HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

2015-ին Հայաստանի անտառածածկ տարածքները պետք է գերազանցեն 11 %-ը

ՄԱԿ-ը «Հանուն մարդկային կայուն զարգացման ասցիացիայի» նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանին պատվիրել էր ուսումնասիրել, թե որքան անտառածածկ տարածքներ է ունեցել Հայաստանը 1990 թ., 2000 թ.-ին և որքանով են դրանք ավելանալու 2015 թ.-ին: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ բնապահպանն ասաց, որ զեկույցը պատրաստելիս աշխատել էր հկ-ների, կառավարության հետ և այլն: Հենվելով, իր խոսքերով, լավագույն մասնագետների աշխատանքների վրա` Կարինե Դանիելյանը եզրակացրել էր, որ արդեն 2000 թ.-ին բավականին կորուստներ կան, և Հայաստանի տարածքի 8 %-ն է անտառածածկ: Իշխանությունները չէին համաձայնել այս ցուցանիշին, բանավեճ էր եղել: Ի վերջո, նշվել էր, որ Հայաստանի տարածքի 10,2 % է անտառածածկ, իսկ 2015 թ-ին այդ ցուցանիշը կգերազանցի 11 %-ը: Այժմ հրապարակվել են ՆԱՍԱ-ի տվյալները` բոլոր երկրների անտառածածկ տարածքների վերաբերյալ: Շատ երկրներում կան տարբերությունների` ՆԱՍԱ-ի և այդ երկրների կողմից ներկայացված տվյալների միջև, բայց այդ տարբերությունները փոքր են: Մինչդեռ Հայաստանի դեպքում տարբերությունը շատ մեծ է: Ըստ ՆԱՍԱ-ի` 2001 թ. Հայաստանի տարածքի 8,1 %-ն է անտառածածկ եղել` ներկայացված 10,2 %-ի փոխարեն: «Հիմա ընկել ենք ծուղակը փաստորեն. եթե մենք ասում ենք, որ 2000 թ.-ին 10,2 % ենք ունեցել, դե հիմա գնա, հասիր 11 %-ի: Տիեզերքից էլ ամեն ինչ երևում է: Եվ այս պարագայում իհարկե հանքարդյունաբերությունը զարգացնել անտառածածկ տարածքում, բաց եղանակով, այն էլ արդեն այսքան աղտատված երկրում, ուղղակի անթույլատրելի է: Այս առումով Թեղուտը մեզ համար շատ կարևոր ելակետ է: Մենք բավականին հարցեր կարողացանք լուծել. Սոտքի հարցը, Ջրվեժի անտառ-պուրակի հարցը լուծեցինք, Թեղուտը մեզ դեռևս չի հաջողվում: Շատ ցավում եմ դրա համար»,- ասաց Կարինե Դանիելյանը: Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե բնապահպանական ո՞ր կոնվենցիան է խախտում Հայաստանը` Կարինե Դանիելյանն ասաց, որ օրինակ` Կենսաբազմազանության մասին կոնվենցիան պահանջում է, որ տվյալ երկրի պահպանվող տարածքները ընդլայնվեն: «Մենք ընդլայնում ենք: Բայց այստեղ խնդիր կա, թե մեր պահպանվող տարածքներում որքան է ռեժիմը պահպանվում, և այս պարագայում մի կողմից մենք ընդլայնում ենք պահպանվող տարածքները, մյուս կողմից հիմա պատրաստվել է նոր Կարմիր գիրքը, որտեղ անաչառ կերպով ցույց է տրված, որ վտանգված տեսակները շատացել են»,- ասաց Կարինե Դանիելյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում, հատկապես Երևանում իրականացված քաղաքաշինությունը ուղղակի հակասում է Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիային և Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիային: «Ստորագրել ենք նաև Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան, որը վերաբերում է ոչ միայն բնական լանդշաֆտներին, այլև արհեստական լանդշաֆտների` քաղաքներին: Բայց ակնհայտորեն խախտում ենք այդ կոնվենցիաները»,- ասաց Կարինե Դանիելյանը: Անդրադառնալով թափոնների խնդրին` բնապահպանը նշեց, որ Հայաստանն ուզում է զարգացնել տուրիզմը և մաքուր գյուղատնտեսությունը, սակայն գետերը լցված են թափոններով, երկիրը ծածկված է թափոններով ու պոչամբարներով` «խոցերով»: Այս պայմաններում տուրիզմը չի զարգացնա, և միայն սփյուռքահայերը կայցելեն Հայաստան` հայրենիքը տեսնելու: Կարինե Դանիելյանի խոսքերով` գնահատելով իրենց այցը Հայաստան` զբոսաշրջիկները հիմնականում նշում են, որ շատ գոհ են մշակութային հուշարձաններից, գեղեցիկ լանդշաֆտներից, ժողովրդի հյուրասիրությունից, բայց հավելում. «Մաքրեք ձեր երկիրը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter