HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովն «ԱրմենՏել» ընկերությանը հանձնարարեց երկու շաբաթվա ընթացքում վերացնել խախտումն ամբողջությամբ

Այսօր ՀՀ ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեց «ԱրմենՏել» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովի դիտարկմամբ, ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը: Վարույթի հարուցումից հետո «ԱրմենՏել» ընկերությունը միջնորդությամբ դիմել է Հանձնաժողովին և տեղեկացրել, որ ընդունում է  իրավախախտման  փաստը և պարտավորվում է սեղմ ժամկետում վերացնել այն: Խախտումն ամբողջությամբ վերացնելու համար Հանձնաժողովը սահմանել է երկշաբաթյա ժամկետ՝ միաժամանակ ընկերությանը  տալով խիստ նախազգուշացում:

«Յուքոմ» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել դիմում-բողոք` «ԱրմենՏելի» դեմ
 
«Յուքոմ» ընկերությունը  դիմել է Հանձնաժողով` դժգոհություն հայտնելով  «ԱրմենՏել»  ընկերության գործունեության դեմ: Խնդիրն այն է, որ «ԱրմենՏելը» իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ընկերության ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ՝ բոլոր սակագնային պլանների դիմաց, մինչդեռ իր ֆիքսված ցանց զանգահարելու դեպքում 1 րոպեի արժեքը, կախված սակագնային պլանից, կազմում է 29,99 դրամ, 39 դրամ և 59 դրամ:

«Յուքոմ» ընկերությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ «ԱրմենՏելի» նման  գործելաոճը առաջացնում է բաժանորդների դժգոհությունը և խոչընդոտում է շուկայում առողջ մրցակցային մթնոլորտի ձևավորմանը` ստիպելով բաժանորդներին հրաժարվել իրենց կողմից առաջարկվող ծառայություններից:
Սահմանված սակագնի պատճառով քաղաքացիները խուսափում են օգտվել բջջային օպերատորի միջոցով «Յուքոմ» ֆիքսված ցանց զանգահարելուց, ինչն էլ արհեստականորեն խոչընդոտում է շուկայում համեմատաբար նոր մուտք գործած ընկերության հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը:

Հանձնաժողովն ամրագրեց, որ «ԱրմենՏել» ընկերությունը սահմանել է խտրական գներ՝ առաջացնելով մրցակցային անհավասար պայմաններ

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ «Շարժական կապի գլոբալ համակարգի (GSM) ծառայություններ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «ԱրմենՏել» ընկերության կողմից սահմանվել է խտրական գին՝ շուկայում առաջացնելով անհավասար մրցակցային պայմաններ: Հանձնաժողովի դիտարկմամբ, «ԱրմենՏելն» ունի որոշիչ դեր, քանի որ  վերոնշյալ  շուկայի ընդհանուր հասույթի մոտ 98 տոկոսը պատկանում է իրեն, իսկ բաժանորդների քանակը կազմում է 99 տոկոս:

 «ԱրմենՏել» ընկերությունը ընդունել է նախորդ իրավախախտումների փաստը ևս և պատրաստակամություն է հայտնել վճարելու տուգանքը

«ԱրմենՏել» ընկերությունը միջնորդությամբ դիմել է Հանձնաժողովին և տեղեկացել, որ նախորդ  որոշումներով ամրագրված խախտումներն ամբողջովին վերացվել են, ինչը նշանակում է, որ ընկերությունն ըստ էության ընդունում է այն փաստը, որ իրավախախտում է կատարել:

Նշենք, որ Հանձնաժողովի կողմից «ԱրմենՏելի» նկատմամբ տուգանք սահմանող նախորդ 2 որոշումներն էլ, որոնցից մեկը կայացվել է գերիշխող դիրքի չարաշահման, իսկ մյուսը՝ անբարեխիղճ մրցակցության համար, վիճարկվել են դատական կարգով: Սակայն ընկերությունը տեղեկացրել է, որ հրաժարվում է բոլոր դատական հայցերից և պատրաստակամ է վճարելու տուգանքները: Ի դեպ, անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ Հանձնաժողովի կայացրած որոշումը Վարչական դատարանը թողել է անփոփոխ՝ այն համարելով հիմնավոր և իրավաչափ:

Այսպիսով, Հանձնաժողովի 2 որոշումներով «ԱրմենՏել» ընկերությունը պետբյուջե կվճարի 100 միլիոն դրամ գերիշխող դիրքի չարաշահման և 500 հազար դրամ՝ անբարեխիղճ մրցակցության համար:

Հիշեցնենք, որ անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ տուգանքը կիրառվել է նախորդ տարի՝ «Hi-Line» ծառայության վերաբերյալ գովազդվող տեղեկատվության և ծառայության տրամադրման իրական պայմանների միջև ակնհայտ անհամապատասխանության հետևանքով: Հանձնաժողովի նիստին ներկա ընկերության ներկայացուցիչները այն ժամանակ որոշումը որակեցին անհիմն, սակայն այսօր ոչ միայն ընդունում են իրավախախտման փաստը, այլև պարտավորվում են հետագայում բացառել նման գործելաոճը:

Իր գործունեության ընթացքում Հանձնաժողովը տարբեր իրավախախտումների համար բազմիցս է տուգանել «ԱրմենՏել» ընկերությանը: Սակայն ակնհայտ է,որ շնորհիվ  Հանձնաժողվի, ընկերությունը էականորեն փոխել է իր՝ տնտեսական մրցակցությանը չնպաստող վարքագիծը:  

ՀՀ ՏՄՊՊՀ նպատակը մրցակցությունը սահմանափակող խնդիրների վերջնական լուծումն ու հետագայում նման դեպքերի կրկնության բացառումն է, ինչն այս դեպքում ակնհայտ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter