HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ռազմավարական նշանակության ընկերությունները կմասնավորեցվե՞ն

Փետրվարի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստում անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը կառավարության լիազոր ներկայացուցիչ, տնտեսական զարգացման փոխնախարար Սուրեն Թամրազյանից հարցրեց ռազմավարական նշանակություն ունեցող «Արցախէներգո», «ԱրցախՀԷԿ» եւ «Արցախգազ» ընկերություններին մասնավորեցման ծրագրում ընդգրկելու նպատակահարմարության մասին:

Ի պատասխան` փոխնախարարը պարզաբանեց, որ այդ ոլորտները լուրջ ներդրումների կարիք ունեն, եւ դրանց զարգացման համար նպատակահարմար են համարել դրանք ընդգրկել մասնավորեցվող ընկերությունների ցուցակում: Պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը, չհամաձայնվելով նման քայլին, կարծիք հայտնեց, որ նորմալ, զարգացած երկրներում արդեն իսկ ազգայնացնում են ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունները, իսկ Արցախը անում է հակառակը` գնալով աշխարհի տրամաբանությանը չհամապատասխանող ուղով:

Գեղամ Բաղդասարյանի «մեր նման երկրի համար որքանո՞վ է դա ճիշտ, եւ ի՞նչ հզոր ներդրողներ կարող են լինել, որ մեր պետությունից հզոր լինեն» հարցն ավելի շուտ հռետորական էր: Պատգամավոր Վահրամ Աթանեսյանն էլ ասաց, թե ժողովրդի համար տարբերություն չկա, թե ինչ իրավական կարգավիճակ ունի այս կամ այն ընկերությունը, քանի որ մատուցած ծառայությունների համար նույն վճարն է տալիս: Նա ընդգծեց, որ այդ ընկերությունների մասնավորեցումը մտավախություն չի առաջացնում: Իսկ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր հերթին նշեց, որ մասնավորեցումը չի նշանակում, որ ընկերությունն ամբողջությամբ կմասնավորեցվի, եւ պետությունը նույնպես կարող է իր մասնաբաժինն ունենալ:

Քննարկումներն այսպիսով ավարտվեցին, եւ առաջին ընթերցմամբ փետրվարի 17-ին ընդունվեց «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագիծը: Հնարավոր է, որ մինչ երկրորդ ընթերցում որոշ առաջարկություններ լինեն պատգամավորների կողմից` հատկապես հաշվի առնելով այն, որ գլխադասային հանձնաժողովի նախագահի հավաստմամբ` հանձնաժողովում քննարկումների ժամանակ տարաձայնություններ կային «ԱրցախՀԷԿ» ընկերության հարցում: Հանձնաժողովի կարծիքով, վերջինս չի կարող ընդգրկվել մասնավորեցման ցուցակում, քանի որ բաց բաժնետիրական ընկերություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter