 մլն դրամ արդեն վճարել է, մնացել է 600 հազար դրամ: Նրա 4900 մետր խաղողի այգին դեռ գրավ է դրված: ««Ֆինկան» մեզ հետ պայմանագիր է կնքել դոլարով, բայց վերցնելուց դրամի կուրսով հաշվում են, նոր են վերցնում: Մեզանից դոլար չեն վերցնում, դրամ են ուզում, սակայն պայմանագիրը դոլարով է կնքված: Իրենք իրենց պայմաններն են թելադրում, իսկ գյուղացին ուզում է մի գործ դնի, որ կարողանա ապրի, ստիպված համակերպվում է ու վարկը վերցնում»,- ասաց Ա. Շահոյանը: Նրանք չեն կարողանում խաղողն իրացնել եւ մարել վարկի գումարը: Արուս Շահոյանը խաղողը արկղերով պահում է սառնարանում` հուսալով, որ մի օր կկարողանա իրացնել: 500 արկղ խաղողից մինչ այժմ կարողացել է իրացնել ընդամենը 100-ը, 400 արկղ խաղող դեռ սառնարանում է: Գյուղացիները պատմում են, որ այս տարի իրենք լավ բերք են ունեցել, սակայն մթերող գործարանները խաղողն ընդունել են միայն նրանցից, ում հետ պայմանագիր ունեին: Պայմանագիր չունեցողներն էլ սպասել են, որ վրացիները գան ու խաղողն արտահանեն, սակայն այդպես էլ չեն եկել: «Միայն պայմանագիր ունեցողներն են կարողացել գործարաններին հանձնել: Մենք էլ պայմանագիր չունեինք, ուրեմն իրավունք էլ չունեինք գործարանին մոտ գնալ»,- պատմում է Արուս Շահոյանը: Վերին արտաշատցիների հաշվարկով՝ խաղողը գործարաններին հանձնած գյուղացիները նույնիսկ վնասներ են կրել, քանի որ իրենց մշակած 1 կիլոգրամ խաղողի ինքնարժեքը 104 դրամ է, մինչդեռ գործարանները խաղողը մթերել են 80 դրամով եւ ավելի: «Ամբողջ գյուղը թունաքիմիկատների պարտքեր ունի: Էլի թույն վաճառողները խիղճ ունեն, որ մեզ պարտքով տալիս են ու կարողանում ենք ժամանակին բուժումներն անել: Էլ չեմ ասում հողի վարձավճարների պարտքերի մասին: Հիմա էլ ասում են՝ եթե պարտքերը չվճարեք, գործը դատարան կուղարկենք: Գյուղացին որտեղի՞ց վճարի, նույնիսկ անհարմար ենք զգում, որ գնանք գյուղապետից մի տեղեկանք վերցնենք: Ինչի՞ պիտի անհարմար զգայինք, ինչի՞ պետք է մեր խաղողը նորմալ չվաճառվի, որ մենք էլ հող ու ջրի վարձերը նորմալ մուծենք ու չամաչենք»,- ավելացրեց Արուսը: Նա մտավախություն ունի, որ չի կարողանա վարկի գումարը տալ, եւ վարկային կազմակերպությունը կվերցնի այգին: «Ֆինկան» տան գույքագրում է արել, ու տիկին Արուսը մտածում է, որ տան գույքից էլ կզրկվի: «Մեր Կառավարությունը պետք է խելացի մտածի, պետք է ամեն միջոց ձեռնարկի, որ մեր խաղողը մթերվի, որովհետեւ մենք ապրում ենք միայն խաղողով, այլ եկամուտներ չունենք: Կամ էլ հող ու ջրի վարձերից մի քանի տարի ժողովրդին ազատեն կամ զիջումներ անեն: Թույներն էլ են թանկացել»,- ավելացրեց Ա. Շահոյանը: Նրա խոսքերով` սառնարանային տնտեսություն ունեցողները 24 ժամ էլեկտրաէներգիա են օգտագործում եւ միայն վնասներ են կրում: «Խաղողը պահելու համար ծծումբ ենք օգտագործում ու մեր առողջությունն ենք քայքայում: Արդեն մեր թոքերը շարքից դուրս են եկել, ծծումբն էլ լրիվ քաղցկեղի բուն է: Կարեւորն այն է, որ Կառավարությունն այս վիճակից դուրս գալու ելք գտնի, որովհետեւ գյուղացին խորտակված վիճակում է»,- ասում է Ա. Շահոյանը: Արուսն աշխատում է Երեւանի շտապօգնությունում ու ամսական 35 հազար դրամ աշխատավարձ ստանում: Նա դժգոհեց, որ պետությունն իրեն ցածր աշխատավարձ է տալիս, իր խնամքի տակ ունի 2 հիվանդ թոշակառու, որոնց դեղերի արժեքը ամսական 100 հազար դրամից անցնում է: «Նրանք ստանում են ընդամենը 40 հազար դրամից մի փոքր ավել թոշակ: Այդ թոշակը նույնիսկ իրենց դեղերին չի հերիքում: Թոշակառու մարդ է, հորս աչքի վիրահատությունը չենք կարողանում անել, որովհետեւ հիվանդության կարգ չունի ու պետպատվերի տակ չի ընկնում: Յուրաքանչյուր աչքի վիրահատությունն արժե 220 հազար դրամ»,- պատմեց Արուսը: Միշա Շահոյանն էլ ցույց էր տալիս փոքր սրվակով մի դեղ, որի համար 2000 դրամ է վճարում: «Բա ես իմ թոշակով կարա՞մ էս դեղն ամեն անգամ առնեմ, արդեն աչքերս էլ չեն տեսնում»,- ավելացրեց նա: Միշա պապը պատմում էր, որ մինչեւ վերջերս տանը գազ են վառել, բայց հիմա արդեն փայտ են վառում: Կտրել են բակի բերքատու ծիրանի ծառերը, որովհետեւ գազի վարձավճարը չեն կարողանում տալ: Վերին Արտաշատի համայնքապետ Աշոտ Ղազարյանը նշեց, որ գյուղի ընդհանուր սոցիալական վիճակն այնքան էլ վատ չէ եւ գյուղացիներն ապրում են նորմալ պայմաններում, պարզապես խաղողի իրացման հետ կապված խնդիրներ կան: Վերին Արտաշատում շուրջ 430 հա խաղողի այգի կա: «Եթե նախորդ տարիներին Վրաստանի հետ սահմանն անմիջական բաց էր, ու վրացիներն այստեղից խաղողն արտահանում էին, այս տարի նրանց պատճառաբանությամբ` Վրաստանի Կառավարությունը թույլ չի տալիս, որ դրսից խաղող ներկրեն: Այսօրվա դրությամբ մեծ խնդիր ունենք, քանի որ 3500 տոննայի չափով սառնարաններում խաղող է մնացել եւ հնարավոր է, որ արդեն փչանա»,- հայտնեց Ա. Ղազարյանը: Համայնքապետը փաստում է, որ մթերումների օրվանից սկսած՝ դիմել է պատկան մարմիններին, սակայն խնդիրը մինչ օրս չի լուծվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter