Ալեքսանդրովսկի փողոցն ու նրա հայտնի-անհայտ բնակիչները
20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլի` ներկայիս Գյումրիի դեմքը Ալեքսանդրովսկի փողոցն էր, որն այժմ կոչվում է Աբովյան: Այն սկիզբ է առնում «Սլաբոդկա» թաղամասից եւ ձգվում մինչեւ «Ձորի թաղ»: Ալեքսանդրապոլցիների համար պատվի ու հարստության չափանիշ էր այս փողոցում տուն ունենալը:
Քաղաքի մեծահարուստները ձգտում էին այստեղ կառուցել իրենց առանձնատները: Մեծահարուստ Ղունկիենց Ղունկի աղայի առանձնատներից մեկը 1878 թ. կառուցվել է Ալեքսանդրովսկի փողոցում, հետո այդ շենքը զբաղեցրել է քաղաքի դատախազությունը: 1988 թ. երկրաշարժից շենքի մի մասը քանդվել է: Ալեքսանդրապոլի մեկ այլ հայտնի գերդաստանի զավակ, մեծահարուստ Լեւոն Դրամփյանն այս փողոցում երկու առանձնատուն է ունեցել, որոնցից մեկը` 1920 թ.-ից ժողդատարանի շենքը, կառուցվել է 1873 թ. եւ ունեցել 22 սենյակ` իրենց մառաններով, իսկ գրավական արժեքը եղել է 325 հազար ռուբլի: Նրան է պատկանել նաեւ Աբովյան փողոցի 206 համարի շենքը իր 25 սենյակներով, 52 հազար ռուբլի արժեքով: Այդ շենքը սկզբում հատկացվել է «Ամերկոմին», հետո` 4-րդ դպրոցին, հետագայում ծառայել է որպես երաժշտական դպրոց: 1898 թ. Դրամփյան եղբայրները 1000 ռուբլի են տրամադրել Գյումրիի «կեղտոտ չայ» գետակը մաքրելու համար: Դրամփյանները մեծ նվիրատվություն են արել նաեւ սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցու տանիքն ու գմբեթը փայտաշենից քարաշենի վերածելու համար: Եկեղեցական խորհրդի անդամներից մեկը, զարմացած նման առատաձեռնությունից, նկատել է. «Հալալ լինի Ձեր օջախին, որ դրմփալով խոշոր դրամ հատկացրիք եկեղեցու կառուցման գործին»: Եվ ահա այդ ժամանակվանից էլ այդ բարերար տոհմը կոչվել է Դրամփյան: Դրամփյանների հետ կապված մի հայտնի պատմություն էլ կա: Երբ կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, վարդապետները ամբողջ քաղաքից հանգանակություն են հավաքել այս աստվածահաճո գործի համար: Մեծահարուստների վերաբերյալ ժողովուրդն այն կարծիքն է ունեցել, թե բոլորը ժլատ ու գծուծ մարդիկ են: Սակայն, երբ վարդապետը մոտեցել է Դրամփյանների տոհմի ավագին` հանգանակություն խնդրելու, ի զարմանս բոլորի` Դրամփյան ավագը հարցրել է, թե մինչ իր տուն գալն ինչքան գումար է հավաքվել եւ կնոջը կարգադրել է նույնքան գումար բերել: Եվ տիկինը գոգնոցով լի ոսկի է բերել հանգանակության համար: Իսկ երբ Դրամփյանին ասել են, թե լսել ենք, որ դուք ամբողջ կյանքում փողը խնայել եք, նա պատասխանել է. «Խնայել եմ, որ այսպիսի գործերին օգտակար լինեմ»: Նախահեղափոխական շրջանում Ալեքսանդրովսկի փողոցում է գտնվել առաջին կրկեսը: Իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1926 թ. այստեղ է կառուցվել քաղաքի առաջին կինոթատրոնը` «Հոկտեմբեր» անունով: Աբովյան փողոցում են գործել նաեւ առաջին ծննդատունն ու դեղատունը: Ծննդատան երկհարկանի շենքը` կառուցված 1873 թ., պատկանել է առաջին կարգի վաճառական Հակոբ Ռաֆայելյանին: Տանտիրոջ կենդանության օրոք այն օգտագործվել է որպես հյուրանոց «Ֆրանսիա» անվանումով:
Քաղաքի առաջին դեղատունն էլ` կառուցված 1870 թ., եղել է մեծահարուստ Խաչատուր Խալաթովի տունը: Դեղատունը երբեք չի դադարել գործել եւ այժմ էլ ծառայում է նույն նպատակին:
Ալեքսանդրովսկի փողոցում են կառուցվել նաեւ բժիշկ Մխիթարյանի, Չարխչյան եղբայրների, Գեղամովենց եւ Արա Աբաջյանի առանձնատները: Այստեղ են ապրել նաեւ նշանավոր կոմպոզիտորներ Նիկողայոս Տիգրանյանը եւ Արմեն Տիգրանյանը: Երբ Ռաֆայելյանը կառուցել է իր շքեղ առանձնատունը, Նիկողայոս Տիգրանյանի հայրը պատահաբար անցնելիս հարցրել է, թե ինչ է անում: «Տանս ֆասադը կզարդարեմ»,- պատասխանել է Հակոբ Ռաֆայելյանը: «Դու տանդ ֆասադը զարդարե, ես էլ` տղեքիս գլուխները, տեսնենք ո՞րս ենք ճիշտ»,- հակադարձել է Տիգրանյանը: Ժամանակը ցույց տվեց, որ երկուսի գործելակերպն էլ ճիշտ էր: Պատմությունը սերունդների համար պահպանել է եւ Ռաֆայելյանների շքեղ առանձնատունը եւ Տիգրանյանների արվեստը:
Ալեքսանդրապոլի երկու նշանավոր եկեղեցիները` Ս. Ամենափրկիչն ու Ս. Նշանը, գտնվում են Աբովյան փողոցում: Ս. Նշան եկեղեցին կամ «Սեւ ժամը» կառուցվել է 1870 թ. հոգեւոր առաջնորդ Անանիկյան վարդապետի նախաձեռնությամբ: 1988-ի երկրաշարժից վնասվելուց հետո այն ներկայումս ամբողջովին վերականգնված է եւ լիարժեք գործում է: Ժամանակին եկեղեցուն կից գործել է օրիորդաց Սահականուշյան դպրոցը: Արդեն այդ տարիներին ալեքսանդրապոլցիներն իրենց աղջիկներին տվել են կրթության: Սա ապացուցում է, որ այդ տարիներին ասիական երկրներին հատուկ բարքերը հետզհետե իրենց տեղը զիջում էին Արեւմուտքից ներմուծվող ավանդույթներին: Սուրբ Ամենափրկչի կառուցումը սկսվել է 1852 թ. եւ ավարտվել 1873-ին: Կառուցմանը, բացի վարպետներից ու բանվորներից, գործուն մասնակցություն են ունեցել հարյուրավոր գյումրեցիներ: Եկեղեցին կառուցվել է ժողովրդական դրամահավաքի միջոցով: Եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո գմբեթի մեծ խաչը տեղադրել է գյումրեցի, մասնագիտությամբ հյուսն Մանուկը, որի կատարած աշխատանքը գնահատելով` նրան տվել են «Արդար Մանուկ» անունը, իսկ զարդանախշերը գլխավորապես Թադեւոս Անտիկյանի ձեռքի գործն են: 1840-ական թվականներից եկեղեցուն կից գործել է տղայոց ծխական դպրոցը: Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիա: 1988-ի աղետին Ամենափրկիչը խոնարհվեց: Ներկայումս այն վերականգնման փուլում է, եւ առաջին գումարները եկեղեցու կառուցման համար կրկին ժողովրդի կատարած հանգանակությամբ են գոյացել, ինչպես շատ տարիներ առաջ, երբ պիտի դրվեր եկեղեցու առաջին քարը: Դպրոց-վարժարաններից Ալեքսանդրովսկի փողոցում նշանավոր են եղել Ասլամազյան քույրերի պատկերասրահի շենքում գտնվող պրոգիմնազիան եւ Աբաջյանի մասնավոր դպրոցը: Հայտնի մանկավարժ Արա Աբաջյանն էլ, որ բազմաթիվ դասագրքերի հեղինակ էր, կյանքը նվիրել էր կրթական գործին` իր տունը դարձնելով դպրոց: Եկեղեցիների նման, բաղնիքներն էլ կառուցվել են քաղաքի կենտրոնական մասում: Աբովյան փողոցի այժմյան բաղնիքը նախկինում կոչվել է «Ցենտրալնի» եւ պատկանել Տեր-Մարտիրոսովին: Այստեղ է գտնվել նաեւ Գեւոր աղի բաղնիքը: Փողոցն ունեցել է բազմաթիվ արհեստանոցներ, կրպակներ եւ վաճառատներ: Սրանցից նշանավոր են եղել հարուստ վաճառական «Քյաստանենց» Մարտինի խանութը (Ասլամազյան քույրերի պատկերասրահի առաջին հարկում), «Ճերմակ» Համոյի խանութը, Երանոսովների «Կանդիտերսկին»: Այս ֆաբրիկայի քաղցրավենիքների ախորժալի ու քաղցր բուրմունքը տարածվել է ամբողջ փողոցով: Զատկի տոնին Երանոսովների ֆաբրիկայում ռուսական զորքի համար պատրաստվել են «պասկա» կոչվող թխվածքներ: Այստեղ գործել է նաեւ ֆայտոնների կանգառը, որը կոչվել է «Ֆայտոնջոց բիրժա»: Հարսանյաց սրահի շենքում եղել է քաղաքային ակումբը` «Գորոդսկոյ կլուբը», որտեղ կազմակերպվել են զինվորական, դասական երաժշտության երեկոներ, պարահանդեսներ: Այստեղ անցկացվել են նաեւ արվեստագետների, գրողների մեծարման երեկոներ եւ Դումայի նիստերը: Ալեքսանդրովսկին` ներկայիս Աբովյան փողոցը, քաղաքի բնակիչների համար եղել է նաեւ զբոսավայր: Ժողովրդի մեջ տարածված էր «էրթանք վար» արտահայտությունը: «Վարը» հենց Ալեքսանդրովսկին է եղել, որը ծառայել է որպես զբոսանքի, սիրահար զույգերի հանդիպման վայր:
Մի անկեդոտ էլ Պոլոզ Մուկուչից
1910-20 թթ. Գյումրիի քաղաքագլուխ Գարեգին Լեւոնյանի կարգադրությամբ մի քանի պետական հիմնարկներում հեռախոսագծեր են անցկացնում: Գործընթացը սկսվել էր «Չեկայի» շենքից: Պոլոզ Մուկուչը, տեսնելով կապավորին, հետաքրքրությունից դրդված` մոտենում է ու հարցնում.
-Ծո, էդ ընչի՞ կքանդեք ուլիցը:
-Անթել հեռախոս կքաշենք,- կատակով պատասխանում է ավագ վարպետը եւ ավելացնում,- թող գյումրեցիները հիմի հեռվից հեռու իրար հետ խոսան:
-Ինչքա՞ն կծախսվի իդոր համար,- հարցնում է Մուկուչը:
-50-80 հազար,- պատասխանում է վարպետ Մկրտիչ Սողոյանը:
-Ծո, հըլը խելքի աշեք,- վրդովված վրա է բերում Մուկուչը,- փոխանակ էդքան փող ծախսեք, վերցրեք իրեք հատ բամբասանքչի դուխով կնիկ: Մեկին կանգնեցրեք հին գերեզմանոցի գլխին, մեկին` Ճերմակ Համոյի խանութի դուռը, երրորդին էլ` Ձորի Բողազի Երկար Հակոյի աղբրի մոտ: Երկու ժամվա մեջ էսոնք ամբողջ քաղաքը լուրով կլցնեն:
Մեկնաբանել