Քաղցկեղով հիվանդ երեխաների 35 տոկոսը չի կարողանում բուժում ստանալ
Փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգայի օրն է: Այս կապակցությամբ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանն ասաց. «Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը տարեկան կազմում է 80-100 դեպք: Վերջին տարիներին ողջ աշխարհում քաղցկեղով հիվանդ երեխաների թիվն ավելացել է 15 տոկոսով, Հայաստանում` 7 տոկոսով»: Չնայած գրանցված աճին` պրոֆեսորը հավաստիացնում է, որ վիճակը տագնապալի չէ:
Անդրադառնալով քաղցկեղածին գործոններին` Գրիգոր Բադալյանն ասաց, որ դրանք բազմաբնույթ են, եւ չի կարելի հատուկ առանձնացնել որեւէ պատճառ, որ կարող է քաղցկեղ առաջացնել: «Քաղցկեղը սովորաբար ժառանգաբար չի փոխանցվում, սակայն կարող է պայմանավորված լինել գենետիկորեն` հղիության ընթացքը, ծխախոտը, հղիության ընթացքում տարբեր հիվանդությունները, էկոլոգիան, որ էլի ազդում է ապագա մոր, ապա` երեխայի վրա, եւ շատ այլ պատճառներ»,- ասաց նա:
Գրիգոր Բադալյանի խոսքերով` մանկական քաղցկեղը մեծահասակների քաղցկեղի համեմատ ավելի հեշտ է ախտորոշվում, ապա բուժվում, իսկ 2 տարվա ընթացքում չկրկնվելու դեպքում հիվանդությունն ամբողջությամբ նահանջում է:
Անրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանում կա՞ն համապատասխան սարքավորումներ երեխաների բուժման համար` Գրիգոր Բադալյանն ասաց. «ՀՀ-ում կան համապատասխան սարքավորումներ եւ մասնագետներ հիվանդությունն ախտորոշելու եւ բուժելու համար, սակայն, կապված վիրահատության բարդության եւ նորագույն դեղամիջոցների հետ` ունենում ենք խնդիրներ, երբ պետք է լինում երեխային տանել այլ երկիր` նրան վիրահատելու, իսկ հետագայում` նաեւ բուժելու համար, քանի որ այդ ամենը մեծ գումարների հետ է կապված լինում»:
Գրիգոր Բադալյանի խոսքերով` թեեւ պետպատվերի շրջանականերում կատարվում է բուժում, բայց տրամադրվող գումարը հաճախ չի բավականացնում երեխայի ողջ բուժումն ապահովելու համար: «Պետպատվերի շրջանակներում քիմիաթերապիայի մեկ կուրսը կազմում է մոտ 190.000 դրամ, բայց եթե պետք է լինում նորագույն դեղամիջոց, այլեւս գումարը չի բավականացնում»,- նշեց նա: Պրոֆեսորի խոսքերով` տարեկան բուժում ստանում է քաղցկեղով հիվանդ երեխաների 65 տոկոսը, մյուս 35 տոկոսը չի կարողանում բուժում ստանալ բավականաչափ գումար չունենալու պատճառով:
Գրիգոր Բադալյանն ասաց, որ կան բարեգործական ընկերություններ, անհատներ, որոնք ֆինանսավորում են իրենց, բայց դա էլ չի բավականացնում:
Մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավարը հաղորդեց նաեւ, որ քաղցկեղով հիվադ երեխաների համար գումար հայթայթելու նպատակով իր գլխավորած «Քաղցկեղով հիվանդ երեխաների բարեկամեր» Հ/Կ-ն «Ժպիտ» ակումբի հետ միասին այսօր` ժամը 19.00-ին, Սունդուկյանի անվան թատրոնում բարեգործական համերգ է կազմակերպելու: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել