Բիզնեսով զբաղվում է արտերկրում
Ընթերցողների հարցերին պատասխանում է Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը
Մելքոն - Պարոն մարզպետ, ինչքանով տեղյակ եմ` Արարատի մարզում մոտ 8 հազար հեկտար վարելահող չի մշակվում: Արդյոք մտահոգվու՞մ եք այդ փատով: Եթե այո, ապա ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում:
Ես տեղյակ եմ այն ամենից, ինչ կատարվում է մարզում: Իրոք, մարզում կա մոտ 8000 հա հողատարածք, որը չի մշակվում: Ի տարբերություն հանրապետության մյուս մարզերի, այդ հողատարածքների մեծ մասը արաքսամերձ ցածրադիր հատվածում է (հիմնականում Մասիսի տարածաշրջանում եւ Շահումյան, Փ. Վեդի, գ. Արարատ, Սուրենավան համայնքների արաքսամերձ հատվածներում, որտեղ ստորգետնյա ջրերը բարձր են, եւ առաջացել են ճահճուտներ): Այսօրվա դրությամբ, այդ տարածքներում գյուղատնտեսությամբ զբաղվելն անհնար է:
Վարելահողերի մի մասի չմշակվելու պատճառներից է հողերի մասնատվածությունը, գյուղատնտեսական մթերքների գների ցածր լինելը, այսինքն` գյուղատնտեսության որոշ ճյուղերի անարդյունավետությունը, իսկ մինչեւ անցյալ տարի` նաեւ ռիսկայնությունը: Ամեն տարի մարզի տարածքում մաքրվում են դրենաժները: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում նախատեսված են համալիր միջոցառումներ, այդ թվում` հանել «Կախանով» ջրանցքի բոլոր դիմհարները, խորացնել ջրանցքը 3մ-ով, որով հնարավորություն կստեղծվի իջեցնել ստորգետնյա ջրերի մակարդակը, որն էլ հնարավորություն կստեղծի մշակելու ճահճակալած հողերը: 2009 թ. Արարատ գյուղից մինչեւ Փ. Վեդի սահմանի երկայնքով տեղադրվել է 12 հակակարկտային կայան:
Այս տարի եւս ամբողջ մարզի սահմանի երկարությամբ նախատեսվում է 28 հակակարկտային կայանի տեղադրում: Ամեն տարի գարնանը գյուղացիական տնտեսություններին շուկայականից ցածր գներով պարարտանյութ ենք տրամադրում, հետեւում ենք ՋՕԸ-երի աշխատանքներին` ոռոգման ջուրը ժամանակին եւ անկորուստ գյուղացուն հասցնելու նպատակով:
Արտակ - Պարոն մարզպետ, ճի՞շտ է, որ Արարատի ցեմենտի գործարանը Արարատ քաղաքի բյուջեին պարտք է 50 մլն դրամ, եւ գործարանի տնօրինությունը Գագիկ Ծառուկյանի հրահանգով չի ցանկանում վճարել:
Արարատ քաղաքում ընթացքի մեջ է Արարատի ցեմենտի գործարանի զբաղեցրած տարածքի (գործարանը տարածքներ ունի նաեւ այլ համայնքներում) չափագրման գործընթացը: Ավարտից հետո տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Արարատի քաղաքապետարան:
Արտակ - 1. Քանի՞ ստորգետնյա պոմպ է գործում այսօր Արարատի մարզում, եւ որտե՞ղ կարող ենք ծանոթանալ դրանց տեղակայման վայրերին:
2. Ինչպիսի՞ բնապահպանական խնդիրներ կան Արարատի մարզում: Ունե՞ք, արդյոք, բնապահպանական ծրագիր:
1. 2007 թ. հաշվառմամբ մարզում կա 1156 խորքային հոր: Քանի որ վարչապետի հանձնարարականով նման հաշվառում է անցկացվել նաեւ 2009 թ., խորքային հորերի քանակը հասել է 1224-ի (չհաշված բնակիչների փոքր հորերը): Այդ հորերի 60%-ը ինքնաշատրվանող են, մնացած 40%-ը Ձեր նշած պոմպային հորերն են, որոնք օգտագործվում են ոռոգման եւ կենցաղային նպատակներով: Ընդ որում` դրանց շահագործումը բավականին ծախսատար է, եւ բնակիչները հաճախ դժվարանում են վարձավճարներ մուծել: Դրանց տեղակայման մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Արարատի մարզպետարան:
2. Մարզի բնապահպանական խնդիրներից են` խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների կեղտաջրերի մաքրման կայանների բացակայությունը, թափոնների առաջնային վերամշակման աղբավայրերի բացակայությունը, Արարատի ցեմենտի գործարանի փոշու շրջակա միջավայր արտանետումը, ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարի գոյությունը, Երեւանից եւ հարակից մարզերից եկող կեղտաջրերը, 90-ական թթ. դաշտապաշտպան շերտերի եւ ճանապարհների երկայնքով հատված ծառերի չվերականգնումը, կանաչ տարածքների կրճատումը, հանքարդյունաբերողների հնարավորությունների սղությունը (հին տեխնոլոգիաների կիրառումը), գյուղատնտեսության մեջ ոչ թույլատրելի ու ժամկետանց թունաքիմիկատների եւ պարարտանյութերի ոչ լրիվ վերահսկելիությունը: Ինչ վերաբերում է ծրագրին, ապա մարզպետարանը մշակել է 2011-2014 թթ. բնապահպանական զարգացման ծրագիր, որը ներկայացվել է Կառավարության հաստատմանը:
Նարեկ - Պարոն մարզպետ, Արարատի մարզի բնակչությունը վախեցած է Հովիկ Աբրահամյանի ու նրա կողմնակիցների «քաջագործություններից»: Ինչպես ասում են` աչքը տեսածից է վախենում, իսկ ԱԺ նախագահի «հերոսությունները» մարզում քիչ չեն: Լինելով ՀՀԿ անդամ` մի՞թե դա է ձեր երազած մարզը:
Հարցադրումը համարում եմ ոչ կոռեկտ: Նպատակահարմար չեմ գտնում պատասխանել:
Մհեր - Պարոն մարզպետ, Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում ո՞ր պաշտոնն եք ամենաեկամտաբերը համարում: Ինչքա՞ն է մարզպետի աշխատավարձը, եւ արդյո՞ք դա ձեր եկամտի միակ աղբյուրն է: Եթե այո, ապա բավարարու՞մ է, թե՞ ժողովրդական սպառման ապրանքային բազայի տնօրեն եղած ժամանակվա «խնայողություններն» են փրկում: 1-10 բալային համակարգով ինչպե՞ս կգնահատեիք ձեր կոռումպացվածությունը: Ինչքա՞ն «նալոգ» եք մուծում վերեւներին, եւ որո՞նք են դրա աղբյուրները: Եթե չեք մուծվում, ձեր ո՞ր արժանիքների համար են մարզպետ նշանակել:
Իմ աշխատավարձը կազմում է 230 000 դրամ: Տարեկան եկամուտներս սահմանված կարգով հայտարարագրում եմ Պետական եկամուտների կոմիտեում: Հայաստանի Հանրապետությունից դուրս ունեմ բիզնես: Ես ինձ կոռումպացված չեմ համարում: Գնահատելով իմ կազմակերպական ունակությունները, կատարողական կարգապահությունն ու աշխատանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը` Կառավարությունն ինձ վստահել է Արարատի մարզպետի պաշտոնը, որի պարտականությունները կատարում եմ պատասխանատվությամբ եւ բարեխղճորեն:
Սեդա - Մարզում աշխատատեղեր բացելու համար քայլեր արվու՞մ են:
Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ հետեւողական աշխատանքներ են իրականացվում ՓՄՁ ԶԱԿ-Ի Արարատի մասնաճյուղի, մարզի Առեւտրաարդյունաբերական պալատի, արտաքին եւ տեղական ներդրողների հետ: Համագործակցված աշխատանքների շնորհիվ մարզում զարգացած է փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը: 2009 թ. ընթացքում մարզում ստեղծվել են 11 փոքր եւ միջին ձեռնարկություններ: Դրանք հիմնականում մշակութա-կենցաղային եւ տնտեսական նշանակության ապրանքների արտադրություններ են: Ընդհանուր առմամբ` 2009 թ. ընթացքում մարզում բացված փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ առեւտրային կազմակերպությունների շնորհիվ մարզում ստեղծվել է 393 նոր աշխատատեղ:
Ռուզաննա - Հարգելի մարզպետ, համաձայն ՀՀ Կառավարության 22.02.2007թ. N 277-Ն որոշման` ձեր մարզին եւս պետք է պետական բյուջեից գումար հատկացվեր բռնադատվածներին անհատույց հողամասեր հատկացնելու նպատակով: Խնդրում եմ հայտնել` 2010 թվականի պետական բյուջեից որքա՞ն գումար է հատկացված այդ նպատակով:
Այդ նպատակով մեր մարզին 2010 թ. պետական բյուջեով գումար հատկացված չէ: Բռնադատվածներին օրենքով սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով հատկացվել են հողակտորներ համայնքային սեփականության հողամասերից:
Մարիամ - Պարոն մարզպետ, հավաստի տվյալներ ունեմ, որ մարզում կրթական ոլորտը գտնվում է շատ կոռումպացված վիճակում: Ես այդ մարզի բնակիչ եմ: Տվյալները հավաստի են, եւ խոսքը բնավ դպրոցների մասին չէ, այլ հենց մարզպետարանի կրթական բաժնի: Բոլոր տնօրեններից գումարներ են հավաքվում շատ անիմաստ պատճառներով: Իսկ տնօրենները ստիպված վճարում են: Ինչպես եք վերաբերվում այդ հարցին:
Ես չեմ կարծում, որ մարզի կրթական ոլորտը կոռումպացված է: Եթե դուք գտնում եք, որ ձեր տվյալները հավաստի են եւ ունեք փաստեր, ներկայացրեք մարզպետարան եւ իրավապահ մարմիններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել