Համաներում ապօրինի եւ կեղծ ձեռնարկատիրության աղմկահարույց գործով
Սոնա Մաշուրյան
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Պետրոսյանի նախագահությամբ, ապօրինի եւ կեղծ ձեռնարկատիրության գործով դատավճիռ էր կայացրել, որով մեղսագրվող արարքներում մեղավոր էր ճանաչել գործով 7 ամբաստանյալներին՝ բոլորն էլ պետական կառույցների ներկայացուցիչներ: Դատարանը միաժամանակ նրանց նկատմամբ կիրառել էր«Համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի որոշումը եւ ազատել պատիժը կրելուց (տես հոդվածը՝ Կեղծ եւ ապօրինի ձեռնարկատիրություն՝ նաեւ հանգուցյալի մասնակցությամբ):
Ամբաստանյալների՝ «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ի տնօրեն, նույն հիվանդանոցի գլխավոր հաշվապահ եւ գանձապահ, «ՎՏԲ-Հայաստան» բանկի Սեւանի մասնաճյուղի կառավարիչ, գլխավոր հաշվապահ եւ գանձապահ, դատաբժշկական փորձագետ, նկատմամբ նախաքննության ընթացքում նույնպես ընտրված է եղել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց՝ չհեռանալու ստորագրություն:
Դեռեւս դատաքննության փուլում Համաներում հայտարարելու մասին որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա համաներմամբ ազատ էր արձակվել նաեւ կալանքի մեջ գտնվող միակ ամբաստանյալը՝ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության նախկին օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը: Նա Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական գործողությունների մասնակից է եւ նրան մեղսագրվող արարքի համար նախատեսվում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Պետեկամուտների արդեն նախկին օպերլիազորը դատաբժշկական փորձագետի «օգնությամբ» կեղծել էր իր աներոջ մահվան վկայականը՝ 2007թ. սեպտեմբերի 7-ի փոխարեն որպես նրա մահվան օր նշելով 2008թ, հուլիսի 20-ը, նույն այդ օրով կազմվել է նաեւ դիահերձման կեղծ ակտը:
Կեղծիքի շնորհիվ նա հանգուցյալի անունից գումարներ էր ստացել կեղծ եւ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու համար:
Աներոջ՝ Գառնիկ Սարգսյանի եւ «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ի միջեւ 2006թ. հուլիսի 4-ին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա Գ.Սարգսյանի անունից հիվանդանոցին 2006թ. հուլիսից մինչեւ 2008թ. օգոստոսը մատակարարվել է տարբեր տեսակի ապրանքներ, որոնց դիմաց Գ.Սարգսյանին հիվանդանոցի կողմից կատարվել են վճարումներ ինչպես փոխանցումով՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» Սեւանի մասնաճյուղում բացված հաշվին, այնպես էլ կանխիկ:
Մահվան փաստը կեղծելու շնորհիվ Հ.Հովհաննիսյանը ստացել էր նաեւ իր աներոջ 11 ամիսների իբրեւ չստացած կենսաթոշակը՝ խոսքը մահվանից հետո ընկած 11 ամիսների մասին է:
Ըստ դատավճռի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Սևանի տարածքային բաժնին հանցագործությամբ պատճառված 418.876 դրամ գումարը նախաքննության ընթացքում Հովիկ Հովհաննիսյանի կողմից վերականգնվել է ամբողջությամբ:
Միաժամանակ որոշվել է՝ Հովիկ Հովհաննիսյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 279.264.300 դրամ, որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցման գումար, որից 97.931.600 դրամը միայն Հովիկ Հովհաննիսյանից, իսկ 181,332,700 դրամը Հովիկ Հովհաննիսյանից եւ մյուս մեղավոր անձանցից՝ համապարտության կարգով:
Ինչպես մեզ հայտնեցին դատախազությունում, թեեւ մեղադրող Աշոտ Նադոյանը միջնորդել էր ամբաստանյալների նկատմամբ նշանակել ազատազրկման ձեւով պատիժ, մասնավորապես. «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ի տնօրեն Գագիկ Կարապետյանին նշանակել 4, հիվանդանոցի գլխավոր հաշվապահ Ասյա Նադարյանին երեքուկես տարվա ազատազրկում, մյուսներին՝ մեկուկեսից-երկուսուկես տարվա ազատազրկում, այդուհանդերձ մեղադրանքի կողմը որոշել է վերաքննիչ բողոք չներկայացնել, քանի որ հանցագործությամբ պատճառված վնասը մասամբ կամովին վերականգնվել է:
Մնացած մասի վերաբերյալ էլ քաղհայցը դատարանի կողմից բավարարվել է՝ բռնագանձում տարածելով ամբաստանյալների, այդ թվում՝ Հ.Հովհաննիսյանի գույքի վրա, ներկայումս գումարը վերականգնելու մասին դատական ակտը գտնվում է հարկադիր կատարման փուլում:
Ըստ դատավճռի, դատարանը մասնակիորեն բավարարել է քաղաքացիական հայցվորի ներկայացուցչի եւ մեղադրողի քաղաքացիական հայցը՝ մեղավոր անձանցից հօգուտ Հայաստանի պետական բյուջեի, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում՝ 181.332.700 դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին միջնորդությունը՝ 171.332.700 դրամի չափով՝ ամբաստանյալ Գագիկ Կարապետյանը կամովին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարել է 10.000.000 դրամ, որպես պետությանը պատճառված վնասի հատուցման գումար:
Դատարանը գտել է, որ 103.332.900 դրամ գումարը համապարտության կարգով պետք է բռնագանձվի Հովիկ Հովհաննիսյանից Գագիկ Կարապտյանից, Ասյա Նադարյանից, Հայկուհի Հակոբյանից, Արսեն Առաքելյանից, Նարինե Նավասարդյանից եւ Սահականուշ Ասատրյանից, իսկ 67.999.800 դրամը՝ Հովիկ Հովհաննիսյանից, Արսեն Առաքելյանից, Նարինե Նավասարդյանից եւ Սահականուշ Ասատրյանից, որպես իրականացված ապօրինի ձեռնարկատիրության հետեւանքով պետությանը պատճառված վնասի հատուցման գումարներ:
Դատավճռով Գագիկ Կարապետյանը եւ Ասյա Նադոյանը մեղավոր են ճանաչվել Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ, 214-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ Կեղծ ձեռնարկատիրություն եւ Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Հայկուհի Հակոբյանը, Արսեն Առաքելյանը եւ Նարինե Նավասարդյանը մեղավոր են ճանաչվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել համապատասխանաբար մեկուկես, երկուսուկես եւ երկու տարվա ազատարկման:
Նույն հոդվածով մեղավոր է ճանաչվել եւ նույնպես 2 տարվա ազատազրկման դատապարտվել Սահականուշ Ասատրյանը, իսկ Աղվան Կարապետյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը եւ դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման:
Բոլոր ամբաստանյալների նկատմամբ դատարանը վճռել է կիրառել «Համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը եւ ազատել պատժի կրումից:
Դատավճռով Հովիկ Հովհաննիսյանից, Գագիկ Կարապետյանից, Ասյա Նադարյանից, Հայկուհի Հակոբյանից, Արսեն Առաքելյանից, Նարինե Նավասարդյանից եւ Սահականուշ Ասատրյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 103.332.900 դրամ, որպես իրականացված ապօրինի ձեռնարկատիրության հետեւանքով պետությանը պատճառված վնասի հատուցման գումար:
Հովիկ Հովհաննիսյանից, Արսեն Առաքելյանից, Նարինե Նավասարդյանից եւ Սահականուշ Ասատրյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 67.999.800 դրամ, որպես իրականացված ապօրինի ձեռնարկատիրության հետեւանքով պետությանը պատճառված վնասի հատուցման գումար:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետական բյուջե կփոխանցվի նաեւ ագիկ Կարապետյանի կողմից եղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարած 10.000.000 դրամը, որպես պետությանը պատճառված վնասի հատուցման գումար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել