Վնասվել են Խնձորեսկի մանկապարտեզի, ակումբի և գյուղապետարանի տանիքները
Փետրվարի 15-16-ը Գորիսի տարածաշրջանում գրանցված ուժեղ քամու հետևանքով վնասվել են Խնձորեսկ գյուղի մանկապարտեզի, ակումբի և գյուղապետարանի տանիքները` 300 քմ ընդհանուր մակերեսով, Ներքին Խնձորեսկում շրջվել են փայտյա 2 տնակ, ծառեր և էլեկտրասյուներ: Սրա հետևանքով գյուղը հոսանքազրկվել է:
Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով: Նույն օրը` ժամը 18.00-ի դրությամբ, հոսանքամատակարարումը վերականգնվել է:
Ինչպես նշում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, անցած օրերին գրանցվել է նաև ճանապարհատրանսպորտային միջադեպ: Փետրվարի 17-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում` «ԵրԱԶ» մակնիշի 99 ՏԼ 900 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդ, 1983 թ. ծնված Մարտին Ղարիբյանը և ուղևոր, 1982 թ. ծնված Ալինա Հովհաննիսյանը (Արտաշատ քաղաքի Նալբանդյան փողոցի 26 տան բնակիչներ) ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արարատի հիվանդանոց: Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել