HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնում դաշտերը քիչ են պարարտացնում

Նախորդ տարիներին, երբ կառավարության կողմից սուբսիդավորվում էր ազոտական պարարտանյութի գինը, եւ գյուղացին մեկ պարկի համար վճարում էր 3600 դրամ, Արագածոտնի մարզ ներկրվում էր մոտ 2300 տոննա պարարտանյութ: Անցյալ տարի կառավարությունն այլեւս չսուբսիդավորվեց պարարտանյութի համար, ինչի հետևանքով մարզ է ներկրվել մոտ 5 անգամ պակաս պարարտանյութ` 440 տոննա, արդեն 5900 դրամ արժեքով: Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը «Հետքին» փոխանցեց, որ խնդիր կա առաջիկայում համայնքներին տրամադրել, ինչպես ֆոսֆորական, այնպես էլ կալյումական պարարտանյութերի խմբաքանակ: Այժմ ազոտական պարարտանյութի մեկ պարկի գինը 6200 դրամ է: Արմավիրի մարզում ստացվել է կոնցետրացված պարարտանյութ, որի մեջ ազոտը 36 տոկոս է, ֆոսֆորը` 14, իսկ կալիումը` 12 տոկոս: Պարարտանյութի մեկ պարկի գինն արժե 7500 դրամ: «Մշակաբույսերի պարարտացումն ընթանում է միակողմանի սնուցումով` միայն ազոտական պարարտանյութով: Հաշվի առնելով ներկայացված վիճակագրությունը` հնարավորության սահմաններում խնդրում ենք կառավարությունում քննարկել պարարտանյութի սուբսիդավորման հարցը»,- նշեց Յու. Ազատյանը: Վարչության պետի ասելով` գյուղատնտեսական մշակաբույսերից ստացված բերքն ավելի բարձր կլիներ, եթե հացահատիկի համար նախատեսված դաշտերում կիրառվեր պարարտացում ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերով, իսկ մշակովի ցանքատարածությունները պարբերաբար չտուժեին հաճախակի կրկնվող կարկտահարություններից: 2009 թվականին բնական աղետներից տուժել է մարզի 38 համայնք` 2489 հա ընդհանուր տարածքով: Վնասը կազմել է 1.16 միլիարդ դրամ: Մարզի Աշտարակի տարածաշրջանի 10 համայնքներում տեղադրվել են 15 հակակարկտային կայաններ: Յուրաքանչյուր համակարգ ապահովում է 100 հա տարածքի անվտանգությունը: Առաջիկա 4 տարիների ընթացքում Արագածոտնի մարզում կտեղադրվեն եւս 47 հակակարկտային կայաններ, որոնցից 34-ը գազագեներատորային, իսկ 13-ը` ռեագենտային: Այս տարվա ընթացքում կտեղադրվի 10-ը գազագեներատորային հակակարկտային կայաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter