HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Գալուստն առաջարկել է պակասեցնել նոր հարկերը ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորները երեկ վերստին են քննարկել հարկային փոփոխությունների մասին փաթեթը, որի քվեարկությունը 15 օրով հետաձգվել էր: Ըստ ԱԺ հաղորդագրության` քննարկման ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկել է. «օրինագծում թողնել պարտադիր համարվող գույքահարկը և  հողի հարկը, ինչպես նաև` հյուրանոցային հարկը և տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը, մնացած հարկատեսակները հանել»: Ի պատասխան` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշել է, թե բոլոր առաջարկները կքննարկվեն: Նիկոյանից Նիկոյանին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը երեկ ասել է, որ ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլանդը չի հասկանում` ինչ է գրել: Վերջինիս բանաձևի նախագծով 2008-ի մարտին ՀՀ-ում տեղի է ունեցել պետական հեղաշրջում: «Շվեդական պատվիրակության անդամը կարող է պատվեր կատարել: Կարող է ինչ-որ այլ երկրի լոբբիստը լինել»,- հայտարարել է Սամվել Նիկոյանը: Մարտի 1-ը կոծկող հանձնաժողովի նախագահի կողմից Գորան Լինդբլանդի հասցեին ասված խոսքերը առանձնահատուկ հմայք են ստանում, քանի որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ստիպված է լինելու իր շվեդ պաշտոնակցին որոշակի պարզաբանումներ տալ: Իսկ այդ պարզաբանումների անհրաժեշտությունը լինելու է, քանի որ Գորան Լինդբանդը, ի դժբախտություն Նիկոյանի, այս փետրվարից ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի անդամ է: Կայացել է բնակարանների վիճակահանության երկրորդ փուլը Մինչ Գյումրի «Մուշ-2» թաղամասում շարունակվում են երկրաշարժից անօթևան ընտանիքների համար բնակարանների կառուցման և անցած դեկտեմբերին հանրապետության նախագահի կողմից նկատված շինարարական թերությունների վերացման աշխատանքները, իր աշխատանքն է շարունակում նաև բնակարանաշինման հանրապետական հանձնաժողովը: Ինչպես տեղեկացվել է, այս անգամ ընտրվել է շահառու բնակարանների ընտանիքների համարները այդ ընտանիքների ներկայացուցիչների միջոցով հրապարակային վիճակահանությամբ որոշելու պրակտիկան, որն ընդհանուր հավանության է արժանացել: Օրերս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում կայացել է, ըստ մարզպետարանի տեղեկությունների, թվով 194 անօթևան ընտանիքների բնակարանների վիճակահանության երկրորդ փուլը: Ինչպես և նախորդ անգամ, վիճակահանությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը, Շիրակի փոխմարզպետը, Գյումրու քաղաքապետը, այլ պատասխանատուներ: «Ժողովրդի ուզելով» պիտի լինի «Երկրապահը միշտ համախմբված է ժողովրդի, պետության շուրջ: Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության գերագույն հրամանատարն է` ուզեք թե չուզեք»,- երեկ հայտարարել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: «ՉԻ» - Գեներալ Մանվելն, իհարկե, ճիշտ է ասում, բայց խնդիրը հենց այն է, որ «ուզեք թե չուզեքի» «մոմենտը» հստակ ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Այնտեղ գրված է, որ ՀՀ նախագահը պիտի ընտրվի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով, այսինքն` «ուզեք թե չուզեքի» հարց չկա: Եթե ուզում ենք, ուրեմն նա է գերագույն-գլխավոր հրամանատարը, եթե չենք ուզում, ուրեմն նա չէ: Միայն տարերային աղետներն են վրա հասնում «ուզենք թե չուզենք» սկզբունքով, իսկ գերագույն-գլխավոր հրամանատարը չի կարող առանց ժողովրդի ուզելով լինել: Այդպես երկար շարունակվել չի կարող Հնարավո՞ր է, որ ապագայում Ջավախքը արժանանա Նախիջևանի ճակատագրին: ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով` «վրացական իշխանությունների վարած քաղաքականությունը երկու ելքի է տանելու, առաջինը` հանգչող Նախիջևանը, երկրորդը` պոռթկացող Ղարաբաղը: Այդպես երկար շարունակվել չի կարող, վրաց իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն` լուծելու ծառացած խնդիրները: Հայաստանի իշխանությունները ևս պետք է ամեն ինչ անեն, որ հայ-վրացական հարաբերությունների օրակարգային խնդիրներից մեկը լինի ջավախքահայության իրավունքների պաշտպանությունը»: Շվեդիան կճանաչի Շվեդիայի խորհրդարանը պատրաստվում է քվեարկել Օսմանյան կայսրության մայրամուտին հայերի, ասորիների և խալդերի ցեղասպանությունը ճանաչող բանձևի նախագիծ: Քանի որ սեպտեմբերին Շվեդիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, ներկայիս գումարման խորհրդարանը պետք է մինչ այդ հստակեցնի շրջանառության մեջ դրված օրինագծերի ճակատագիրը: Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևին խորհրդարանը անդրադառնալու է երկու շաբաթվա ընթացքում: Կեղծիքների փորձեր նաև էմիի՞ օգտին «Եվրատեսիլ» մրցույթում չհայտնված Էմմի-Միհրան զույգի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է, որ ընտրության արդյունքները կեղծվել են համակարգիչները կախելու միջոցով: Մինչդեռ, ըստ որոշ արդյունքների` կեղծիքների փորձեր արվել են նաև Էմիի օգտին: Համենայնդեպս, քվեարկությունից առաջ «ԱրմենՏելի» բազմաթիվ աշխատակիցների տրվել է Էմիի օգտին անվճար sms-ներ ուղարկելու հնարավորություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter