HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո՞վ է պատասխան տալու օրենքի տարընթերցման եւ ինտերնետ ակումբների ապօրինի տուգանքների համար»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Նամակում արծարծված խնդիրը վերաբերում է 2009թ. ընթացքում այդ գերատեսչության հարկային տեսուչների կողմից մի շարք ինետերնետ ակումբների նկատմամբ կիրառված հսկայական տուգանքներին, որոնց սահմանման համար հիմք էր ծառայել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացված գրության այն նախադասությունը, թե «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող» կարող է հանդիսանալ ինչպես օրենքով սահմանված պարզ ընթացակարգով լիցենզավորված անձը (այդ թվում` ինտերնետ ակումբը), այնպես էլ օրենքով սահմանված բարդ ընթացակարգով լիցենզավորված անձը»: «Կարող է» արտահայտությունը կատարյալ պատուհաս դարձավ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանումների հարկային տեսուչների կողմից տակավին անհայտ մեթոդաբանությամբ ընտրված այն ինտերնետ ակումբների համար, որոնք, բացի այլ ծառայություններին զուգակցված ինտերնետ հասանելիության ապահովման, պրովայդերական գործունեություն չեն ծավալում: Արդյունքում մի շարք այդպիսի ինտերնետ ակումբներ հարյուր հազարավոր, եւ անգամ միլիոնավոր դրամների հասնող տուգանքների ենթարկվեցին` «լիցենզիա չունենալու» պատճառաբանությամբ, այն դեպքում, երբ ինտերնետ ակումբից լիցենցիա կարող է պահանջվել, եթե նա իրականացնում է նաեւ պրովայդերական գործունեություն: 2009թ. ընթացքում Ստեփան Սաֆարյանը նշված խնդրի կապակցությամբ Ազգային ժողովում հանդես էր եկել հայտարարությամբ, ապա հարց էր բարձրացրել Ազ•ային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Ժառանգության» մամլո ծառայության փոխանցմամբ` Սաֆարյանը զավեշտ էր համարել հարկային տեսուչների կողմից օրենքի այդկերպ մեկնաբանությունը, որին հետեւելու դեպքում կստացվի, որ «հանրապետության մի շարք ինտերնետ սրճարանները («Ջազվե», «Յամ-Յամ»), օդանավակայանը (իր Wi-Fi կապի տեսակով), կամ անհատ օգտվողը, որի հարեւանը նույնպես ժամանակ առ ժամանակ օգտվում է նրա ինտերնետ կապից, պետք է լիցենզիա հանեն»: Այս աբսուրդին վերջ տալու համար` պատգամավորի խնդրանքով համապատասխան պետական մարմինները հարցի քննարկում էին նշանակել: Դրանց արդյունքում, թեպետ, օրենքի տարընթերցումներն այլեւս վերացված են, սակայն նախկինում տուգանված եւ պրովայդերական գործունեություն չծավալող ինտերնետ ակումբները չեն կարողանում դատարաններում վերականգնել իրենց խախտված իրավունքները եւ չեղյալ ճանաչել անհիմն կիրառված տուգանքները: Այս խնդրով Գագիկ Խաչատրյանին ուղղված Ս. Սաֆարյանի նամակում ասվում է. «Նախկինում «Ժառան•ություն» խմբակցությունը դիմել էր Պետական եկամուտների կոմիտե` Ձեր կազմակերպության կողմից «Նետռեյ» ՍՊԸ-ին «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման» համար, ավելի ստույգ` Ձեր գերատեսչության մեկնաբանությամբ` «պրովայդերական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ լիցենզիա չունենալու պատճառով կիրառված տուգանքի» հիմնավորվածությունը պարզաբանելու նպատակով: Անգամ ինքս մասնակցեցի գանգատարկման հանձնաժողովի նիստին, որտեղ լսվում էր «Նետռեյ» ՍՊԸ-ի բողոքը: Այդ նիստից հետո «Ժառանգության» խնդրանքով հարցի քննարկում նշանակվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարար Ն.Երիցյանի մասնակցությամբ, ինչպես նաեւ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Ի շարունակություն  այդ գործի` «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից վերջերս գրություն է ստացել, որով տեղեկացվում է, որ 2009 թվականի նոյեմբերի 25-ին հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N43-Ն որոշման մեջ կատարվել է լրացում, որով ամրագրվել է, որ «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» գործունեության տեսակի իրականացման լիցենզիա չի տրամադրվում հասարակական վայրերում (ինտերնետային ակումբներ, սրճարաններ, կրպակներ եւ այլն) ինտերնետին միացված համակարգիչներից, ներառյալ համակարգչի օժանդակ սարքավորումներից օգտվելու ծառայություն մատուցելու համար: Վերը նշված որոշումն ուժի մեջ է մտել 2010 թվականի հունվարի 1-ից: Ըստ էության, հանձնաժողովն իր լրացմամբ հստակություն է մտցրել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հոդվածներ 2-ի եւ 43-ի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ բաժնի 5-րդ կետում «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցողներին» տրված մեկնաբանությամբ: Հիշեցնեմ` այդ հոդվածի տարընթերցման պատճառով հիշատակված ընկերությունները, այդ թվում` «Նետռեյ» ՍՊԸ-ն, դասվել էին պրովայդերական գործունեություն ծավալողների շարքին եւ Ձեր գերատեսչության տեսուչների կողմից ենթարկվել ահռելի տուգանքի` լիցենզիա չունենալու պատճառաբանությամբ: Այդ կազմակերպություններին տուգանելու համար հիմք էր հանդիսացել նույն հանձնաժողովի կողմից Ձեր գերատեսչությանը տրված 06.08.2008թ. թիվ ՆԳ-1624 գրության այն հատվածը, որտեղ մասնավորապես նշվել էր, թե «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող» կարող է հանդիսանալ ինչպես օրենքով սահմանված պարզ ընթացակար•ով լիցենզավորված անձը (այդ թվում` ինտերնետ ակումբը), այնպես էլ օրենքով սահմանված բարդ ընթացակարգով լիցենզավորված անձը»: Հիշեցնում ենք, որ Ձեր տեսուչները «Նետռեյ»-ին եւ այլ կազմակերպությունների տուգանել էին վերոնշյալ տողերի «կարող է հանդիսանալ» ձեւակերպումն իբրեւ «լիցենզիայի պարտադիր լինել» կամայական մեկնաբանությամբ: Այդպիսի կամայական մեկնաբանության արդյունքում մինչ օրս «Նետռեյ»-ը շարունակում է դատական քաշքշուկներում իր խախտված իրավունքները պաշտպանել, իսկ որեւէ պաշտոնյա պատասխան չի տալիս «կարող է»-ները «պետք է»-ների վերածելու համար»: Պատգամավորը խնդրել է տրամադրել հասարակական  վայրերում (ինտերնետային ակումբներ, սրճարաններ, կրպակներ եւ այլն) ինտերնետ հասանելիություն ապահովող այն կազմակերպությունների ցանկը, որոնք մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը լիցենզիա չունենալու պատճառաբանությամբ տուգանվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչների կողմից: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաեւ պահանջել է հարցը վերստին քննարկել նոր երեւան եկած հանգամանքների պայմաններում: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` «պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են 10-օրյա ժամկետում քննարկել պատ•ամավորի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան», իսկ «•» կետի համաձայն` «ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter