ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Հայլուր» լրատվական ծրագրի հարցին
Հարց- Ադրբեջանի ԱԳ նախարար Մամադյարովը երեկ Բաքվում ասել է, որ ինքը ԼՂ ապագա կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում եւ գլխավոր հարցը դա «գրավյալ տարածքների» խնդրի լուծումն է եւ իրենց տներ փախստականների վերադարձը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
Պատասխան- Կարեւորն այն չէ, թե ով եւ ինչպես է տեսնում, այլ` թե ով է որոշում: Իսկ այս հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այդ մասին հստակ ասված է նաեւ Մադրիդյան փաստաթղթի որոշ մանրամասներում, որոնք հրապարակվեցին լ’Ակվիլայում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո: Եթե Ադրբեջանը դեմ է արտահայտվում այս հիմնարար մոտեցմանը, ապա փաստորեն խոչընդոտում է կարգավորման գործընթացը: Խոչընդոտում է կարգավորումը նաեւ դեմ արտահայտվելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, որովհետեւ առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության անհնար է առաջ մղել կարգավորումը:
Ինչ վերաբերում է հակամարտության հետեւանքների վերացմանը, ապա հարկավոր է նկատի ունենալ, որ պիտի լուծվեն նաեւ Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի շրջանների Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների եւ այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը:
Եվ իհարկե, հակամարտության հետեւանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառների հետ զուգահեռ:
Այս բոլոր հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով, փոխհամաձայնության հիման վրա եւ խաղաղ ճանապարհով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել