HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաև վերահսկող մարմիններն են խիստ պատասխանատվություն կրելու որակի համար»

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աղետի գոտում պետբյուջեից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրերի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանձնարարականների կատարման ընթացքի շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքաշինության նախարարը, Լոռու եւ Շիրակի մարզպետները, Գյումրու քաղաքապետը, կառուցապատող «Գլենդեյլ  Հիլզ» ընկերության տնօրենը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, պաշտոնատար այլ անձիք: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Կարեն Կարապետյանն ասել է, որ աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը նախագահի ուշադրության կենտրոնում են, եւ կանոնավոր խորհրդակցությունների ու քննարկումների միջոցով արվելու է ամեն ինչ` այդ ծրագրերը առավելագույնս արդյունավետ, ժամկետներում եւ որակով իրականացնելու համար: Աշխատակազմի ղեկավարի խոսքով` պետությունն իր սուղ միջոցներից մեծ գումարներ է ներդրել երկար տարիներ անօթեւան մնացած մարդկանց բնակարաններով ապահովելու գործում, ուստի, կատարված աշխատանքը որակի առումով պետք է արդարացնի այդ մարդկանց եւ պետության սպասումները: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են Գյումրիում եւ Սպիտակում նորակառույց բնակարանների գազիֆիկացման, արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքների, Գյումրի 2 թաղամասի գլխավոր հատակագծի, գյուղական բնակավայրերում կառուցապատման ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները: Կարեն Կարապետյանն ասել է, որ թեեւ մինչ այժմ արձանագրված թերությունները վերացվում են, սակայն, պետք է առաջիկայում դրանց  կրկնությունից խուսափելու գործուն մեխանիզմներ կիրառել: Մասնավորապես, խոսվել է շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող մարմինների մասնագիտական պատրաստվածության, դրանց աշխատանքի համակարգման մասին եւ նշվել, որ ոչ միայն կառուցապատողը, այլեւ վերահսկող մարմինները խիստ պատասխանատվություն են կրելու որակի համար: Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ շինարարական աշխատանքներում տեղի աշխատուժը ներգրավելու, բնակարանների բաշխումը արդարացի եւ թափանցիկ կազմակերպելու անհրաժեշտությանը: Նա ասել է, որ նախագահի աշխատակազմը հետեւողական է լինելու քննարկված հարցերում: Խորհրդակցությանն արծարծված խնդիրների վերաբերյալ տրվել են հանձնարարականներ, առանձին հարցերի շուրջ նշանակվել են լրացուցիչ քննարկումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter