
Եկել էին 91-ը. Սամվել Ալեքսանյանը «գործնական» առաջարկ արեց
Քիչ առաջ մեկնարկեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման 10-րդ նստաշրջանի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված է 147 հարց: ԱԺ սեպտեմբերի 13-15-ի նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 92 հարց, միջազգային 21 պայմանագիր:
Աշնանային նստաշրջանի առաջին օրը ԱԺ էին եկել 91պատգամավոր: Նրանց թվում էին նույնիսկ այն պատգամավորները, ովքեր ԱԺ սովորաբար չեն գալիս` ներառյալ Սամվել Ալեքսանյանը:
Պատգամավորը նույնիսկ ջենտլմենաբար ուղեկցեց պատգամավոր Անահիտ Բախշյանին նիստերի դահլիճ: Ակնհայտ էր, որ Սամվել Ալեքսանյանի տրամադրությունը բարձր էր: Նա նույնիսկ կատակում էր իրեն լուսանկարող լրագրողների հետ: «Լա՞վ եմ դուրս գալիս: Դե նկարածներիցդ մի քանի հատ ուղարկի մեր տուն»,-ասում էր պատգամավորը:
Տեսնելով խորհրդարանում մի քանի տասնյակ լրագրողների` Սամվել Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե Հայաստանում ընդհանրապես քանի լրագրող կա: «Երեւի մի 5000 լրագրող կլինի չէ՞: Ով տեղից հելնում ա թերթ ու կայք ա բացում: Արի մի հատ էլ ես ու դու բացենք»,-«Հետքի» լրագրողին «գործնական» առաջարկ արեց գործարար պատգամավորը:
«Ձեր ունեցվածը քի՞չ է, որ թերթ եք ուզում բացել»,- հետաքրքրվեցինք պատգամավորից:
«Այ մարդ, ես ինչ ունեմ որ, ոչ մի բան էլ չունեմ»,-պատասխանեց Սամվել Ալեքսանյանը:
Սամվել Ալեքսանյանը, սակայն, մասնակցեց միայն քառօրյայի հաստատմանը, ինչից հետո անմիջապես լքեց խորհրդարանի տարածքը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել