
Տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ հարկային փաթեթի նախագծի շուրջ «Հայելի» ակումբում այսօր բանավիճում էին ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ու ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ա. Մինասյանը նշեց, որ տեղական հարկերի ներմուծման մասին այս փաթեթը ոչ միայն Դաշնակցության, այլև ԱԺ բոլոր խմբակցության պատգամավորներից ոմանց ելույթներում քննադատության է արժանացել: ՀՅԴ ներկայացուցչի խոսքով` այն 4 ուղղություններով անհրաժեշտ հիմնավորում չունի` տնտեսական, սոցիալական, իրավական և քաղաքական:
«Տնտեսական առումով չկա կոնկրետ վերլուծություն, որը կապահովի տեղական հարկերի այս տեսակների ներմուծման տնտեսական ազդեցությունը և նպատակահարմարությունը: Սոցիալական առումով առանց այդ էլ ճգնաժամը սպառնում է մարդկանց եկամուտների կտրուկ անկմանը, և սա լրացուցիչ բեռ է դառնալու: Իրավական առումով այս նախագիծը չի համապատասխանում ոչ միայն Սահամանդրությանը, այլև իրավական ակտերի մասին օրենքի պահանջներին: Քաղաքական առումով` քանի դեռ չկա սահմանում և կոնկրետ մեխանիզմ, մեզ չեն կարող մեղադրել այն բանում, որ մենք գտնում ենք, որ այս հարկատեսակի կիրառումը կդիտարկվի որպես քաղաքկան գործիք, հատկապես` այն անբարեխիղճ համայքների ղեկավարների համար, ովքեր աչքի են ընկել արջի ծառայություն մատուցելու իրենց ունակություններով»,- ասաց նա:
Ա. Մինասյանի հավաստմամբ` իրենք դեմ չեն համայնքների ֆինանսական կարողությունների հզորացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը. «Բայց մենք դեմ ենք, երբ չմշակված, չվերլուծված առաջարկներ են արվում, և փորձում են դրանք ներկայացնել այնպես, կարծես թե երկրի փրկությունը այս հարկային փաթեթի մեջ է»,- ասաց նա:
Ի պատասխան` Վ. Այվազյանը նշեց, որ Ա. Մինասյանն օրենքը մի քիչ այլ կերպ ներկայացրեց ու մենակաբանեց:
«Մենք ամրագրել ենք մի քանի տեսակի հարկատեսակներ, մասնավորապես` երկու հարկատեսակ: Ու այս օրենսդրական նախաձեռնությունը, որ այսպես աղմուկ բարձրացրեց, զուտ ֆորմալ առումով լուծում է մի շարք խնդիրներ: Ամրագրում են երկու կարևոր հարկատեսակ` հողի հարկը և գույքահարկը, որոնք համայնքային բյուջեի պարտադիր լիազորությունների կատարման ֆինանսակաան աղբյուրներն են»,- ասաց նա:
Ա. Մինասյանի կարծիքով` այս փաթեթով տեղական ինքնակառավարման մարմիններին տրվում է հարկային մարմինների վարչարարական իրավասություն:
«Պետք չէ համայնքի ղեկավարին տալ այնքան լիազորություններ, որ ճկռի դրա տակ ու վերջում տակից դուրս գալու համար սկսի արջի ծառայության քաղաքակնություն վարել, որ հանկարծ չպատժեն իրեն»,- ասաց նա:
Վ. Այվազյանն էլ նշեց, որ այժմ քննադատվում է մի բան, որ որը չկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել