Ըստ Ա.Բաբայանի` Կ.Բաբակեխյանը «Նուբարաշեն» է այցելում օրենքով սահմանված Ոստիկանության գործառույթներն իրականացնելու
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը փետրվարի 17-ին մամուլի հաղորդագրություն է տարածել` մամուլում հրապարակված որոշ տեղեկությունների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունը:
Լրատվության առանձին միջոցներ, հղում անելով իրենց «աղբյուրներին», հրապարակել են տեղեկատվություն այն մասին, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Կ.Բաբակեխյանը հաճախ այցելում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, և այդ այցի նպատակն իբր կապված է նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ն.Փաշինյանի հետ: Ըստ լրատվության որոշ միջոցների «լավատեղյակ աղբյուրների»` Կ.Բաբակեխյանն իբր պատրաստվում է կալանավորված անձի նկատմամբ ձեռնարկել որոշ գործողություններ:
Տեղեկատվության այսօրինակ խեղաթյուրումը Քրեակատարողական ծառայությունը համարում է Ն.Փաշինյանի ինքնակայացման անհաջող փորձ` քրեակատարողական հիմնարկում, ինչին միացել են նաև որոշ ուժեր, որոնք, օգտագործելով իրենց վերահսկողության ներքո գտնվող լրատվության առանձին միջոցներ, նպատակ են հետապնդում օգնել կալանավորված անձին` ձեռք բերելու երևակայական «հեղինակություն»: Տեղեկացնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում դատապարտված կամ կալանավորված անձինք ունեն օրենսդրությամբ սահմանված հավասար իրավունքներ և պարտականություններ` անկախ որևէ «հեղինակություն» ունենալու հանգամանքից:
Ինչ վերաբերում է Գլխավոր վարչության պետի տեղակալ Կ.Բաբակեխյանի` «Նուբարաշեն» կամ այլ քրեակատարողական հիմնարկներ այցելելուն, ապա դա պայմանավորված է օրենսդրությամբ սահմանված Ոստիկանության գործառույթների իրականացմամբ: Քրեակատարողական ծառայությունը, Ոստիկանությունը և իրավապահ մյուս գերատեսչությունները մշտապես համագործակցել են երկրում հանցագործությունների բացահայտման և կանխման ուղղությամբ: Այդ գործառույթները որևէ կալանավորված կամ դատապարտված անձի կողմից իրեն վերագրելը ոչ այլ ինչ է, քան սեփական անձի գերագնահատում:
Արսեն Բաբայան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել