HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Սպառնացել է, որ արաբները կբռնաբարեն եւ սեռական շահագործման է ենթարկել

2009 թվականի նոյեմբերին Նանո մականունով հայտնի կավատի` 46-ամյա Ամալյա Մատուլյանի գործով դատավարության ժամանակ նրա զոհերից մեկը` Սոնան, ցուցմունք է տվել, որ 2003 թվականի օգոստոսին Գյումրի քաղաքում ծանոթացել է Գայանե Մելքոնյանի հետ: Վերջինս Սոնային առաջարկել է բարձր աշխատավարձով մատուցողուհու աշխատանք Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում: Սոնան տեղափոխվել է Երեւան, ապա Մոսկվա, այնտեղից էլ` Դուբայ: Այստեղ նրան դիմավորել է Ագնեսան եւ տարել Նանոյի` Ամալյա Մատուլյանի մոտ: Սոնայի խոսքով` Ամալյան հաջորդ օրն իրեն ուղարկել է դիսկոտեկ եւ ասել, որ պետք է մարմնավաճառությամբ զբաղվի: Սոնան մերժել է եւ ասել, որ իրեն մատուցողուհու աշխատանք են խոստացել: Նրա վկայությամբ` Ամալյա Մատուլյանն ասել է. «Կզանգեմ պոչիկ Ալիին, կգա կտանի, ամեն տեղից ամեն բան կանի, տեսնեմ ո՞նց չեք աշխատում»: Նանոն ծեծի ենթարկելու եւ բռնաբարության սպառնալիքներով Սոնային ներգրավել է պոռնկության մեջ, շուրջ 6 ամիս ենթարկել սեռական շահագործման եւ ամբողջությամբ ստացել Սոնայի՝ մարմնավաճառությամբ վաստակած գումարները: Սոնան օրական աշխատել է 300-500 ԱՄՆ դոլար, իսկ երբ չի աշխատել, Ամալյան ձեռքով, փայտով կամ երկարացման լարով խփել է նրան եւ ուղարկել աշխատելու: Սոնան Ամալյա Մատուլյանի միակ զոհը չէ: 46-ամյա Ամալյա Մատուլյանը 1997 թվականից մինչեւ 2002 թվականի ապրիլը Արաբական Միացյալ Էմիրություններում զբաղվել է կավատությամբ, ինչի համար նախկինում դատապարտվել է: Ազատության մեջ հայտնվելուց հետո Նանոն շարունակել է իր «արհեստը» Դուբայում: Նա շահագործման նպատակով մարդուն հավաքագրելու եւ փոխադրելու շուրջ նախնական համաձայնության է եկել Գայանե Մելքոնյանի եւ Սուսաննա Նիկողոսյանի հետ եւ գումարներ վաստակելու նպատակով 2003 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրի քաղաքում բարձր վարձատրվող մատուցողուհու աշխատանք տրամադրելու կեղծ խոստումով հավաքագրել եւ Մոսկվա է ուղարկել հայ աղջիկների: Սեւակ Սիմոնյանը եւ Ավետիք Խաչատրյանը դիմավորել են աղջիկներին եւ փոխադրել ԱՄԷ-ի մայրաքաղաք Դուբայ: Ամալյա Մատուլյանի գործը ներառված է 2009 թվականին փողերի լվացման հանցակազմով առկա 6 դատավճիռների ցանկում: Նրա մեկ այլ զոհ` Սուսաննան, դատարանում պատմել է, որ իրեն Դուբայ են տեղափոխել` խոստանալով խմորեղենի խանութում բարձր աշխատավարձով վաճառողուհու աշխատանք: Սուսաննայի փոխադրման ծախսերը հոգացել են Ամալյա Մատուլյանն ու նրա գործընկերները: Ամալյան վերցրել է Սուսաննայի անձնագիրը եւ նրան սպառնացել, որ եթե իրեն չենթարկվի, անապատում արաբները կծեծեն եւ կբռնաբարեն: Նանոն 17-ամյա Սուսաննային եւս ներգրավել է պոռնկության մեջ, շուրջ 5 ամիս շահագործել եւ ամբողջությամբ ստացել մարմնավաճառությամբ վաստակած գումարները: Սուսաննայի հարազատները չեն կարողացել գտնել աղջկան եւ ոստիկանությունում հայտարարություն են տվել, թե նա անհայտ կորել է: «Ես՝ որպես ծնող, խնդրում եմ խստագույն պատիժ Ամալյա Մատուլյանի համար, քանի որ որպես մայր չեմ կարողանում պարզ ճակատով նայել որեւէ մեկին»,- դատարանից խնդրել է Սուսաննայի մայրը: Ամալյա Մատուլյանը զոհերից ոմանց նախօրոք տեղեկացրել է, որ Դուբայում մարմնավաճառությամբ պետք է գումար վաստակեն: Այդպես նա 2006 թվականին Դուբայ է տեղափոխել Լիանային, Արեւիկին եւ Ալինային, որոնք մնացել են Նանոյի հանցակից Ռուզաննա Հարությունյանի մոտ: Վերջինս ամիսներ շարունակ իր մոտ է պահել Լիանայի, Արեւիկի եւ Ալինայի անձնագրերը եւ տիրացել է նրանց կողմից մարմնավաճառության միջոցով վաստակած գումարներին: Ալինան իր անձնագիրը գնել է Ռուզաննայից 6000 հազար ԱՄՆ դոլարով: Ամալյա Մատուլյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա ցուցմունք է տվել, որ 2003 թվականին գտնվել է Դուբայ քաղաքում, իրեն է զանգահարել ընկերուհին եւ հայտնել, որ աղջիկներ կան, որոնք ցանկանում են գալ Դուբայ: Ինքը օգնել է Սոնային եւ Սուսաննային տեղափոխվել Արաբական Միացյալ Էմիրություններ: Ամալյա Մատուլյանի խոսքով` աղջիկները տեղյակ են եղել, թե ուր են գնում եւ ինչով են զբաղվելու: Ամալյան ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը ոչ մեկին չի ստիպել Դուբայ մեկնել, չի ծեծել, իսկ անձնագրերը աղջիկների մոտ են եղել: Նա ընդունել է, որ կավատությամբ է զբաղվել, սակայն նշել է, որ աղջիկները Հայաստանում էլ են մարմնավաճառությամբ զբաղվել, եւ ինքը ոչ ոքի չի ստիպել: Ամալյայի խոսքով` իր բռնվելուց հետո աղջիկները տարիներ շարունակ մնացել են Դուբայում, իրենց հաճույքներն են վայելել, իսկ հիմա եկել ու իր վրա «գրում են»: Սակայն գործով անցնող աղջիկներից ոչ բոլորն են Ամալյայի վրա «գրել»: Օրինակ` Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող Հասմիկը նշել է, որ ինքը 2006 թվականին գտնվել է նյութապես ծանր վիճակում եւ Ամալյային խնդրել է իրեն օգնել մեկնել Դուբայ: «Ամալյայի դեմ բողոք, պարտք ու պահանջ չունեմ, այլ գոհ եմ նրանից, որ նրա օգնությամբ իմ աչքերը բացվել են»,- նշել է Հասմիկը եւ ավելացրել, որ եթե ներկա պահին հնարավորություն ունենար, կրկին կմեկներ Դուբայ: Ամալյա Մատուլյանը, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները, գումարը վերածել է արտարժույթի, ձեռք է բերել 4 միլիոն 769 հազար 500 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, այնուհետեւ այդ զարդերը գրավադրել է Երեւանի տարբեր գրավատներում: Մատուլյանը 2004 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում Դուբայ քաղաքից 3600 ԱՄՆ դոլար է փոխանցել Ռուսաստանում գտնվող Սեւակ Սիմոնյանին: Ամալյա Մատուլյանը փոխանցման միջոցով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած 6 մլն 798 հազար 496 դրամ: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Ամալյա Մատուլյանին հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով եւ դատապարտել 11 տարի ազատազրկման: Զոհերի եւ վկայի անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter