Արցախի նախագահը` ՌԴ-ում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի վարչական կենտրոն Պյատիգորսկ քաղաք:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքների ղեկավարների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ խորացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Այնուհետեւ նախագահը մասնակցել է Պյատիգորսկի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցած հոգեւոր արարողությանը` նվիրված Տյառնընդառաջի տոնին:
Արցախի նախագահը երեկ Պյատիգորսկ քաղաքում հանդիպում է ունեցել Հարավային Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ կապերի խորացումը կարեւոր է ինչպես հայոց անկախ պետականության ամրապնդման, այնպես էլ սփյուռքի համախմբման եւ հայրենապահպանության համար:
Այս համատեքստում նախագահը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի` հատկապես Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքի հետ համագործակցության ընդլայնումը` այն համարելով հեռանկարային եւ խոստումնալից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել