HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Հայաստանին տնտեսական նոր քաղաքականություն է անհրաժեշտ

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը հարկային, վարկային, բանկային եւ մաքսային ոլորտներում պետք է նոր տնտեսական մոտեցումներ դրսեւորի: Այլապես այն տնտեսական մեթոդները, որոնցով մենք մինչ այժմ շարժվել ենք, մեզ հասցրել են նրան, որ կորցրել ենք մեր արդյունաբերական կարողությունները: Եթե 1988 թվականին 14.9 մլրդ ռուբլի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ մեր արդյունաբերության մասնաբաժինը կազմել է 66.7%, որը մոտ 10 մլրդ ռուբլի էր (ներկայիս գներով` 15-16 մլրդ դոլար), ապա 2009 թվականի տվյալներով` արդյունաբերական արտադրանքը կազմում է ՀՆԱ-ի 20,9%-ը, դրամով դա կազմում է 663.9 մլրդ (մոտ 2 մլրդ դոլար): Փաստորեն, առնվազն 7 անգամ արտադրական ծավալները կրճատվել են: Եթե մենք այսօր կարողանայինք այդքան ապրանք արտադրել, արդյո՞ք սպառման խնդիրներ չէինք ունենա: Մենք այժմ բավականին շատ ապրանքներ ենք ներմուծում, որից սննդամթերքը կազմում է 530 մլն դոլար (2008 թ. տվյալներով): Դրանց մի մասի արտադրությունը կարելի էր տեղում կազմակերպել, օրինակ` բուսական յուղերը (արեւածաղկից, եգիպտացորենից), հացահատիկային մշակաբույսերը, շաքարավազը եւ այլն: Մենք ունեինք շատ լավ կոշիկի ընկերություն` «Մասիսը», որը մեծ ճանաչում ուներ նաեւ Հայաստանից դուրս, կարելի էր արդիականացնել այն, սակայն այսօր «Մասիսը» չի գործում, որովհետեւ տնտեսական ազատական քաղաքականության արդյունքում 1990-ականներին Հայաստանում բոլորը սկսեցին կոշիկ արտադրել, եւ այդ անորակ կոշիկը արտահանում էին: Արդյունքում` դրսում Հայաստանի կոշիկի հեղինակությունն ընկավ: Մինչդեռ «Մասիսը» բրենդ էր, որը պետք էր պահպանել, բայց մենք չպահպանեցինք: Այսօր մենք կարող էինք 45 հազար տոննա կաուչուկ արտադրել եւ արտահանել, սակայն հիմա լավագույն դեպքում կարող ենք արտադրել 20-35 հազար տոննա կաուչուկ, եթե անցնեն բուտադիենի հումքով արտադրության: Մի շարք գործարաններ այլեւս գոյություն չունեն, դրանց գույքը վաճառված է: Խոշոր հարկատուների ցանկում առաջին տասնյակից 6-ը ծառայություններ մատուցողներն են, 2-ը` ներմուծող ընկերությունները, եւ տասնյակի միայն 8-րդ եւ 10-րդ հորիզոնականներում արտադրողներն են` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու «Ինտերնեշնլ Մասիս տաբակը»: Սա ցույց է տալիս, որ մեր տնտեսությունն ունի ներմուծման ուղղվածություն, իսկ Խորհրդային Միության ժամանակ մենք ունեինք արտահանման ուղղվածություն, այն ժամանակ մենք արտադրող էինք, իսկ հիմա սպառող երկրի ենք վերածվել` շնորհիվ ներկայիս տնտեսական քաղաքականության: Այն ձեռնարկությունները, որոնք պահպանվել են, պետք է փորձեն իրենց նախկին կապերը վերականգնել, դրա համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ կան. Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, մենք պետք է ռազմաքաղաքական համագործակցությունը լրացնենք տնտեսական բովանդակությամբ, որը թույլ է, այստեղ եւս խնդիրներ կան: Նույնիսկ այն գործարանները, որոնք Ռուսաստանը վերցրել է պարտքի դիմաց, լիարժեք չեն կարողանում դրանց պատվերով ապահովել: Կամ, օրինակ, Հրազդանի ՋԷԿ-ը, որը Ռուսաստանի սեփականությունն է, գազը Ռուսաստանից գնում է հայաստանյան գներով: Կարծում եմ` պետք է բանակցենք, որպեսզի ցուցաբերվի տարբերակված մոտեցում: Հայրենական ապրանք արտադրողների միությունը գտնում է, որ պետք է մշակել տնտեսական նոր քաղաքականություն, որը, բնականաբար, կբախվի ձեւավորված տնտեսական միջավայրին: Դրա համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Հաշվի առնելով հասարակության ճնշող մեծամասնության եւ ազգային շահերը` մենք պետք է գնանք տնտեսական բարեփոխումների ճանապարհով: Արդյունաբերությունը պետք է համարվի տնտեսության գերակա ուղղություն: Արդյունաբերական քաղաքականությունը առաջին հերթին պետք է նպաստի արտադրական ծավալների ընդլայնմանը, մրցունակ ապրանքների արտադրմանն ու իրացմանը, ստեղծի նոր, ներմուծմանը փոխարինող, էկոլոգիապես մաքուր, արտահանմանն ուղղված բարձր տեխնոլոգիական ապրանքներ, ինչը կլուծի բնակչության զբաղվածության խնդիրը, էական համալրում կապահովի բյուջեի մուտքային մասում, կփոխի տարիներ շարունակ արտաքին առեւտրաշրջանառության հաշվեկշռում ձեւավորված բացասական համամասնությունը` հօգուտ արտահանման: Անհրաժեշտ է հայրենական ապրանք արտադրողների համար ստեղծել նպաստավոր տնտեսական միջավայր, պաշտպանել նրանց շահերը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Վազգեն Սաֆարյանը կոնկրետ առաջարկներ է ներկայացնում հայրենի կառավարությանը: Պետք է արդյունաբերական ձեռնարկութուններին տրամադրել ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր (5-6%): Նման գործառույթի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ կարելի կլինի հատկացնել կամ պետական բյուջեից, կամ միջպետական վարկերից, կամ էլ` պետության կողմից արտաքին առեւտրի (մինչեւ 10%) մասնակցությունից ձեւավորված առեւտրային կապիտալը արդյունաբերականի վերածելուց: Դեռեւս մեծ տոկոս է կազմում տնտեսության ստվերայնությունը (մեզանում հարկեր/ՀՆԱ հարաբերությունը ընդամենը 16% է), որը հետեւանք է նաեւ հարկային ծանր բեռի: Անհրաժեշտ է վարել այնպիսի քաղաքականություն, որ բյուջեի հարկային մուտքերում գերակշռող լինեն ոչ թե անուղղակի, այլ ուղղակի մուտքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter