HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Մասնավորեցման գործընթացը Ղարաբաղում

Ղարաբաղում շարունակվում է պետական գույքի մասնավորեցման գործընթացը. Կառավարության որոշմամբ վերջերս մասնավորեցվել է նաեւ «Ստեփանակերտի կոնդեսատորների գործարան» ՓԲԸ-ի արտադրամասերից մեկը: Այն ուղղակի վաճառքի ձեւով հանձնվել է «Միկա-Հադրութ» ընկերությանը:

Վերջինս պարտավորվում է մինչեւ 2012 թ. հուլիսի 1-ը իրականացնել առնվազն 200 մլն դրամի ներդրումային ծրագիր, ստեղծել 20 մշտական աշխատատեղ: Կառավարության վեջին նիստում տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը, խոսելով մասնավորեցման գործընթացի խնդիրների, մասնավորապես գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման մասին, նշել է, որ հնարավոր է պետությանը ետ վերադարձվեն այն օբյեկտները, որտեղ նման խախտումներ են արձանագրվել: Վարչապետ Արա Հարությունյանն իր հերթին պահանջեց հսկել սեփականաշնորհվող օբյեկտներում պարտավորությունների ճիշտ կատարման ընթացքը եւ բացառել դրանց օտարումն այլ նպատակներով: Այն, որ մասնավորեցման գործընթացում խնդիրներ կան, երեւում է նաեւ Ստեփանակերտի մասնավորեցված մի քանի ձեռնարկություններում:

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Սուրեն Թամրազյանի տեղեկացմամբ` հանրապետությունում 1995-ից մինչեւ այս տարվա հունվարի 1-ը մասնավորեցվել են 1178 օբյեկտներ, որոնցից 70-ը ընկերություններ են, 55-ը` ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորներ, 696-ը` փոքր, կիսավեր եւ այլ օբյեկտներ, 13-ը` անավարտ շինարարության օբյեկտներ, 344-ը` համայնքային գույք: Ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցվել է 232 օբյեկտ, մրցութային վաճառքի ձեւով` 20, անհատույց տրամադրման ձեւով` 49, աճուրդային վաճառքի ձեւով` 208, աշխատավորական կոլեկտիվներին` 168 (փոքր, կիսավեր եւ այլ օբյեկտներ), վարձակալներին` 501 օբյեկտ: Մասնավորեցման ամբողջ ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 1781,1 մլն դրամ գումար: «Մասնավորեցված օբյեկտների մի մասի գնորդները ստանձնել են ներդրումներ կատարելու եւ նոր աշխատատեղեր բացելու պարտավորություններ, սակայն ոչ բոլոր սուբյեկտներն են բարեխղճորեն կատարում ստանձնած պարտավորությունները»,- մեզ հետ զրույցում նշեց փոխնախարարը:

Դրանցից են «Ղարաբաղ քարփերս» ՍՊԸ-ն, որը ներդրումներ պետք է կատարեր «Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ»-ի արտադրամասում, «Ստակ» ՍՊԸ-ն` նախկին «Արարատշինտրեստի» վարչական շենքում, «Մհեր» ՍՊԸ-ն` Շուշիի նախկին երաժշտական գործիքների գործարանի կիսավեր շենքերում, «Պողոսյան գերդաստան» ՍՊԸ-ն` Ասկերանի շրջանի Աստղաշենի տարածքում գտնվող հորթաբուծական համալիրում, «Պարմանի» ՀԿ-ն` Ստեփանակերտի Մաշտոցի փողոցի թիվ 7 շենքի նկուղային տարածքում եւ «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ-ն, որը մեծ ներդրումներ պետք է կատարեր Ստեփանակերտի նախկին «Ղարաբաղ» հյուրանոցում: Նախկին «Ղարաբաղ» հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում` Ազգային ժողովի շենքի դիմաց, «Արցախբանկ»-ի հարեւանությամբ: Այն մասնավորեցվել է 2000 թ., բայց մինչեւ հիմա շահագործման չի հանձնվել: Նախկին հյուրանոցի շենքում որոշակի ներդրումներ կատարելուց հետո պարզվել է, որ շենքը սեյսմակայուն չէ, ստիպված են եղել քանդել այն: Այնուհետեւ դրա փոխարեն կառուցվել է նոր շենք, բայց այն էլ կիսատ է մնացել: Ինչպես տեղեկացանք տնտեսական զարգացման նախարարությունից, «Սիրկապ Արմենիա» ընկերությունը, որին մասնավորեցվել է եւս երեք օբյեկտ, պարտավորվել էր մինչեւ 2002 թվականի վերջը հյուրանոցում կատարել 1մլն 539 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ներդրում, սակայն նշված ժամկետում պայմանագրում նշված պարտավորությունները չեն կատարվել: Այնուհետեւ երկու անգամ Կառավարության որոշմամբ երկարաձգվել է ընկերության պարտավորությունների կատարման ժամկետը, սակայն վերջին ժամկետն էլ է խախտվել` 2007-ի հուլիսի 1-ը: Ընկերությունը դրանից հետո շարունակել է ներդրումներ կատարել, բայց քանի որ հյուրանոցը շահագործման չի հանձնվել, ստացվում է` չի կատարվել նոր աշխատատեղերի բացման պարտավորությունը:

«Չեք պատրաստվու՞մ այս օբյեկտը եւս ետ վերցնել» հարցին ի պատասխան` փոխնախարար Սուրեն Թամրազյանը նշեց, որ դեռ նման հարց չի քննարկվել: Նա միաժամանակ շեշտեց, որ պարտավորություններն անբարեխղճորեն կատարող սուբյեկտների հետ հիմա տարվում են համապատասխան բանակցություններ եւ աշխատանքներ, որից հետո էլ որոշում կընդունվի:

Նրա տեղեկացմամբ` մինչեւ հիմա պետությանը ետ է վերադարձվել 3 օբյեկտ` Մարտունու շրջանի Ճարտար գյուղում գտնվող արտադրամասի կիսավեր շենքը, Շուշիի նախկին արտադրական կոմբինատի կարի արտադրամասի շենքը եւ Ստեփանակերտի Ալվարյան փողոցում գտնվող ավտոտնակները: Վերջինս ետ է վերադարձվել դատական կարգով` «Ֆորվարդ» ՍՊԸ-ից: Զրուցակցիս վստահեցմամբ` դատարանում այժմ նման գործ չկա, բայց ընդհանուր առմամբ մոտ 3 տասնյակ օբյեկտների ներդրումային պարտավորություններում կան թերություններ:

«Նախատեսվում է 2009-ի համար ներկայացված հաշվետվություններն ամփոփելուց հետո կիրառել ԼՂՀ օրենսդրությամբ եւ մասնավորեցման պայմանագրերով սահմանված պատժամիջոցները` ներդրումները չկատարած սուբյեկտների նկատմամբ»,- հավելեց նա:

Պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար 2009-ին տուգանվել են երկու սուբյեկտներ` 300 հազար դրամ ընդհանուր գումարով: Պարտավորություններն անբարեխղճորեն կատարողներից բացի, մասնավորեցման ամբողջ գործընթացում եղել են բազմաթիվ բարեխիղճ կատարողներ: Դրանցից փոխնախարարը նշեց Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու գինու, Հադրութի գինու գործարանները, Ստեփանակերտի կաթի գործարանը, կոշիկի ֆաբրիկան, մի շարք շինարարական ձեռնարկություններ` «Ճանշին», «Արցախտրանս», «Արցախէներգոցանցշին» եւ այլն: Իսկ ի՞նչ է փոխվել մասնավորեցման գործընթացում վերջին տարիներին, ի՞նչ փոփոխություններ են մտցվել կնքվող պայմանագրերում:

Փոխնախարարի հավաստմամբ` պայմանագրում արդեն հստակ նշվում են այն տուգանքների մասին, որոնք կարող են կիրառվել պարտավորությունները ոչ ժամանակին եւ ոչ պատշաճ կատարելու դեպքում: Ավելացվել է նաեւ այն կետը, որով սահմանվում են աշխատատեղերի բացումն ու առնվազն 3 տարի դրանց ապահովումը: Գնորդներից պահանջվում է նաեւ ներդրումային կամ գործունեության ծրագիր:

Այս փոփոխությունները կատարվել են վերջին երկու տարում, որոնք թույլ կտան ապահովել մասնավորեցված օբյեկտների նպատակային շահագործումը եւ հետագա գործունեությունը: Եթե սուբյեկտը չի կատարել պայմանագրով սահմանված ներդրումների 50 տոկոսը, ապա չկատարված ներդրումների 2 տոկոսի չափով տուգանվում է, իսկ եթե կատարել է 50 տոկոսից ավելի ներդրում, ապա` չկատարվածի 1.5 տոկոսի չափով:

Սուրեն Թամրազյանից տեղեկացանք նաեւ, որ մշակվել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թթ. ծրագրի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը: Նախագծում ընդգրկված են 18 ընկերություններ, որոնց չմասնավորեցման պատճառներից են ներկայացվող ընկերությունների ցածր գրավչությունը, ռազմավարական ներդրողների բացակայությունը, հիմնական միջոցների բարոյական եւ ֆիզիկական մաշվածությունը եւ ընկերություններում կուտակված պարտքերը:

Ի դեպ, նախագծում ընգրկված են նաեւ «Արցախգազ», «Արցախէներգո» ՓԲԸ-ները եւ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն: Իսկ թե որքանո՞վ է նպատակահարմար նշված ընկերությունների մասնավորեցումը` դժվար է ասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter