HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Որքանով է իրատեսական պատերազմի վերսկսումը

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ բռնկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»,- նախորդ շաբաթ հայտարարեց ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը։ Դրանից ընդամենը օրեր առաջ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. «Պատերազմի հավանականությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մեծ է, քանի որ ռազմաքաղաքական բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի, ու աճում է ռազմական լուծման հնարավորության հետ կապված լարվածությունը։ Այն հանգամանքը, որ այսօր նրանք գնում են զիջումների, դա իրականում հետեւանք է փոխված ռազմաքաղաքական բալանսի։ Այսօր ռազմական, տնտեսական եւ այլ ռեսուրսներով Ադրբեջանը շատ ավելի հզոր հակառակորդ է, քան Հայաստանը»։ Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրեթե նույնությամբ կրկնեց Զուրաբյանի մտքերը։ «Այսօր մեր տնտեսությունը մոտավորապես 10 անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությանը։ Այդ պատճառով մենք հնարավորություն ունենք այնքան միջոցներ ծախսել, որքան ցանկանանք։ Իսկ Հայաստանը հնարավորություն ունի ծախսել միայն այնքան, որքան օգնության տեսքով ստանում է այլ երկրներից։ Դա իրականություն է։ Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժային բալանս գոյություն չունի»,- ասաց Ադրբեջանի նախագահը։ Սակայն իրականում որքանո՞վ է ռեալ պատերազմի վերսկսումը։ Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից անցել է երկու շաբաթ։ Լրացել է այն ժամկետը, որի ընթացքում, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է առաջարկություններ ներկայացնեին հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ամրագրող փաստաթղթի ներածական մասի՝ դեռեւս չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։ Ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերը չեն հայտարարել, որ այդ առաջարկները ներկայացրել են։ Եվ չնայած դրան՝ այս շաբաթ թե Մոսկվայից, թե Բաքվից խիստ լավատեսական ազդակներ հնչեցին բանակցային գործընթացի վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Փոլուխովը օրերս նշել է, որ Բաքուն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հեռանկար է տեսնում։ Այս լավատեսությունը Euronews-ին փոխանցել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը. «Ես լավատեսորեն եմ նայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ աշխարհի առաջատար երկրների գործունեությանը 2010 թ. ընթացքում։ Ներկա պահին բանակցությունները գտնվում են ավարտական փուլում։ Հիմա մենք քննարկում ենք կարգավորման մադրիդյան սկզբունքները, որոնք, այսպես ասենք, կարող են կարգավորման հինք լինել...»։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին այս շաբաթ հայտարարել է, թե կողմերը փոքրացրել են իրենց տարաձայությունների շրջանակները։ «Մենք ձգտում ենք օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին ընդհանուր մոտեցում գտնելու հարցում։ Սա ակնհայտորեն խորը հակամարտություն է, բայց որոշակի առաջընթաց արդեն արձանագրվել է»։ ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Ստուդաբաեւը, նշելով, թե Ղազախստանը ձգտում է այս կառույցում իր նախագահության շրջանում հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը, ավելացրել է, որ Սոչիում կայացած երեք նախագահների վերջին հանդիպումը «նոր շունչ» է հաղորդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Լավատեսական այս ակորդների ֆոնին պատերազմի վերսկսման հնարավորության մասին դատողությունները թվում են խիստ չափազանցված։ 2010 թ. առկա սպասելիքները, որոնք արտաքուստ կիսում է նաեւ Ադրբեջանը, առավել քան նվազեցնում են լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները, բնականաբար, չեն կարող պատերազմի վերսկսումը բացառող երաշխիքներ հանդիսանալ։ Euronews-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւն ակամա բերում է գոնե առժամանակ պատերազմի վերսկսումը բացառող ամենակարեւոր, իրատեսական փաստարկներից մեկը։ «Մեզ հայտնի է, որ Եվրոպայում աճում է այլընտրանքային գազի հանդեպ պահանջարկը։ Ներկա պահին Եվրոպայում ակտիվորեն քննարկվող «Հարավային միջանցք» անվանմամբ նախագիծը, որը ներառում է այնպիսի պրոյեկտներ, ինչպիսիք են «Նաբուկոն», «TGI»-ը, «TAP»-ը եւ այլն, հիմնվում են վերջին ժամանակահատվածում այս ոլորտում մեր ձեռքբերումների վրա»։ Ադրբեջանական տնտեսության աճը պայմանավորված է հենց այս գործոնով։ Ռազմական ցանկացած լայնամասշտաբ օպերացիա ուղղակի հարվածելու է եկամտի այս հիմնական աղբյուրին, ինչպես նաեւ դրա հետ կապված արեւմտյան երկրների եւ Ռուսաստանի էներգետիկ ու կոմունիկացիոն շահերին։ Եվ քանի դեռ ադրբեջանական ածխաջրային ռեսուրսների համար մղվում է ուժեղ դիրքային պայքար, միջնորդ երկրներն ամեն ինչ կանեն պատերազմի վերսկսումը բացառելու համար։ Առավել եւս, որ նրանցից եւ ոչ մեկը համոզված չէ, թե պատերազմ սանձազերծելու դեպքում կողմերից որեւէ մեկը կարող է կայծակնային արագությամբ հասնել վերջնական արդյունքի, այսինքն` մյուս կողմի կապիտուլյացիային։ Խնդիրն այն է, որ միայն այսպիսի պատերազմը կարող է վերջակետ դնել հակամարտությանը, ինչը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի դեպքում գործնականում անհնար է։ Այս սկզբունքն ընկած է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հատկապես մադրիդյան բանակցային գործընթացի հիմքում։ Մադրիդյան հիմնական սկզբունքները ուղղակիորեն հիմնված են Հելսինկյան Եզրափակիչ ակտով նախատեսված ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքի վրա։ Չնայած ռազմատենչ հայտարարություններին՝ Բաքուն հստակ պատկերացնում է, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում, որոնց ուղղակի հետեւանք է մադրիդյան գործընթացը, պատերազմի միջոցով խնդրի կարգավորման գնալը հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ «Եթե խաղաղ կարգավորման ներկա փուլը անարդյունք լինի, մենք ոչ մի բանի մասին չենք կարող խոսել։ Սա մեր կողմից քննարկվող հարցերի տեսանկյունից վերջին շանսն է։ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները եւ ներկայումս կողմերի միջեւ քննարկվող տարբերակը հանդիսանում է կարգավորման միակ հնարավոր ճանապարհը։ Երբ ես ասում եմ «ավարտական փուլ», նկատի ունեմ հենց դա։ Ես կցանկանայի նաեւ ավարտական այս փուլը տեսնել նաեւ ժամանակային սահմանափակումների տեսանկյունից։ Համարում եմ, որ 2010-ը կարող է դառնալ որոշիչ տարի, եւ Ադրբեջանը պատրաստ է ծավալել իր ջանքերը հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասում է Ալիեւը։ Ադրբեջանի նախագահն, ըստ էության, խոսում է այն մասին, որ մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունների շարունակումը հանդիսանում է պատերազմի միակ այլընտրանքը։ Սակայն չնայած Ալիեւի ձեւակերպումների տակ թաքնված սպառնալիքին` ակնհայտ է, որ Բաքվի պլաններում նման արկածախնդրային կարգավորման գնալն առայժմ չի մտնում։ Եվ դա շատ բնական է։ Բաքվի համար խաղաղ ճանապարհով արդյունքի հասնելու ավելի լավ ժամանակահատված ու հնարավորություն, քան հիմա, երբեւէ չի եղել հակամարտության կարգավորման պատմության ամբողջ ընթացքում։ Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը ուղղակի կախման մեջ է ընկել տարածաշրջանային մեկ այլ՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացից։ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացում զգալիորեն ամրապնդեց Ադրբեջանի դիրքերը եւ աննախադեպ կերպով կարծրացրեց վերջինիս դիրքորոշումը բանակցություններում։ Այս գործոնի ազդեցությամբ Բաքվի պահանջները հիմա մաքսիմալ անզիջում են։ Եվ բնական է, որ Ադրբեջանը փորձում է առավելագույն կերպով օգտագործել Թուրքիայի գործոնը, ինչը անկեղծորեն խոստովանում է հենց Իլհամ Ալիեւը։ «Այդ գործընթացները (հայ-թուրքական հաշտեցման եւ ԼՂ կարգավորման) պետք է կարգավորվեն զուգահեռաբար, դրանք պետք է լրացնեն միմյանց։ Այդ գործընթացները պետք է ընթանան զուգահեռաբար եւ լուծվեն միաժամանակ։ Եթե զուգահեռականությունը չպահպանվի, կարող է հանգեցնել անսպասելի արդյունքների։ Եթե հայ-թուրքական գործընթացը հանգուցալուծվի առանց ԼՂ հարցի կարգավորման պրոցեսում որեւէ շոշափելի, գործնական առաջընթացի, դա կհանգեցնի ԼՂ խաղաղ կարգավորման պրոցեսի արգելակման։ Մենք կարծում ենք, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան զորքերի դուրսբերումը Հայաստանին պարտադրելու հիմնական ուղիներից մեկը վերջինիս շրջափակումն է»։ Այս գործոններով պայմանավորված՝ Ղարաբաղյան հակամարտության պատերազմական գործողությունների վերսկսումը գոնե տեսանելի հեռանկարի կտրվածքով քիչ հավանական է։ Սակայն տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան դա է, որքան բուն պատերազմի քարոզչության ակտիվացումը։ Ո՞րն է դրա նպատակը։ Ինչպես եւ նախորդ նմանատիպ իրավիճակներում, այս անգամ էլ պատերազմի քարոզչությանը զուգահեռ հայ-ադրբեջանական շփման գծում ակտիվ փոխհրաձգություններ ու դիրքերի փոխադարձ գնդակոծումներ են տեղի ունենում։ Դա առանձնահատուկ «հմայք», միս ու արյուն է հաղորդում այդ քարոզչությանը, այն դարձում ավելի մոտիկ, շոշափելի եւ դրանով իսկ՝ վախեցնող։ Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ Բաքուն որեւէ զիջման չի գնա երկու հարցում։ «Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ լինել, երկրորդ՝ չեն կարող ստեղծվել մեխանիզմներ եւ սկզբունքներ, որոնք Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի բաժանման հնարավորություն կստեղծեին»։ Հայկական կողմը դեռեւս չի արձագանքել այս խիստ միակողմանի հայտարարություններին, եւ Երեւանի փողոցներում պատերազմի ուրվականի «շրջագայությունն» այս համատեքստում դառնում է ավելի խորհրդավոր։ Այն կմնա այդպիսին, մինչեւ պարզ դառնա, թե ի՞նչ առաջարկություններ է Երեւանն ուղարկել ՄԽ համանախագահներին կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի չհամաձայնեցված դրույթների վերաբերյալ, եւ թե որքանո՞վ են դրանք տեղավորվում Ադրբեջանի նախագահի՝ Euronews-ի միջոցով դրած շրջանակների եւ ժամկետների մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter