HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվա Ռիվաս. «Այս երգը պետք է հաղթի»

Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ 2010» մրցույթին Հայաստանը կներկայացնի երգչուհի Եվա Ռիվասը: Նախօրեին կայացած մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի ավարտից հետո երգչուհին մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ նշեց, որ կանի հնարավորը, որպեսզի Հայաստանը հաղթի: Երգչուհու թիմակիցները նշեցին, որ հաղթեց երգը, որովհետև այն սիրվեց: Նրանք վստահ են, որ սփյուռքն իրենց կողքին է լինելու մրցույթի ժամանակ: «Ես շատ էի անհանգստանում և պատկերացրի` իսկ եթե չստացվի՞: Բայց ինչպես միշտ մեր վստահությունը մեզ տարավ դեպի հաղթանակ: Ճիշտ նույն կերպ էլ մեր վստահությունը մեզ ուղեկցելու է Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին: Այս երգը պետք է հաղթի»,- նշեց Եվա Ռիվասը: Նրա խոսքով` երգը մի աղջկա մասին է, ով շատ տարիներ անց վերադարձել է հայրենիք: Նա շատ երկար ժամանակ է հեռու եղել իր ազգից: «Մարդիկ կսիրեն, մարդիկ կհասկանան, թե այն որքան մոտ է յուրաքանչյուր մարդու, ով սիրում է իր երկիրը, իր ազգը»,- ասաց երգչուհին: Եվա Ռիվասը երգում է 7 տարեկանից: Նրա հավաստմամբ` երգել սկսել է հայերենով: Իսկ հայ հանդիսատեսի հետ ավելի լավ ծանոթացել է մեկ տարի առաջ` «Տաշիր 2009»-ի ժամանակ: Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն ասաց, որ նախընտրական փուլի մասնակիցների մյուս կողմը պնդում է, որ մրցույթի արդյունքները կեղծվել, և sms-ները ուղղակի տեղ չեն հասել, իսկ 30-րդ վայրկյանին Եվա Ռիվասի օգտին մոտ 5000 ձայն է եղել, մինչդեռ իրենց երկրպագած մասնակցի օգտին ձայներ չեն եղել: Ի պատասխան` երգչուհու թիմակիցները նշեցին, որ բացի հաղթել կարողանալուց` պետք է կարողանալ նաև արժանապատվորեն պարտվել: Ասուլիսին ներկա էր նաև երգչուհու մայրը, ով, ի պատասխան այն հարցին, թե ինչու իր դուստրը հայերեն չգիտի, նշեց. «Նա ռուսական դպրոց էր գնում, շուրջը ավելի շատ ռուսներ էին: Ճիշտն ասած, ես մի քիչ ամաչում եմ: Ես էլ շատ լավ չգիտեմ հայերեն, որովհետև ինքս էլ ռուսական դպրոց եմ ավարտել: Բայց փառք Աստծու, որ այսքան էլ գիտեմ: Լավ երեխա է եղել դուստրս, մամային, պապային լսել է, երգել է, պարել է, մի խոսքով, մեզ ուրախացրել է,»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter