HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Փարիզը ինչո՞ւ եք վերածում Նյու Յորքի»

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասցիացիայի» նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի գնահատմամբ` Հայաստանի բնապահպանական առաջին խնդիրը ընդերքօգտագործումն է: «Այն հիմա ուղղակի չարիքի է վերածվել մեզ մոտ, և ակնհայտորեն պետք է փոխվի այն նիշան, որը մենք հիմա զբաղեցնում ենք»,- ասաց բնապահպանը: Նա հավելեց, որ խորհրդային տարիներին ևս Հայաստանում ընդերքօգտագործում կար, ինչպես նաև վտանգավոր ու վնասակար արդյունաբերություն, բայց այն ժամանակ Հայաստանը նաև գիտության ու կրթության կենտրոն էր: «Հիմա մենք արդյունաբերությունը կորցրել ենք, գիտությունը կորցնում ենք, կրթությունը տատանվում է, մնացել է ընդերքը»- ասաց Կարինե Դանիելյանը: Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը` բնապահպանը նշեց, որ տուրիզմի տարբեր տեսակներ կան` ճանաչողական, մշակութային, էկոլոգիական, նաև զվարճանքի տուրիզմ: «Զվարճանքն էլ տարբեր է լինում: Եվ մենք տեսնում ենք` ինչ է զարգանում` խաղատների մեծ քանակություն, դպրոցների դիմաց գիշերային ակումբներ, ստրիպտիզ բարեր և այլն (Տերյան փողոցը` ձեզ օրինակ, և շատ այդպիսի օրինակներ կան): Ես վախենում եմ, որ մենք սկսում ենք զբաղեցնել այն ամենաանպատվաբեր, ամենացածր մակարդակի վայելքների նիշան, և դա, կարծում եմ, որ վայել չէ մեր ժողովրդին»,- ասաց Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ այժմ էկոլոգիան շատ լայն հասկացություն է, և էկոլոգիային վերաբերող ուսումնասիրություններն անդրադառնում են ոչ միայն տվյալ վայրի շրջակա միջավայրի աղտոտվածությանը, այլև մշակութային, պատմական հուշարձանների պահպանությունը: Այս առումով Երևանում մենք կորցնում ենք նաև այդ հոգևոր միջավայրը: «Վերջերս հեռուստատեսությամբ խոսում էր մի գերմանացի, որը ուսումնասիրում է Հայաստանի միջնադարը, և հատկապես ստեղծած հոգևոր արժեքները: Եվ այդ մարդը այնքան ճիշտ բան ասաց, նա ասաց. «Ախր, ինչո՞ւ եք Երևանի հոգին ոչնչացնում»: Իրոք, այդպես է: Եվ ես չգիտեմ` մենք ինչպես պետք է պահպանենք այն մասունքները, որ մնացել են, որպեսզի իրոք ճանաչենք մեր քաղաքը»,- ասաց բնապահպանը: Երևանում CNN-ը հարցազրույց է խնդրել Կարինե Դանիելյանից: Հաղթանակի զբոսայգում, որտեղից Երևանը երևում է, CNN-ի թղթակիցը բնապահպանին հարցրել է. «Փարիզը ինչո՞ւ եք վերածում Նյու Յորքի»: «Ես դրա պատասխանը չունեի: Եվ ես հետո սկսեցի տեսնել, որ իրոք քաղաքի գաղափարախոսությունը Փարիզին էր շատ նման, իսկ դա մշակութային արժեքներով, պատմությամբ հագեցած քաղաքի գաղափարախոսությունն էր: Հիմա գաղափարախոսությունը լրիվ ուրիշ է` միայն ֆինանսական խնդիրները լուծելու, որևէ էկոլոգիական նորմերի չհամապատասխանող և սեյսմիկ վտանգներով քաղաք կառուցելու»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter