
Մի «բռնաբարության» պատմություն
Նախ բացատրեմ, թե ինչո՞ւ եմ բռնաբարել բառը չակերտների մեջ դրել: Գործով նախաքննությունը շարունակվում է, եւ միայն դրա ավարտից հետո պարզ կլինի, թե իրականում սեպտեմբերի 1-ին ինչ է կատարվել Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, «30 թվականների աղբյուր» կոչվող տեղանքում: Լրատվամիջոցներով տարածված լուրը, թե Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին` Սերգեյ Ամիրաղյանը մասնակից է 17-ամյա աղջկա բռնաբարության, հանրապետությունում մեծ արձագանք գտավ: Իսկ փոքր Նոյեմբերյան քաղաքում յուրաքանչյուրն էր այդ մասին խոսում, նոյեմբերյանցիներն իրար հետ քննարկում էին այդ թեման: Քաղաքում նույնիսկ կեղծ լուր էր տարածվել, որ քաղաքապետին այդ կապակցությամբ «գործից հանել են»:
Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժինը սեպտեմբերի 2-ին 17-ամյա Լ.Ն.-ի բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 138 (Բռնաբարություն) հոդվածի հատկանիշներով: Քրեական գործը հարուցվել է աղջկա հայտարարության հիման վրա: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Այդ գործով, որպես վկաներ, ներգրավված են Նոյեմբերյան քաղաքի բնակիչ 17-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, մյուսը` Նոյեմբերյանի ոստիկանության մայորի որդին: Նրանք ընկերներ են: Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանն ասել է, որ բռնության ակնհայտ հետքեր չկան եւ պետք է սպասել փորձաքննությունների ավարտին:
Սեպտեմբերի 7-ին Նոյեմբերյանի ոստիկանությունից տեղեկացա, որ աղջիկը գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ իրեն չեն բռնաբարել: Նոյեմբերյանում զանազան տեղեկություններ են շրջանառվում աղջկա վարքի մասին: Դեռեւս 3 տարի առաջ աղջկա դասղեկը զգուշացրել է նրա մորը ` «աղջկադ փեշերը հավաքիր»:
Դեպքի օրը` սեպտեմբերի 1-ին Նոյեմբերյան քաղաքին գրեթե կից Կողբ գյուղի 17-ամյա բնակչուհին եղել է Նոյեմբերյանում, մի տղայի գանգատվել, որ չափահաս մի նոյեմբերյանցի փորձում է իր հետ կապ հաստատել եւ այդ կապակցությամբ տղայից պաշտպանություն է խնդրել:
Այնուհետեւ աղջիկը գործում որպես վկա ներգրաված 3 տղաների հետ նստել է «BMW» ավտոմեքենան: Ուշ գիշերին, առավոտյան կողմ տղաները նրան իջեցրել են Կողբ գյուղի կանգառում, սակայն նա տուն չի գնացել: Դրանից հետո ժամեր շարունակ, թե որտեղ եւ ում հետ է նա անցկացրել, գիտի նախաքննական մարմինը:
Քննչական բաժնի պետ Գագիկ Նասիբյանն ասում է, որ այդ գործով լրագրողները շատ են հետաքրքրվում, նույնիսկ «BBC»-ից են զանգում, տեղեկություններ հարցնում հանգամանքների վերաբերյալ»: Սակայն Գ. Նասիբյանը, ով 29 տարվա քննիչ է, ելնելով նախաքննության գաղտնիությունից, հրաժարվում է տեղեկություններ տրամադրել: Նա տեղեկացրեց միայն, որ գործի քննությունը հանձնել են այլ մարզի, հավանաբար Գեղարքունիքի մարզի ոստիկանություն: «Դուք օբյեկտի՞վ չեք քննել, որ ձեզնից վերցրել են»,-հարցին պատասխանեց.
«Օբյեկտիվ ենք քննել, սակայն նկատի ունենալով, որ գործում ներգրվված են Նոյեմբերյանի քաղաքապետի եւ Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակցի որդիները, նպատակահարմար են գտել գործի նախաքննությունը շարունակել այլ մարզում»,-ասաց Նասիբյանը:
Քննչական բաժնի պետին հարցրի այն մասին, որ արդյոք գործի նախաքննությունը այլ մարզ տեղափոխելը կապված չէ՞ այն բանի հետ, որ այդ աղջիկը իր համագյուղացին է, ազգանվանակիցը, բարեկամը: «Չէ, նման բան չկա, համագյուղացի է, նույն ազգանունն ունի, սակայն բարեկամ չենք; Հնարավոր է, որ մեր հեռավոր պապերը, չգիտեմ որ պորտում բարեկամ են եղել, սակայն նա իմ բարեկամը չէ: Եվ դա գործը տեղափոխելու հետ ընդհանրապես կապ չունի»,-ասաց Գ. Նասիբյանը: Նա հրաժարվեց տեղեկություններ հայտնել կատարված դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել